Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը. միջազգային խորհրդաժողով Երևանում

1731

Փետրվարի 17-ին Երևանում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանում, տեղի ունեցավ մեկօրյա միջազգային խորհրդաժողով, որը կրում էր «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում» խորագիրը:

Խորհրդաժողովը կազմակերպել էին «Երկիր» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Բացման խոսք ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Խորհրդաժողովին ներկա էին Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, փորձագետներ, քաղաքագետներ:

Առաջին հատվածում զեկույցներ ներկայացրեցին Փարիզի Սիանս-Պո համալսարանի դասախոս Թալին Փափազյանը («Փոփոխություններ Սփյուռք-Հայաստան-Թուրքիա հարաբերություններում 2000 թվականից ի վեր»), իրավաբան, Փարիզ 2 համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Գալֆայանը («Հայերի ցեղասպանության փոխհատուցման պահանջ՝ հավաքական ռազմավարությո՞ւն»), Ստամբուլի Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Ժան-Ֆրանսուա Պերուզը («Ներկա քաղաքական իրավիճակը Թուրքիայում»), Ստամբուլի Կուլտուր համալսարանի դասախոս, քաղաքագետ Ալի Բայրամօղլուն («Հայ-թուրքական հարաբերությունները և Հայկական հարցի հանրային քննարկումները Թուրքիայում»), Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Վահրամ Տեր-Մաթևոսյանը («Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի և Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»), լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը («Հայաստանի աշխարհաքաղաքականությունը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև»):

Ապա բանախոսները հարց ու պատասխանի ձևով անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին:

Հայ-թուրքական երկխոսության վրա աշխատող չորս կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց ծրագրերը, այդ թվում՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, Հրանտ Դինք հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Աննա Եղոյանը, Հակամարտությունների վերափոխման Imagine կենտրոնի զարգացման ծրագրերի տնօրեն Մարիա Կարապետյանը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արտակ Այունցը:

Շուրջ 5 ժամ տևած խորհրդաժողովը ավարտվեց հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ հարց ու պատասխանով: Խորհրդաժողովի մոդերատորը լրագրող, «Նուվել դ՛Արմենի Մագազին» պարբերականի թղթակից Սեդա Մավյանն էր: