Սերժ Սարգսյանը դեմ չէ «4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը»

914

Հունվարի 26-ին իշխանական ՀՀԿ-ի խորհրդի նիստում ունեցած ելույթում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ասել է, որ դեմ չէ «4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը»:

«Գիտեք, որ այս օրերին քաղաքական դաշտում կա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ: Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, և դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ:

Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը:

Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու»,- ասել է ՀՀԿ նախագահը: