Քաջազնունին հայ քաղաքական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ ունի. ներկայացվեց «Ազգ և հայրենիք»-ը

1695

Վարչապետ Քաջազնունին նաև շեքսպիրագետ է եղել. վերահրատարակվել է նրա «Ազգ և հայրենիք»-ը. Արևելք

«Արտ Բրիջ» սրճարան-գրախանութում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ  կենտրոնի հրատարակած «Ազգ և հայրենիք» գրքի երևանյան շնորհանդեսը:

Գիրքը Հայաստանի Ա Հանրապետության վարչապետերից Հովհաննես Քաջազնունու հայտնի աշխատությունն է, որ տարբեր տարիների հրատարակվել է Հայաստանում և սփյուռքում:

Գրքի վերահրատարակության մասին խոսելով՝ լրագրող, հրապարախոս, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը նշեց, որ Քաջազնունին հայ քաղաքական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ ունի, սակայն թե՛ որպես պետական-քաղաքական գործիչ, թե՛ որպես գրող ու մտածող, ցավոք, Քաջազնունին ըստ արժանվույն գնահատված չէ ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում:

«Վերահրատարակելով նրա աշխատությունները, ԱՆԻ կենտրոնն իր համեստ լուման է ներդնում այս խոշոր անհատականությանը ժամանակակիցներին ծանոթացնելու համար»:

Շնորհանդեսի ժամանակ նա խոսեց ինչպես «Ազգ և հայրենիք»-ի, այնպես էլ ԱՆԻ կենտրոնի տպագրած մյուս գրքերի մասին, որոնք պատմության վրա լույս սփռելու նպատակ ունեն:

Թաթուլ Հակոբյանը նշեց, որ շարունակելու է հրատարակչական գործունությունը, և շուտով լույս կտեսնի Հայաստանի մեկ այլ վարչապետ՝ Ալեքսանդր Խատիսյանի  «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» գիրքը, որը Հայաստանում երբեք չի հրատարակվել, և այն նվեր կլինի ոչ միայն ընթերցողին, Խատիսյան հեղինակին, այլ նաև՝ Հայաստանի Ա Հանրապետության 100-ամյակին:

Խոսելով Հովհաննես Քաջազնունի պետական, կուսակցական, ազգային գործչի մասին, Թաթուլ Հակոբյանն ասաց, որ նա նաև լավ շեքսպիրագետ է եղել, ինչպես նաև զբաղվել է քրդական բանահյուսությամբ: Դե, իսկ նրա նշանավոր վերարկուի պատմությունը բոլորին է ծանոթ, ինչը պետական մտածողություն ունեցող մարդուն է բնութագրում:

Ցավոք, Քաջազնունու երեխաներից ոչ մի ժառանգ չի մնացել, նրա երեք տղաները զոհվել են տարբեր ճակատամարտերում, իսկ մեկը՝ 1950-ականներին դժբախտ պատահարի զոհ է դարձել: Քաջազնունին ունեցել է նաև երկու դուստր:

Հովհաննես Քաջազնունին հուղարկավորված  է ներկայիս Ազգային ժողովի տարածքում՝ Կոզեռնի գերեզմանոցում:

Աղբյուրը՝ www.arevelk.am

Լուսանկարները՝ Արթբրիջի