Ադրբեջանի 5 ամենամեծ ռիսկերը 2017-ին

1799

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv կայքը ներկայացրել է Ադրբեջանին սպառնացող հինգ վտանգները 2017-ին։ Շվեյցարական Դավոս քաղաքում հունվարին տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումին զուգընթաց հրապարակվեց «Գլոբալ ռիսկերի զեկույց 2017»-ը (Global Risks Report for 2017)։ Ադրբեջանի ռիսկերը ներկայացված են այդ զեկույցի խորապատկերում։

Ռիսկ 1․ Շարունակվող տնտեսական անկում

Ադրբեջանի տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնն իր «2017թ․ մակրոտնտեսական կանխատեսումներ» զեկույցում նշում է, որ 2016-ի տնտեսական անկումը կշարունակվի նաև 2017-ին:

Ամենայն հավանականությամբ, կշարունակի նավթի գների անկումը, շինարարության ոլորտում աճի նվազումը և ներկրվող ապրանքների գնաճը՝ մանաթի արժեզրկման հետևանքով, որը 2015 թ. հունվարից 2016 թ. դեկտեմբերն ընկած հատվածում արժեզրկվել է ընդհանուր 57%-ով։

Տեղական և արտասահմանյան ընկերություններն ակնկալում են արտադրական ծախսերի աճ և սպառման շուկայի ծավալների անկում։ Հնարավոր է անկում նաև օտարերկրյա ներդրումներում՝ ոչ միայն գլոբալացման դեմ միջազգային միտումների պատճառով, այլև անկախ դատարանների ստեղծման ուղղությամբ քայլերի բացակայության պատճառով, ինչը շարունակում է խոչընդոտել արտաքին ներդրումները։

Այս տարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է «Ազգային տնտեսության և տնտեսության հիմնական ճյուղերի ռազմավարական ճանապարհային քարտեզ» կոչվող շրջաբերականը, որը նախատեսում է նվազեցնել ռիսկերը՝ տնտեսական պորտֆելի դիվերսիֆիկացման միջոցով թուլացնելով նավթից կախվածությունը։ Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք Ադրբեջանն ակտիվորեն հետամուտ կլինի այս հրահանգին, թե այն ևս կմնա դատարկ հռետորաբանություն, ինչպես նախկինում։ Այդուհանդերձ, եթե զարկ տրվի գյուղատնտեսությանն ու տուրիզմին՝ որպես ՀՆԱ-ն ձևավորող այլընտրանքային աղբյուրների,  հավանական է, որ այդ ոլորտները ևս զոհ գնան պետական կոռուպցիային, ինչը եղավ նավթի և շինարարության ոլորտների դեպքում:

Ռիսկ 2․ Աճող անհավասարություն

Շարունակվող տնտեսական անկման հետևանքով ակնկալվում է էլիտաների և մնացած բնակչության միջև հարստության բաշխման արդեն իսկ հսկայական անդունդի խորացում։

Երբ շինարարության ոլորտում աշխատողները վերադառնան շրջաններ, կնվազի Բաքվից դեպի շրջաններ կապիտալի հոսքը: Ավելին, Բաքվի երբեմնի բարգավաճ միջազգային համայնքի այսօրվա նոսրացումը ազդեցություն կունենա այստեղ ծառայությունների ոլորտի աշխատատեղերի վրա։

Բանվոր դասակարգի մեծ մասը ստիպված կհայտնվի ցածր եկամուտ ունեցող ոլորտներում, հատկապես, երբ տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ նվազում է աշխատուժի կարիքը։ Ըստ «2017թ․ Մակրոտնտեսական կանխատեսումներ» զեկույցի, տեխնոլոգիական զարգացման  արդյունքում եկամուտները մարդուժից անցնում են կապիտալին, և գլոբալ առումով՝ 1990-2007 թթ. ազգային եկամտում աշխատաշուկայի մինչև 80% անկումը տեղի է ունեցել տեխնոլոգիաների ազդեցության հետևանքով։

Արհեստական ինտելեկտի զարգացումը նույնպես փոխում է ֆիզիկական ենթակառուցվածքների կարիքները և խոցելիությունները, ինչը կարող է Ադրբեջանին հանկարծակիի բերել գալիք տարիներին:

Ռիսկ 3․ Սոցիալական անկայունություն

Արևմուտքում տնտեսական աճի դանդաղումը նպաստել է կարգերի դեմ (anti-establishment) պոպուլիստական քաղաքականությանն ու գլոբալացման դեմ բացասական արձագանքներին, ինչը ոմանց կողմից ընկալվում է որպես սպառնալիք գլոբալ ժողովրդավարության համար։

Ըստ զեկույցի՝  ամենակարևոր փոխկապակցված ռիսկերը վերաբերում են գործազրկությանն ու սոցիալական խոր անկայունությանը: Չնայած Ադրբեջանի ավտորիտար ղեկավարությունը սանձել է սոցիալական ընդվզումը, ինչպես Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում և այժմ՝ Արևմուտքում, 2017-ին այդ երեք միտումների հետևանքով հնարավոր է խժդժությունների և անկայունության աճ։ Տնտեսական կայունության պակասը հնարավոր է՝ հանգեցնի ինստիտուտների նկատմամբ վստահության անկման, ինչի արդյունքում ադրբեջանցիները կսկսեն այլ առաջնորդների մեջ փնտրել անվտանգություն և առաջնորդություն, ինչպիսիք են հաջորդիվ նշվածները։

Ռիսկ 4․ Իսլամական արմատականության աճ

Եթե արևմտյան ժողովրդավարություններում գլուխ է բարձրացնում քաղաքական բևեռացումը, ինչը դանդաղ տնտեսական աճի պայմաններում հանգեցնում է ազգայնական շրջանակների զորացմանը, իսլամադավան ավտորիտար երկրներում, որոնք 2011թ. անցել են քաղաքական պայքարի բովով, «փրկությունն» ու ազգի առաջնորդումն ակնկալում են կրոնական ղեկավարներից։ Չնայած Ադրբեջանն ունի կրոնական բազմակարծության երկար պատմություն, թուլացող տնտեսության, կոռուպցիայի աճի և կառավարության կողմից էլիտայի ֆավորիտիզմին զուգահեռ այս տարի կարող է նկատվել իսլամական առանցքի ուժեղացում։ Ջիհադի աճող առցանց քարոզչությունը ևմահապարտ ահաբեկչների նկատմամբ աճող ժողովրդականությունը հնարավոր է՝ արագացնեն այդ միտումը:

Ջանալով խուսափել նման արդյունքից՝ Իլհամ Ալիևը 2017-ը հայտարարել է Իսլամական համերաշխության տարի, և մտադիր է ամրապնդել հարաբերությունները Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) հետ:

Սակայն, ըստ ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի, մոտ 1500 ադրբեջանցի Սիրիայում համալրել են Իսլամական պետության զինյալների շարքը, և այժմ նրանցից շատերը վերադառնում են Ադրբեջան: Նրանք հիմնականում սուննի փոքրամասնության ներկայացուցիչներն են, որոնց համար Ադրբեջանի շիա մեծամասնությունը և խորհրդային աշխարհիկությունը ճնշող է։ Ադրբեջանի իշխանությունների կողմից այս խմբերի շարունակական անտեսումը և երկրում իսլամական ծայրահեղականների խնդիրը լուծելու անկարողությունը կարող են ապակայունացնող գործոն դառնալ երկրի և տարածաշրջանի համար։

Ըստ Գոբլի՝ Ադրբեջանի դատարանների կողմից այս զինյալների նկատմամբ երկարատև բանտարկության ժամկետները նպաստում են արմատական իսլամական գաղափարախոսության տարածմանը այլ բանտարկյալների շրջանում։

Ռիսկ 5․ Ղարաբաղյան հակամարտության թեժացում

Զեկույցում նշվող հինգերորդ ամենակարևոր փոխկապակցված ռիսկը միջպետական հակամարտությունն ու դրա հետևանքով արտագաղթն է։ Նշվում է, որ 2016 թ. ինքնության և կուլտուրայի հարցերը էական դեր են ունեցել Արևմտյան աշխարհում երկու դրամատիկ իրադարձությունների վրա՝ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու և ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրության վրա։ Ամբողջ Եվրոպական Միությունում ազգային ինքնիշխանության և արժեքների ջատագովների դիրքերն ամրապնդվել են:

Հայաստանի և Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղը երկար ժամանակ եղել է ազգային ինքնության և ինքնիշխանության հարց։ Այդուհանդերձ, եթե նորացված ազգայնական տրամադրությունները, որ ներկայում կան Արևմուտքում, հասնեն Ադրբեջան, կարող ենք ականատես լինել Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման։ Բացի այդ, դեռ ուժեղ են այն գործոնները, որոնք հանգեցրին 2016-ի ապրիլին իրավիճակի սրմանը, այդ թվում՝ ստատուս քվոյից ձանձրանալը և պետական մակարդակով իրականացվող քարոզչությունը, որը շարունակում է ադրբեջանական բնակչության ուշադրությունը շեղել տնտեսական ծանր վիճակից դեպի հակամարտություն և արտաքին թշնամի։

Համաշխարհային մասշտաբով, գլոբալիզացիայի տեմպերի դանդաղեցման և ազգայնականության առավել գրավիչ դառնալու ֆոնին հաջորդ տասնամյակում նախատեսվում է հակամարտությունների աճի ռիսկ՝ սառը պատերազմից ի վեր չտեսնված մակարդակի. այս մասին հաղորդում է ԱՄՆ հետախուզության կողմից այս ամիս հրապարակված զեկույցը։

Ինչպես ցույց տվեց պատերազմը Սիրիայում, հակամարտության սանձման անկարողությունը հաճախ հանգեցնում է զանգվածային արտագաղթի: Եթե Ղարաբաղի ադրբեջանցիները դա զգացին հակամարտության սկզբում, մարտական գործողությունների վերսկսումը կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանի մասշտաբով ավելի մեծ թվով արտագաղթի։

Զեկույցն առաջ է քաշում այն տեսակետը, որ Ադրբեջանում կառավարման ձախողումները հանգեցրել են քաղաքացիական ընդվզման, ինչն իր արտահայտությունն է գտնում արտագաղթի ձևով, երբ այստեղ առկա տնտեսական, սոցիալական և քաղաքական դժգոհությունը տեղափոխվում է այն երկրներ, որտեղ առանց այդ էլ դրա պակասը չկա: Հայաստանի հետ ռազմական գործողությունների սրումը Ադրբեջանում կարող է ավելացնել արդեն իսկ մեծաքանակ ներքին տեղահանված բնակչության թիվը՝ ավելի սրելով տնտեսական և սոցիալական խնդիրները երկրում:

***

Եթե տնտեսական անկման և անհավասարության մեծացող անջրպետի դեմ Ադրբեջանը չկարողանա քայլեր ձեռնարկել՝ մեղմելու մարդկանց հիասթափությունը կառավարությունից, հարաճուն սոցիալական անկայունությունը կարող է նպաստել իսլամական արմատականությանն ու Ղարաբաղի խնդիրը ուժով լուծելու մոտեցումներին:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

ՍիվիլՆեթ