Աղվորիկ գյուղի բնակչությունը 1886-1931 թվերին և խորհրդային տարիներին. Ամասիայի շրջան

3195

Աղվորիկ գյուղը գտնվում է Արփի լճից 14 կմ արևելք, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Աշոցքի սարավանդում, ծովի մակերևույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա, Վրաստանի հետ Հայաստանի պետական սահմանից 4 կմ, մարզկենտրոն Գյումրիից՝ 43 կմ, Երևանից 163 կմ հեռավորության վրա:

Գյուղը մինչև 1935 թվականը կոչվել է Ղարանամազ, այնուհետև վերանվանվել է Ենի-յոլ, որ թուրքերենից թարգմանաբար նշանակում է նոր ուղի: Աղվորիկ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։

Աղվորիկը մտնում է Արփի համայնքի մեջ, ունի շուրջ 100 բնակիչ: Գյուղի կլիման խիստ է, ցուրտ ձմեռ, երկարատև և զով ամառ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Ղարանամազն ունեցել է 285 բնակիչ, որոնք բոլորը դրված են “այլ” դասակարգման տակ: Մյուս երկու դասակարգումներն են “հայ” և “թաթար”:

Ինչպես Ղարանամազի, այնպես էլ շրջակա մի շարք գյուղերում բնակվում էին կարափափախներ:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Ղարանամազն ուներ 406 իսլամ բնակիչ:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է համապատասխանաբար 459 և 541 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին Ղարանամազն ունեցել է 476 բնակիչ, բոլորը՝ թրքո-թաթար: 1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Ղարանամազն ուներ 457 բնակիչ, որից 451-ը՝ օսմանյան թուրք, 6-ը՝ հայ:

Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Ղարանամազն ուներ 475 բնակիչ, որից 471-ը՝ թուրքական խումբ, 4-ը՝ հայ:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Ղարանամազ գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, օսմանյան թուրք, թուրքական խումբ:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական: Դրանցից ամենահայտնին Մեղրու շրջանի Նյուվադին էր՝ Արաքսի ափին:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Ղարանամազի բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

Ենի-յոլ վերանվանված Ղարանամազում 1939 թվականին կար 595 բնակիչ, 1959 թվականին՝ 703, 1970-ին՝ 1072, 1979-ին՝ 1091, իսկ 1989-ին՝ 45 բնակիչ:

 

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝