Թալեաթի հետ Խատիսյանի, Ահարոնյանի և Պապաջանյանի վերջին հանդիպումները. 1918

1465
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում:

_______________________________

Վեցերորդ գլուխ

Չորս ամիս Պոլսում

(1918 հունիս 15-նոյեմբեր 1)

Նախորդ հատվածը կարդալ այստեղ

Այսպես, իրար հետևից շաբաթներ էին անցնում. ոչ խորհրդաժողովն էր տեղի ունենում, ոչ էլ՝ մեր բանակացությունները որևէ շոշափելի արդյունք տալիս, իսկ անդին՝ պատերազմի մեծ ճակատների վրա, տեղի էր ունենում ճակատագրական բեկումը: Պատերազմի բախտը դավաճանում էր Գերմանիային և նրա զինակիցներին: Թեև խիստ գրաքննություն կար մամուլի վրա, բայց արդեն որոշակի կերպով զգացվում էր, որ իրերի ընթացքը հիմնովին փոխվում է: Համո Օհանջանյանը Բեռլինից մեզ հաղորդում էր, թե Ֆրանսիական հաջողությունները հավանական են գերմանացիների կողմից: Անգլիական սավառնակները ավելի հաճախ սկսեցին երևալ Պոլսի վրա և ռումբեր նետել:

Հոկտեմբերի կեսին անակնկալ կերպով Թալեաթ փաշան մեկնեց Բեռլին: Հայերը սկսեցին ավելի համարձակ դառնալ: Եկեղեցում արդեն մոտենում էին մեզ և ջանում խոսակցության մեջ մտնել: Հույները համարձակ կերպով խոսում էին խոսում էին ֆրանսիացիների հաջողությունների մասին: Մենք գնացինք գերման դեսպանի մոտ որոշ տեղեկություններ ստանալու նպատակով, և Կոմս Բեռնստորֆը ուղղակի ասաց մեզ, որ դաշնակիցները հաղթում են: Նրա մոտ մենք հանդիպեցինք զորավար Ֆոն Լոսովին, որ շատ մռայլ էր: Վերջինս ինձ ասաց. «Մեր ժողովուրդը հոգնած է: Մեր թշնամին երեք ուժ ունի՝ բաց ծովը, սավառնակնները և կենսամթերքներ: Մենք դա չունենք և հաղթված ենք»:

Փոփոխությունները ճակատների վրա ազդեցին նաև թուրք կառավարության ընթացքի վրա: Մեզ մոտ բերեցին վաթսուն հայ գերիներ ռուսական բանակից և հանձնեռլով մեզ ասացին. «Սրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են այսուհետև, ուստի հանձնում ենք ձեզ որպեսզի նրանց ուղարկեք Հայաստան»:

Թալեաթ փաշան վերադարձավ Բեռլինից՝ հազիվ ազատվելով գերի ընկնելու վտանգից Բուլղարիայում, որը արդեն զինադադար էր կնքել դաշնակիցների հետ: Նա հայտնեց մեզ, որ Թուրքիան պատրաստ է վերադարձնել Հայաստանի և Վրաստանի 1914 թվականի սահմանները: Արտաքին գործերի նախարար Նիսիմի բեյը ինքը եկավ մեզ մոտ Թոքաթլյան պանդոկ և հայտնեց, որ ամեն բան կարգին է, և թուրքերը շուտով պիտի հեռանան Կովկասից:

Պոլսում արդեն խոսվում էր Թալեաթ փաշայի դահլիճի անկման մասին: Հոկտեմբերի 20-ին, եթե չեմ սխալվում՝ ցերեկվա ժամը 4-ին, Թալեաթ փաշան մեզ ընդունեց ոտքի վրա և ասաց. «Մի քանի ժամից հետո ես պետք է թողնեմ իշխանությունը, մենք հաղթված ենք: Ես ձեզ նախանձում եմ, դուք հաղթողների բանակի շարքում եք, իսկ մենք պարտվածների հետ ենք և շատ բան կկորցնենք, բայց ձեզ մի բան պիտի ասեմ՝ երբեք մի մոռացեք, որ ապագան անհայտ է և դեռ ով գիտի՝ ինչեր կարող են պատահել: Ես ճակատագրապաշտ եմ, դուք երիտասարդ դիվանագետներ եք, միշտ սպասեք վերջին վայրկյանին: Երբեք չստորագրեք թուղթ երեկոյան, երբ այն պիտի վաղը առավոտյան գնա, ով գիտի՝ ինչ կարող է պատահել գիշերվա ընթացքում»:

Քանի անգամ Լոզանում ես հիշել եմ Թալեաթի այս չարաշուք խոսքերը: Ով կարող էր մտածել, որ ջախջախված Թուրքիան հինգ տարի հետո հաշտության պայմաններ պիտի թելադրի հաղթող դաշնակիցներին:

Երեկոյան դեմ Թալեաթ փաշայի դահլիճը ընկավ, և մեծ վեզիր նշանակվեց Իզզեթ փաշան: Հետևյալ օրը մեր պանդոկ եկավ անգլիացի զորավար Թաուզենդը, ով Միջագետքում գերի էր ընկել թուրքերի ձեռքը և պահվում էր Հալգի կղզում: Նրա հետ էր Իզմիրի վալի Ռահմի բեյը: Ինչպես հասկացանք հետո, պատրաստվում էին մշակել զինադադարի պայմանները անգլիական ծովակալի հետ: Երեկոյան ուշ ժամին՝ 11-ի մոտակայքում, մեզ մոտ եկավ Ռեուֆ բեյի  զինվորական համհարզը և մեզնից խնդրեց գնալ ծովային նախարարի մոտ: Երբ մենք գնացինք, Ռեուֆ բեյը մեզ դիմավորեց հետևյալ ճառով՝ «Այսօր գիշերը ես պիտի գնամ անգլիական ծովակալի մոտ՝ զինադադա կնքելու: Առաջարկում եմ՝ ձեզ էլ գալ նրա մոտ ինձ հետ միասին: Թող անգլիացիները տեսնեն, որ մենք հաշտվել ենք: Չէ՞ որ խորհրդաժողովի համար շատ կարևոր է իմանալ, որ թուրքերն ու հայերը այլևս միմյանց հետ վեճ չունեն»:

Հիշելով Ռեուֆ բեյի անհաշտ դիրքը Տրապիզոնի խորհրդաժողովում, ես նրան հարցում ուղղեցի, թե ինչպես պիտի լինեն մեր սահմանները: Նա պատասխանեց. «1914-ի սահմանները՝  սրբագրությամբ ի հաշիվ Ալաշկերտի հովտի»: Մենք, հարկավ, չէինք կարող մեր հավանությունը տալ: Դաշնակիցները հաղթել էին, իսկ մեր հույսերը կապված էին նրանց հաղթանակի հետ: Եվ չգնացինք: Վերադարձանք տուն շատ հուզված և ամբողջ գիշերը սպասեցինք զինադադարի հայտարարությանը:

Մյուս օրը Ռեուֆ և Համիդ բեյերը եկան մեզ մոտ: Շատ մռայլ տեսք ունեին: Իրենց հետ բերել էին զինադադարի պայմանները: Ծանոթանալով այդ պայմաններին, մենք անմիջապես ըմբռնեցինք, որ Հայաստանի ազատությունը ապահովված չէ: Զինադադարը չէր պահանջում Հայաստանի գրավումը Դաշնակից զորքերի կողմից, զինաթափ չէր անում Թուրքիային և պարունակում էր այն բոլոր դժբախտ կարելիությունները, որոնք ապագայում իրողություն դարձան:

Զինադադարի կնքումից հետո Պոլսում այլևս գործ չունեինք: Մենք պետք է վարչապետ Իզզեթ փաշայից վերցնեինք հրաման Շուքրի փաշայի անունով կովկասյան սահմանների դատարկման մասին: Պետք է մեզ հետ վերցնեինք հայ գերի զինվորներին և վերադառնայինք տուն՝ նոր պատրաստություններ տեսնելու մեծ խորհրդաժողովին մասնակցելու համար:

Իզզեթ փաշան փակ ծրարի մեջ մեզ տվեց հրաման Շուքրի փաշայի անունով՝ Ալեքսանդրապոլը և Կարսը դեկտեմբերի 6-ին դատարկելու համար: Հրաժեշտի այցելություններ տալուց հետո՝ նոյեմբերի 1-ին «Ռեշիդ փաշա» նավով պատրաստվեցինք մեկնելու: Սուլթանի կողմից մեզ ողջերթ մաղթելու նպատակով եկավ մի սպա: Մեր գերի զինվորնները «Մեր Հայրենիքը» երգեցին, թուրք ասկյարները բարևի կանգնեցին, և ցերեկվա ժամը 12-ին նավը շարժվեց դեպի Բաթում: Վերջին վայրկյանին նաև բարձրացավ Էնվերի հորեղբայր Խալիլ փաշան: Ճանապարհին մեր նավը մի քանի տեղ ածուխի բացակայության և այլ պատճառներով կանգ առավ: Տրապիզոնի մոտ ափ իջանք, այցելություն տվեցինք վալիին, հարցրեցինք հայերի վիճակի մասին և իմացանք որ մոտ 200-ի չափ հայ կանայք մնացել են թուրքերի տներում: Մեկ անգամ էլ անգլիական ականակիր մի նավ կանգնեցրեց մեր նավը և իջեցրեց Խալիլ փաշային՝ Պոլիս տանելու համար: Ինչպես հետո իմացանք, Խալիլ փաշան Մալթա աքսորվելիք թուրք պետական գործիչների ցանկում էր:

Բաթումը տակավին թուրքերի ձեռքում էր, պարտության շունչը մինչև այնտեղ դեռ չէր հասել, ուստի մեզ որոշ նեղություններ պատճառեցին: Նոյեմբերի 14-ի երեկոյան ժամը 9-ին հասանք Թիֆլիս, խորհրդակցություն ունեցանք վրաց կառավարության հետ, որ պահանջում էր Վրաստանին զիջել Ախալքալակի և Բորչալուի գավառները այն պատրվակով, թե մենք պիտի ստանանք Թուրքահայաստանի վեց վիլայեթները ևս, հետևաբար՝ հողի կարիք չպիտի ունենանք: Մենք վերապահ դիրք բռնեցինք: Նոյեմբեր 15-ին Երևանից ստացանք անսպասելի հեռագիր, որը հաղորդում էր Կարճիկյանի սպանության մասին: Այս լուրը մեզ չափազանց անհանգստացրեց, և մենք որոշեցինք հնարավորինս շուտ մեկնել Երևան:

Նոյեմբերի 20-ին Ահարոնյանը, ես, Պապաջանյանը և Ժողովրդական կուսակցությանը պատկանող նախարարները մեկնեցինք Երևան: