Թաթուլ Հակոբյանը խոսելու է Մոնրեալում, Օտտավայում և Տորոնտոյում

1273

2017 թվականի ապրիլի վերջերին, մայիսի սկզբներին լրագրող Թաթուլ Հակոբյանը Արցախյան կարգավորման, Երևան-Անկարա հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների և ներքաղաքական զարգացումների թեմաներով դասախոսությունների և հանդիպում-քննարկումների շարք կունենա Կանադայում:

Նախատեսված են ելույթներ և հանդիպումներ Մոնրեալում, Օտտավայում և Տորոնտոյում: Ձեռնարկների օրվա, տեղի և ժամերի, հյուրընկալող կազմակերպությունների և անհատների մասին կտեղեկացվի հավելյալ՝ առաջիկա շաբաթների ընթացքում: Հակոբյանը Կանադա է այցելում ՀԲԸՄ-ի Մոնրեալի մասնաճյուղի հրավերով:

Թաթուլ Հակոբյանը ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան է (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր): Նրա ռեպորտաժները հեռարձակվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությամբ:

Լրագրող Թաթուլ Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:

Կանադայում կայանալիք դասախոսությունների ընթացքում Հակոբյանը կներկայացնի ինչպես իր հեղինակած, այնպես էլ ԱՆԻ կենտրոնի հրապարակած հատորները:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն