Ալվար գյուղի բնակչությունը 1831-1931 թվերին և խորհրդային տարիներին. Ամասիայի շրջան

2977
Ալվար գյուղը, որը նախկինում ունեցել է Դյուզքենդ անունը և Ալվար է վերանվանվել 1991-ի մարտի 3-ին, մտնում է Արփի համայնքի կազմ՝ շրջակա 13 այլ բնակավայրերի հետ: Գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Ամասիայից 10 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից՝ 44 կմ հեռավորության վրա:
Ալվարը գտնվում է Եղնախաղի հարավ-արևելյան ստորոտում, մեղմաթեք սարավանդի վրա` ծովի մակարդակից գրեթե 2000 մ բարձրության վրա:

 

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Դյուզքենդը կամ Դուզքենդը ունեցել է 348 բնակիչ, որոնք բոլորը դրված են “այլ” դասակարգման տակ: Մյուս երկու դասակարգումներն են “հայ” և “թաթար”: Ինչպես Դուզքենդ, այնպես էլ շրջակա մի շարք գյուղերում բնակվում էին սուննի կարափափախներ, որոնք անվանվում էին նաև օսմանյան թուրքեր:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Դուզքենդը ուներ 520 իսլամ բնակիչ:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ Դուզքենդ գյուղն ունեցել է համապատասխանաբար 636 և 722 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին Դուզքենդը ունեցել է 359 բնակիչ, բոլորը՝ թրքո-թաթար: 1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Դուզքենդը ուներ 406 բնակիչ, որից 402-ը՝ կարափափախ, 4-ը՝ հայ:

Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Դուզքենդը ուներ 468 բնակիչ, բոլորը՝ թուրքական խումբ:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Դուզքենդ գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, օսմանյան թուրք, թուրքական խումբ:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը: 1959-ին Դուզքենդն ուներ 366 բնակիչ, 1970-ին՝ 528, 1979-ին՝ 630, 1989-ին՝ 154:

Խորհրդային Հայասանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Դուզքենդ գյուղի բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝