Հերքե՞լ, թե չհերքել ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ media.am

1441

Հերքե՞լ, թե չհերքել

Պատկերացնենք հետևյալ իրավիճակը. ադրբեջանական կայքերը տեղեկատվություն են տարածում այն մասին, որ հայկական զինված ուժերը դիվերսիա են կազմակերպել, գրոհել ադրբեջանական դիրքերն ու արդյունքում տվել զոհ: Նրանք տարածում են Հայաստանի մի քաղաքացու լուսանկար՝ նրան ներկայացնելով որպես դիվերսանտի, ով, իբր, զոհվել է դիվերսիոն գործողության ժամանակ:

Այնինչ լուսանկարում պատկերված անձը ողջ է, և ընդհանրապես ոչ միայն դիվերսանտ չէ, այլև զինվորական էլ չէ: Անձը դիմում է լրատվամիջոցներին ու խնդրում է հերքել ադրբեջանական կայքերի կեղծիքն ու գրել ճշմարտությունը:

Գրե՞լ այդ դեպքի մասին, թե՞ ոչ: Հերքելով ադրբեջանական լրատվամիջոցներին, խմբագրությունները կրկնու՞մ են կեղծ քարոզչությունը, թե՞, ամեն դեպքում, հերքել պետք է:

Մեկնաբանում են խմբագիրներն ու մեդիայի մասնագետները:

Թաթուլ Հակոբյան (լրագրող, Civilnet.am, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ)

«Եթե վերլուծություն կամ հետազոտություն եմ պատրաստում պատերազմներում քարոզչության, կեղծ տեղեկատվության մասին, հոդվածում այս դեպքը կբերեի որպես օրինակ: Գիտեք, բոլոր պատերազմներում էլ առաջին զոհը ճշմարտությունն է: Եթե քաղաքացին դիմում է ինձ, և ես տեսնում եմ, որ իրոք այդ պատմությունն արժանի է, որպեսզի իմ լրատվամիջոցում հայտնվի, եթե այդ պատմությունը լավն է, հետաքրքիր է՝ կգրեմ: Բայց բազմաթիվ գործոններ կան, որ անդրադառնալ-չանդրադառնալու քո որոշման վրա ազդում են:

Ես հարցին չեմ նայի ադրբեջանական քարոզչությունը տարածել-չտարածելու տեսանկյունից, եթե դա մարդկային պատմություն է և եթե լավ պատմություն է: Եթե նույնիսկ ես անուղղակիորեն նպաստում եմ դրա տարածմանը, մեկ է՝ կգրեմ: Հատկապես էսօրվա աշխարհում, երբ ինֆորմացիայի սահմաններ չկան:

Դու՛ չես որոշում, թե ում համար ես աշխատում: Ինտերնետ-դարում այդ ամենը վերացել է: Բայց, էլի նշեմ, դա շատ անհատական որոշման խնդիր է»:

Դավիթ Ալավերդյան («Մեդիամաքսի» խմբագիր)

«Անշուշտ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքին մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում, բայց ընդհանուր սկզբունքն այն է, որ «Մեդիամաքսը» ո՛չ ադրբեջանցիների լուրը կհրապարակեր, ո՛չ էլ տվյալ անձի հերքումը: Երբեմն բացառություն կանեինք այն դեպքերի համար, երբ հերքումը տարածեր ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ որպես պաշտոնական աղբյուր։

Ի դեպ, հենց այսպես վարվեց «Մեդիամաքսը» և շարունակում է վարվել աղմկահարույց վերջին դեպքերում, երբ ադրբեջանական քարոզչամեքենան մի քանի հայերի փորձեց օգտագործել հակահայկական քարոզչության մեջ․ մենք արհամարհեցինք թե՛ այդ հրապարակումները, թե՛ դրանց հերքումը։

Ընդհանուր առմամբ, մենք շատ ընտրողաբար և զգուշավոր ենք վերաբերվում տեղեկատվության մեր աղբյուրներին և վստահում ենք միայն նրանց, ում ճանաչում ենք, և ում հավաստիությունը փորձված է ժամանակով»։

Սամվել Մարտիրոսյան (մեդիա հետազոտող)

«Հայաստանում երկու ոչ ճիշտ ծայրահեղական մոտեցում է ձևավորվել։ Մեկը՝ առանց մեկնաբանելու հրապարակել ադրբեջանական քարոզչական նյութերը, մյուսը՝ ընդհանրապես չանդրադառնալ ադրբեջանական մամուլին։ Կարծում եմ ամենաճիշտը հերքումը հրապարակելն է։ Եթե չկա հերքում` երրորդ կողմի համար կեղծիքը դառնում է իրականություն»։

Սուրեն Դեհերյան (մեդիա փորձագետ)

«Եթե որևէ լրատվամիջոց կամ տեղեկատվական առցանց հարթակ տարածել է քաղաքացու մասին ակնհայտ սուտ և կեղծ տեղեկություն,  որը կարող է տվյալ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքի համար վտանգավոր հետևանքներ ունենալ, ինչու ոչ՝ նաև հասցնել բարոյական վնաս, ապա տվյալ անձը իրավունք ունի օգտագործել ցանկացած միջոց և եղանակ` հիմնվելով թե տվյալ երկրի, թե միջազգային իրավական փաստաթղթերի վրա, իր մասին տարածվող սուտը առցանց տիրույթից հեռացնելու համար:

Այս դեպքում քանի որ տեղեկատվությունը տարածվել է ադրբեջանական մամուլով և հավանաբար ռուսերեն լեզվով ու հասանելի է լայն հասարակության համար, ապա քաղաքացին պետք է փորձի համարժեք լսարան ունեցող լրատվամիջոցներով՝ իրեն վերաբերող ճշմարտությունը հասանելի դարձնել համացանցում:

Լրատվամիջոցը պետք է ուսումնասիրի, թե որտեղից և ինչպես տվյալ անձի մասին տեղեկությունը օգտագործվեց այդ նյութի համար: Չեմ բացառում, որ նրա տվյալները կարող է հասանելի են եղել շատ պարզ եղանակով` սոցիալական ցանցերից որևէ մեկից, որտեղ շատերը բաց եղանակով տեղադրում են իրենց անձի և ընտանիքի մասին տեղեկություններ, ինչը մի օր կարող է նման վատ հետևանքների հասցնել»:

Լուսինե Բարսեղյան («Հայկական ժամանակ» օրաթերթի և Armtimes.com կայքի գլխավոր խմբագիր)

«Միանշանակ՝ գրել այդ մասին: Նախ, չմոռանանք, որ մամուլի առաքելությունը հանրությանը ճիշտ տեղեկատվություն տրամադրելն է: Կեղծ քարոզչություն կրկնելու խնդիր այստեղ բացարձակ չկա, ընդհակառակը, պետք է ցույց տալ, որ դա կեղծ քարոզչություն է և հանրությանը տեղեկացնել իրականության մասին»:

Գագիկ Աղբալյան

http://www.media.am/what-to-do-with-propaganda-misinformation

Հ.Գ. Հոդվածի նախաբանում նշված պատմությունը իրական է: Հունվարի առաջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները որպես դիվերսանտ ներկայացրել են Հրազդան քաղաքի բնակիչներից մեկին: Վերջինս դիմել է մի քանի լրատվամիջոցների, որոնց մեծ մասը չի անդրադարձել պատմությանը, ադրբեջանական քարոզչությունը կրկնելու ռիսկին չդիմելով:

Լուսանկարում՝ սա ֆոտոշոփ է, որ տարածեց ադրբեջանական պրոպագանդան Ապրիլյան պատերազմի օրերին՝ ցանկանալով ցույց տալ, թե իբր ադրբեջանցի զինվորները հասել են Ֆիզուլի