Սուրբը՝ սատանաների մեջ. Քրիստինա Մկրտչյան

1269

Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրիում տված հարցազրույցը կրքեր էր թեժացրել: Ակտիվորեն քննադատում էին գյումրեցի լրագրողներին ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ, վարչապետից երաշխիքներ պահանջելու, չժպտալու ու «դիլխոր» լինելու համար:

Եվ այսպես.

Քննադատողների մի խումբը լրագրողներ էին կամ լրագրողների այն հատվածը, ովքեր սովորաբար պրոֆեսիոնալ կերպով հրահանգ են կատարում, ովքեր սովորաբար իրենց հոգու խորքում այնքան էլ հաշտ չեն իրենք իրենց հետ, բայց հնազանդ անում են այն, ինչ պահանջվում է իրենցից:

Մարդիկ, ովքեր իսկապես հավատում են վարչապետին կամ ուզում են հավատալ փոփոխություններին

Պայմանականորեն «քննադատների» երկրորդ խումբն այն մարդիկ են կազմում, ովքեր իսկապես հավատում են կամ ուզում են հավատալ, որ վերջապես ինչ-որ մեկը կանի փոփոխությունների առաջին քայլը:

Ինչո՞ւ էր արձագանքը կոշտ

Ինչո՞ւ նման մեծ արձագանգ եղավ: Վարկաբեկված, տանուլ տված իշխանության միակ հույսը կամ, փոխաբերական իմաստով, «միակ սուրբը սատանաների մեջ» հենց Կարեն Կարապետյանն էր: Նա, ով արդեն տևական ժամանակ իր ակտիվ ազարտով ու դրայվով փոխարինել է Վլադիմիր Գասպարյանին: Իր ակտիվ քննադատությամբ ու ընդհանուր հռետորական բնույթի խոստումներով Կարեն Կարապետյանը շատերի մոտ դրական սպասումների հույս արթնացրեց: Սակայն պետք է գնահատել, ի վերջո, չի կարող մեկը լինել մեկ սպիտակ կետ համընդհանուր գորշության մեջ, այն կամ խաբկանք կարող է լինել, կամ էլ համընդհանուր սևը կլափի նրան:

Կարեն Կարապետյանը համակարգի մի մասնիկն է, նա ընդունել է համակարգն այնպես, ինչպես կա, նա ՀՀԿ փոխնախագահն է և պատասխանատու է համակարգի բոլոր սխալների համար:

Հիմա մի քանի հարցեր, որոնք բաց մնացին:

Վարչապետը չունի հարցերի պատասխանը

Ոչ միայն վարչապետը, համակարգում ոչ ոք չունի այն պարզ հարցերի պատասխանը, որոնք հնչեցնում էին գյումրեցի լրագրողները: Ու ստեղծված վիճակի համար լրագրողները չէ, որ մեղավոր են: Վարչապետն առավել ևս չունի պատասխաններ: Մի քանի անգամ էլ ակնարկեց այդ մասին, որ հուշեք նաև պատասխանները: Այդպես է պատահում, երբ բախվում են դաժան իրականությանը: Ներվային լարումները տարբեր կերպ են արտահայտվում, մեկը խփել է խոստանում, մեկն էլ լրագրողի ձեռքից միկրոֆոն է խլում:

Վարչապետը վերցրեց միկրոֆոնը

Սա նյարդային գերլարման վերջնարդյունքն էր: Այ եթե վարչապետը կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ ունենար կամ առնվազն եթե տիրապետեր հարցերը «լղոզելով պատասխանելու արվեստին», ինչպես շատերը քաղաքական դաշտում, նման բան հաստատ չէր լինի:

Մի բան հաստատ է. մեր իրականության մեջ նման «միջադեպ» դեռ չէր գրանցվել, ինչը կարելի է նաև ընկալել որպես մամուլի և ԶԼՄ աշխատողի գործունեությանը խոչընդոտել:

Ի՞նչ երաշխիք եք ուզում, բարա՞թ տամ

Երաշխիք կարելի է ուզել հետևյալ տեսքով. տվյալ ծրագիրն իրականացվում է այս ժամանակահատվածում, այս ներդրումների ծավալով, այս պայմաններում, ստեղծվում են այսքան աշխատատեղեր, հավելյալ եկամուտներ և այլն, եթե չի ստեղծվում, ապա վարչապետը, կառավարությունը և ծրագրի իրականացման հետ առնչություն ունեցողները հայցում են հանրության ներողամտությունը և հրաժարական են տալիս: Հիմա սա կլինի արդեն բարաթի ձևով, թե բանավոր հայտարարություն՝ դա կարող է որոշել Կարեն Կարապետյանը:

Աղբյուրը՝ http://galatv.am/hy/news/179466/