Յոթ ուժեր, որոնք հավակնում են նոր խորհրդարանի աթոռներին

1430

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակից ուժերի պատկերն արդեն պարզ է՝ խորհրդարան մտնելու հավակնություններ ու հնարավորություններ ունեն երեք կուսակցություն և չորս դաշինք՝ իշխանական կոալիցայի մաս կազմող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Դաշնակցությունը (ՀՅԴ), ինչպես նաև «Ծառուկյան դաշինքը», «Հայկական վերածնունդը» (նախկին «Օրինաց երկիր»), ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, ԵԼՔ-ը և «Օհանյան-Օսկանյան» պայմանական անունով դաշինքը։

Այս ընտրությունների արդյունքները մեծապես պայմանավորված կլինեն նրանով, թե քաղաքական ուժերը որքան առատաձեռն կգտնվեն ընտրակաշառքներ բաժանելու գործում, ինչպես նաև՝ ինչպիսի դաժանությամբ կօգտագործեն իշխանական լծակներն ու վարչական ռեսուրսը։ Գաղափարական դիմակայության մասին անլուրջ է խոսել, քանի դեռ ընտրություններում լուրջ բանավեճի թեմա չեն դառնում Հայաստանի առաջ կանգնած հիմնախնդիրները՝ Արցախի հարցը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու երկրի արտաքին քաղաքականության ուղղությունները, արտագաղթն ու անհանդուրժողականությունը փոքրամասնությունների հարցերում, ընտանեկան բռնություններն ու տաբու այլ թեմաներ։

Ֆավորիտը, անկասկած, ՀՀԿ-ն է, որովհետև ամենաշատ փողը այս ուժն է բաժանում, ինչպես նաև՝ հիմնական իշխանական ռեսուրսը օգտագործվում է նրա օգտին։ Չափազանց կարևոր է նաև այն իրողությունը, որ Հայաստանի համայնքների մեծ մասը ղեկավարում են ՀՀԿ-ականները։ 1990-ից ի վեր ՀՀԿ-ն ներկայություն ունի խորհրդարանում։ Սկզբում ՀՀԿ-ն ուներ միայն մեկ աթոռ, իսկ հետագայում տարբեր քաղաքական ուժերի և անհատների օգնությամբ՝ ՀՀՇ, Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ՀՀԿ-ն ի վերջո դարձավ խորհրդարանի ամենամեծ ուժն արդեն Սերժ Սարգսյանի և հայկական օլիգարխիայի շնորհիվ։

Իշխանական մյուս կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, որը, ինչպես ՀՀԿ-ն, միայնակ է մասնակցելու ընտրություններին, ամենայն հավանականությամբ կհաղթահարի կուսակցությունների համար նախատեսված 5 տոկոսի շեմը։ Ճիշտ է, այսօր ՀՅԴ-ն Հայաստանում լայն ժողովրդականություն վայելող ուժ չէ, սակայն, ի տարբերություն ժողովրդականություն չվայելող մյուս ուժերի, ունի փոքրաթիվ, բայց հավատարիմ ընտրազանգված, ունի հստակ գաղափարական ուղղվածություն և կուսակցական աշխատող կառուցվածք։ Բացի այդ, ՀՅԴ-ի ձեռքում են մի քանի նախարարություններ, նրան օժանդակում են մի շարք հաջողակ գործարարներ։ 1990 թվականից ի վեր ՀՅԴ-ն, մեկ կամ ավելի պատգամավորով, ներկայացված է խորհրդարանի բոլոր գումարումներում։ Հայաստանի մի քանի տասնյակ համայնքներում ղեկավարները ՀՅԴ-ականներ են։

«Հայկական վերածնունդ» դարձած «Օրինաց երկիրը» ևս հիմնադրումից՝ 1997-ից ի վեր, ներկայացված է խորհրդարանում։ Այս կուսակցությունը լավագույն արդյունքի է հասել 2003-ի ընտրություններում՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ 2003-2007 թթ․ ԱԺ-ի խոսնակը, ոչ ամբողջ ժամանակահատվածում, կուսակցության հիմնադիր և անփոփոխ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր։ «Հայկական վերածնունդը» տեղական ինքնակառավարման մարմիններում ունի մի քանի տասնյակ ղեկավարներ։

Միանգամից չորս դաշինք հավակնում է ներկայացված լինելու նոր խորհրդարանում, ինչը նշանակում է հաղթահարել 7 տոկոսի շեմը։

Այս նվազագույն խնդիրը հեշտությամբ լուծելու է «Ծառուկյան դաշինքը», որի հենքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։ Նախորդ երկու՝ 2007 և 2012 թվականների ընտրություններում, ԲՀԿ-ն ճանաչվել է խորհրդարանական երկրորդ ուժը։ Գագիկ Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն կարող է նշանակել, որ նրա ղեկավարած դաշինքը կհավակնի առնվազն երկրորդը լինելուն՝ ՀՀԿ-ից հետո։ Նախորդ ընտրություններից ԲՀԿ-ն հայտնի է նաև իր համատարած նախընտրական բարեգործություններով ու ընտրակաշառքներ բաժանելով։ Սրա հետ մեկտեղ պետք է ընդգծել, որ Գագիկ Ծառուկյանը, ի տարբերություն ՀՀԿ վերնախավի, շարքային ընտրողների աչքում վարկաբեկված չէ, իսկ հասարակության որոշ շերտերում վայելում է համակրանք։

«Օհանյան-Օսկանյան» դաշինքը, որ վերջնականապես ձևավորված չէ, հավանաբար կկարողանա հաղթահարել 7 տոկոսի շեմը։ Ե՛վ Օսկանյանը, և՛ Օհանյանը հասարակությունում միանշանակ չեն ընկալվում։ Մի քանի ընկալումներ և իրողություններ աշխատում են ընդդեմ այս դաշինքի։ Առաջին՝ Ռոբերտ Քոչարյանի շուքը․ թեև ակնհայտ է Օսկանյան-Քոչարյան կապը, սակայն նույնքան ակնհայտ է, որ Քոչարյանն ու Օհանյանը միմյանց տանել չեն կարողացել։ Բացի այդ, Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող մեդիան ակնհայտ աշխատանք է տանում ցույց տալու Օսկանյանի և Օհանյանի մեղքի բաժինը Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններում։ Անկասկած, Օսկանյանն ու Օհանյանը, լինելով իշխանության մեջ և անելով հստակ հայտարարություններ ու գործողություններ, ունեն իրենց պատասխանատվության չափը, որը, սակայն, անհամեմատելի է այն չափի ու պատասխանատվության հետ, որ Մարտի 1-ի ողբերգության մեջ ունեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Եվ հատկապես Սերժ Սարգսյանը, քանի որ նրա՝ Բաղրամյան 26 հասնելու ճանապարհը անցավ Մարտի 1-ով։

ԵԼՔ-ը, որ հիմնել են Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և Արամ Զավենի Սարգսյանը, ընտրազանգվածի, հատկապես՝ դեռևս չկողմնորոշվածների համար, կարող է լինել այլընտրանք ու լավ ընտրություն։ Այս գործիչները, նրանց համախոհներն ու կուսակցությունները հասարակության մեջ ավելի շատ դրական ընկալում ունեն, վարկաբեկված չեն։ Բացի այդ, և՛ Փաշինյանը, և՛ Մարուքյանը, անցնող խորհրդարանի և ներքաղաքական գործընթացների կարևոր դերակատարներ են եղել։ ԵԼՔ-ը մեծապես կշահի և այդ դեպքում հաստատապես կհաղթահարի 7 տոկոսի շեմը և ավելին, եթե նրան միանա նաև «Ժառանգությունը»։

Եվ, վերջապես, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ևս հնարավորություններ է պահպանում ներկայացված լինելու նոր խորհրդարանում։ Ճիշտ է, ՏԻՄ վերջին ընտրություններում, առաջին հերթին՝ Վանաձորում և Գյումրիում, ՀԱԿ-ը անհավանական թվացող պարտություն կրեց, սակայն, մյուս կողմից, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի մասնակցությունը կարող է էական գործոն լինել։ Ակնհայտ է, որ և ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն այսօր ամենից շատ կարիք ունեն ֆինանսների։ Ոչ թե ընտրակաշառք բաժանելու, այլ նվազագույն նախընտրական և ընտրական կարիքները հոգալու համար։

Թաթուլ Հակոբյան 

Աղբյուրը՝ ՍիվիլՆեթ