Էնվերը Պոլսի իր տանը Թալեաթի հետ ճաշում է հայ-վրաց-ադրբեջանական պատվիրակների հետ. 1918

1856
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունը: Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր: ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածելով արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության՝ առաջին անգամ այն կհրատարակի Հայաստանում:

_______________________________

Վեցերորդ գլուխ

Չորս ամիս Պոլսում

(1918 հունիս 15-նոյեմբեր 1)

Նախորդ հատվածը կարդալ այստեղ

Թալեաթից հետո մենք զգացինք, որ կարիք կա նոր այցելություն տալ Էնվեր փաշային: Էնվերը մեզ կրկին հավաստիացրեց, որ ինքը հրաման է տվել չգրավել Ղարաբաղը, բայց երբ խոսք բացվեց Բաքվի կոտորածի մասին, նա հետևյալ հայտարարությունը արեց, որ դեռ թարմ է իմ հիշողության մեջ.

«Դուք ասում եք կոտորած. բայց չէ՜ որ պատերազմի ժամանակ մարդիկ են սպանվում և շատ ավելի մեծ արյունահեղություններ են կատարվում, որոնց համար ժողովուրդները իրենց զորավարների համար արձաններ են կանգնեցնում: Չէ՞ որ, ըստ էության, նույնն է խնդիրը. պատերազմում թնդանոթներով ու հրացաններով են սպանում, իսկ այստեղ՝ սրերով ու սվիններով: Արդյունքը նույնն է՝ մարդկանց սպանությունը, ինչո՞ւ փարիսեցիություն անել: Հայերի կողմից Թուրքիային մահացու վտանգ էր սպառնում, որոնց սպանությունը պատերազմում հավասարազոր է թշնամիների սպանության»:

Գալով Ախալքալաքի գաղթականների վերադարձի խնդրին, Էնվերը պատասխանեց, որ դա անկարելի է զինվորական տեսակետից:

Թուրք գործիչները շատ ճշտապա կերպով էին պատասխանում մեր այցելություններին: Մասնավորապես, հոկտեմբերին, երբ գերմանացիների անհաջողությունները արևմտյան ճակատում աճում էին, թուրքերի փոխայցելությունները ավելի հաճախակի դարձան և վերաբերմունքը դեպի մեզ ավելի սիրալիր ու արտահյտությունները ավելի զգուշավոր: Այսպիսի տրամադրության մեջ էր, որ մի օր մեզ հայտնեցին, թե հրավիրում են ներկա գտնվելու Սելամլըզի՝ ներկայանալու Սուլթանին: Կրոնական արարողությունից հետո մզկիթում Էնվեր փաշան մեզ ներկայացրեց Սուլթանին: Ահարոնյանը ճառ ասաց Հայաստանի Հանրապետության անունով և հույս հայտնեց, որ անկախ Հայաստանն ու Թուրքիան այսուհետ բարի դրացիներ պիտի լինեն: Սուլթանը պատասխանեց, թե ինքը շատ երջանիկ է, որ «դարավոր բարեկամական» հարաբերությունները հայերի և թուրքերի միջև այժմ քաղաքական բարեկամության են վերածվում Հայաստանի և Թուրքիայի միջև: Սուլթանը հույս հայտնեց, որ մենք վերադառնալով Հայաստան, հայ ժողովրդին կհայտնենք Սուլթանի և ամբողջ Թուրքիայի անունով բարեմաղթությունները:

Հետո Սուլթանը իր պալատում մեզ ներկայացրեց թագաժառանգին: Կատարելապես մտավորական մարդու արտաքին ուներ և շատ հաճելի տպավորություն թողեց: Նա մեզ ասաց, թե ինքը երբեք համակիր չի եղել հայկական հալածանքներին և մաղթեց, որ Հայաստանը երջանիկ լինի:

Թագաժառանգի մոտ մենք ծանոթացանք նաև Թեվֆիք փաշայի հետ, ով Թուրքիայի նախկին դեսպանն էր Լոնդոնում: Թեվֆիկ փաշան մեզ ասաց, որ ինքը նախատեսում է պատերազմի աղետալի վերջավորություն: Նա կարծիք հայտնեց, որ երբ Թուրքիան կռվում է Անգլիայի դեմ, միշտ Թուրքիայի հետ է դժբախտություն պատահում:

Մի քանի օր հետո Էնվեր փաշան մեզ ճաշի հրավիրեց իր տուն: Արևելքի ամբողջ շքեղությունը բացվեց մեր առջև: Ոսկի, մետաքս, գործ, ամեն տեսակի թանկարժեք իրերով էր լեցուն Էնվերի բնակարանը: Ճաշի էին հրավիրվել նաև գերմանացի զորավար Ֆոն Սեքտը, ով այժմ գերմանական բանակի ընդհանուր հրամանատարն է, Թալեաթ և Իզզեթ փաշաները և կովկասյան երեք պատվիրակությունները:

Սեղանի շուրջ խոսակցության նյութը կովկասյան նորակազմ հանրապետությունների  ապագան էր: Էնվեր փաշան ասաց. «Լավ կլիներ, եթե Հայաստանը իր համար թագավոր ընտրեր ավստրիացի մի իշխան, Վրաստանը՝ գերմանական իշխան, իսկ Ադրբեջանը՝ թուրքական իշխան: Այս երեք թագավորությունները կարող էին շատ լավ ամրանալ իրենց արքայական տների շնորհիվ»:

Ճաշից հետո հյուրերը սկսեցին ուշադրությամբ դիիտել մեծ յուղաներկ մի նկար, որը ներկայացնում էր տեսարան Տրիպոլսի պատերազմից: Էնվեր փաշան ասաց, որ իր զինվորական կարիրերան պատերազմի դաշտում սկսվեց և ավելացրեց. «Կռվից դուրս ես կյանք չեմ ճանաչում ու չեմ հասկանում»: