«Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ». նախաբան

1432

Այսօրվանից, Թբիլիսիի հայկական ԱԼԻՔ ՄԵԴԻԱ(http://www.aliq.ge/) հետ համագործակցաբար, ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ.» աշխատության հայերեն թարգմանությունը, որը կատարում է ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի աշխատակից Նորիկ Գասպարյանը: Հատորի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Օթար Ջանելիձեն:

Հավաքածուն հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության կողմից և «Հայ-եվրոպական ֆեդերացիա հանուն արդարադատության և ժողովրդավարության» Վրաստանի գրասենյակի աջակցությամբ: Աշխատանքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի վրացական տարեգրության բաժնի նյութերը: Ծրագրի հիմնական նպատակն է թեմայի շուրջ ծանոթացնել վրաց ընթերցողին խորհրդարանի արխիվային նյութերի հետ:

Հավաքածուն պատրաստել են Գևորգ Յագուտովը, Ռազմիկ Բադալյանը, Արթուր Միրզոյանը, Էդուարդ Սահակյանը, Ալեքսանդր 0հանյանը:

___________

ՆԱԽԱԲԱՆ

Մարդկության պատմության ընթացքում որևէ ազգի ներկայացուցիչների կողմից երկրորդի դեմ իրականացված անարդարությունների և հանցագործությունների բազմաթիվ օրինակներ կան, սակայն իր մասշտաբներով, հրեից Ողջակիզումից (Հոլոքոսթ) հետո, առանձնանում է այն արյունալի հաշվեհարդարը, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դեմ կազմակերպեց Օսմանյան իշխանությունը:

1915 թվականին, Թուրքիայի իշխանության կողմից Օսմանյան կայսրության հայ բնակչության զանգվածային ոչնչացումը և բռնագաղթը, հայոց պատմագրության և գրականության մեջ անվանվել է Հայոց ցեղասպանություն: Թուրքական պատմագիտությունը ժխտում է հայերի Ցեղասպանությունը: Տևական ժամանակ Թուրքիայում այն հիշատակում էին որպես «այսպես կոչված ցեղասպանություն», իսկ վերջին ժամանակաշրջանում առաջնահերթությունը տրվում է «1915 թվականի իրադարձություն» արտահայտությանը:

Այս ողբերգության կարճ պատմությունը հետեւյալն է.

Օսմանյան կայսրության ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան վիլայեթներում բազմաթիվ հայեր են ապրել: Նրանց քաղաքական իդեալները և ազգային նպատակները Հայաստանի քաղաքական ինքնավարություն (Ազատ Հայաստան) ունենալն է եղել: Փոքր Ասիայի հայերի շրջանում` իրենց նպատակներին հասնելու հույսերը մեծացան հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ ռուսական բանակը հաջողությունների հասավ Թուրքիայի դեմ պատերազմում: Ակտիվացան տեղի հայկական կազմակերպությունները, սկսեցին ձևավորվել կամավորական ջոկատներ:

Հայկական ազգային ծրագիրը դեմ էր հանդես գալիս պանթուրքիզմի գաղափարներով առաջնորդվող Երիտթուրքերի նպատակներին և երկարաժամկետ ծրագրերին: Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին որոշ իրողություններ փոխվեցին, ինչից հետո Թուրքիայի իշխանությունները թիրախ դարձրին երկրի հայ բնակչությանը. պատրվակը` այս համայնքի հակաօսմանյան տրամադրություններն էին: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոնստանդնոպոլսում բանտ նետեցվեցին, սպանվեցին կամ երկրից արտաքսվեցին հայկական էլիտայի կարկառուն ներկայացուցիչներ: Ավելի ուշ` սպանությունները, հայերի հոծ խմբերով բնակեցված վայրերից արտաքսումը և Օսմանյան կայսրության սահմաններից վտարումը զանգվածային բնույթ ստացան:

Գրեթե մեկ դար առաջ տեղի ունեցած աննախադեպ ողբերգությունը, որը, որոշ տվյալներով, խլել է միլիոնից ավելի մարդու կյանք, անջնջելի հետք է թողել հայ ժողովրդի հիշողության մեջ: Ցեղասպանությունը մինչ օրս հայ ժողովրդի ինքնության որոշիչ գործոնն է: Պատահական չէ, որ հայ քաղաքական գործիչները անհրաժեշտություն են համարել 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում արձանագրել. «Հայաստանի Հանրապետությունը աջակցում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը» (հեղինակը նկատի ունի ՀՀ անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ նշվում է նաև Արեւմտյան Հայաստան եզրույթը` «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»-խմբ․):

Հատկանշական է, որ 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգվել է դեռևս Խորհրդային միության տարիներին, իսկ մասնավորապես 1965-1967 թվականին Երևանում, Հրազդան գետի կիրճում կառուցված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի միջոցով: 1995 թվականին այս համալիրում ստեղծվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը ժամանակակից Հայաստանի տեսարժան վայրերից մեկն է, ինչպես նաև՝ կարևոր մշակութային և գիտահետազոտական կենտրոն:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունից բռնագաղթված հայերը ցրվել են աշխարհով մեկ: Նրանց մեծ մասը ապաստան է գտել Ռուսաստանի կայսրությունում: Տասնյակ հազարավոր փախստական, այդ թվում ծերեր, կանայք և երեխաներ եկել են Վրաստան: Վրաց հասարակությունը չէր կարող անտարբեր մնալ այդ մարդկանց նկատմամբ, որն անկեղծորեն կիսել է հարևանի ողբերգությունը, անշահախնդիր կերպով հյուրընկալել է աղետալի իրավիճակում հայտնված հարևանին: Թբիլիսիում, Բաթումիում, Ախալցիխեում և Թելավիում ստեղծվել են փախստականների հարցերով զբաղվող խմբեր, որոնք սնունդ, դրամական միջոցներ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ են տրամադրել: Այս ամենը հստակ կերպով արտացոլվել է ժամանակի պարբերական մամուլում, ինչը պատմագիտական աղբյուր է դարձել վրաց և հայ ժողովրդի հարաբերությունների մասին:

20-րդ դարի 10-ական թվականներին, Վրաստանում լույս էին տեսնում բազմաթիվ պարբերականներ, այդ թվում` «Ժողովրդական թերթ», «Իմերեթի», «Ժողովրդական գործ», «Վրաստան», «Հայրենիք», «Միասնություն» թերթերը, «Ազգ», «Ժայռ» և այլ ամսագրեր: Վերոնշյալ պարբերականները մեծամասամբ հրապարակում էին երկրում գործող քաղաքական կուսակցությունների (Սոցիալ-դեմոկրատներ, Ֆեդերալիստներ, Ազգային-Ժողովրդավարական և այլն) տեսակետները: Բնակչության այլ շերտերի մասին նրանք նույնպես խոսում էին: Այդ պատճառով, մամուլի հրապարակումները ցույց են տալիս ինչպես քաղաքական շրջանակների վերաբերմունքը, այնպես էլ վրաց հանրության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Վրացական թերթերն ու ամսագրերը իրենց խորին ցավակցությունն են հայտնել դեռևս Սուլթան Աբդուլ Համիդի, այնուհետև իշխող «Եռապետության»` էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաների կառավարության կողմից` Օսմանյան կայսրությունում  բնակվող հայերի նվազեցման և անողոք հետապնդումերի վերաբերյալ:

Այս շրջանի պարբերական մամուլը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին և հնարավորինս բարձրաձայնել ու դատապարտել բռնության և անարդարության փաստերը: Հայտնի է, որ ռասսայական, էթնիկական կամ կրոնական հիմքերով բնակչության ոչնչացումը արտացոլելու համար, այն ժամանակ դեռևս չի օգտագործվել Ցեղասպանություն եզրույթը, որը առաջին անգամ 1943 թվականին ներդրվել է լեհ իրավաբան Ռաֆայել Լենկինի կողմից, իսկ միջազգային հանցագործություն այն համարվում է 1948 թվականից: Բնականաբար ցեղասպանություն եզրույթը չի կիրառվել նաև 1915-18 թվականներին: Իրողությունը նկարագրելու համար վրաց հրապարակախոսները օգտագործել են «Հայերի ոչնչացում», «Հայերի ջարդ», «Հայերի կոտորած» և այլն:

Ժողովածույում տեղ գտած նյութերը ցույց են տալիս, որ վրացական մամուլը ընթերցողին տեղեկացրել է այս սարսափելի իրողությունների մասին, որը պատուհաս էր դարձել Օսմանյան կայսրությունում ապրող հայերի գլխին: Թերթերում, միջազգային գործակալությունների և պարբերականների հետ մեկտեղ, պարբերաբար հրապարակվում էին նաև ընդհանրացված տեղեկատվություն, օտարերկրյա հրատարակչություններից թարգմանված նյութեր և վրաց հեղինակների հոդվածներ (Զ. Ճիճինաձե, Շ. Ամիրեջիբե, Ռ. Գաբաշվիլի և ուրիշներ): Այդ նյութերը մեծամասամբ լույս են տեսել «Լուրեր», «Հեռագրեր», «Թերթերից և ամսագրերից», «Պատերազմի նորություններ» և այլ բաժիններում:

Հայ ժողովրդին զորակցություն հայտնելու և կարեկցանքի ֆոնին, վրացալեզու որոշ պարբերականներ վտանգ էին տեսնում հայերի ներգաղթի մեծ ալիքից: Օրինակ` Ազգային-ժողովրդավարական ուղղություն ունեցող «Ժայռ» ամսագիրը, որը Վրաստանի ապագան տեսնում էր անկախության մեջ, բացահայտ անդրադարձել է էթնո-ժողովրդագրական խնդիրներին, ինչը կապել է Օսմանյան կայսրությունից փախստականների զանգվածային ներգաղթի հետ:

Այս գրքի հրատարակումը, որն իրականացվում է ‹Վրաստանի հայ համայնքի» հովանու ներքո,  չնայած որոշ չափով քաղաքականացված, սակայն ճանաչողական և պատմական արժեք ունի: Վրացական նյութերը կընդլայնեն հարցի աղբյուրագիտական բազան, գիտական շրջանակները կստանան մինչ օրս անհայտ տեղեկատվություն, ինչը կօգնի հասկանալ վրաց հասարակության և քաղաքականության վերաբերմունքը խնդրի վերաբերյալ, ինչպես նաև արժեքավոր նյութ կդառնա գիտական հետազոտություններ իրականացնողների համար:

Ինչ խոսք, նմանատիպ հրատարակությունները գիտական աշխարհի համար նորություն չեն: Այսպես օրինակ վաղուց տպագրվել են կանադական, ֆրանսիական և անգլալեզու մամուլի մի շարք նյութեր, որոնք արտացոլում են հայերի ազգային ողբերգությունը (The Armenian Genocide in the Canadian Press), կա նաև 1985 թվականին Կալիֆորնիայում հրատարակված` “The Armenian Genocide. News Account from the American Press (1915-1922)” աշխատությունը, որը պարունակում է թեմայի շուրջ ամերիկյան թերթերի լուսանկարչական արխիվների վերարտադրությունը և այլն: Այսպիսով, արդեն իսկ առկա հրատարակություններին են ավելանում նաև վրաստանյան պարբերական մամուլի նյութերը: Վստահորեն կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանության պատմությանը վերաբերող բազմաթիվ գրքերի շարքում, այս ժողովածուն իր պատշաճ տեղը կգտնի:

Օթար Ջանելիձե
Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր

Հրապարակման պատրաստեց Նորիկ Գասպարյանը

Աղբյուրը՝ ԱԼԻՔ ՄԵԴԻԱ