Դաշինքների պատմությունից

973

Ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախօրեին ոչ իշխանական դաշտում դիրքավորված կուսակցությունները միավորվում են դաշինքներում: Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում այդ դաշինքները ենթարկվում են քննադատությունների (որին տոն են տալիս նաև իշխանություններն ու նրանց վերահսկողության տակ գտնվող PR-շիկներն ու լրատվամիջոցները), հեգնանքի, ծաղր ու ծանակի, քանի որ դրանցում ներառված ուժերը երբեմն գաղափարապես հակադիր են:

Իսկ ե՞րբ է եղել, որ դաշինքները լինեն գաղափարական:

Այսօրվա ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան գաղափարակա՞ն է: ՀՀԿ-ն աջ/կենտրոնամետ ազգային-պահպանողական է, ՀՅԴ-ն՝ ձախ ազգային: Եվ ի՞նչն է այս երկու հակադիր ուժերին միավորում: Ճիշտ է՝ իշխանությունը, իշխանությունը և ուրիշ ոչինչ:

1996-ի նախագահական ընտրություններում, երբ ՀՀՇ-ն առաջադրում էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում, նրան աջակցեցին նաև ՀՀԿ-ն, ՀՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն և բազմաթիվ այլ ուժեր՝ աջ, ձախ, ազգային, լիբերալ: Այս ընտրությունների անհեթեթություններից էր այն, որ նախքան ՀՀՇ-ն իր համագումարում կառաջադրեր Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ՀՀԿ առաջնորդները՝ Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, այցելեցին Բաղրամյան 26 և ցանկություն հայտնեցին առաջադրել Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Տեր-Պետրոսյանի համաձայնեց:

Հավանաբար գաղափարական էին այն դաշինքները, որոնք ձևավորվում էին «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսով առաջնորդվող Ռոբերտ Քոչարյանի շուրջ, երբ նա երկու անգամ առաջադրվեց նախագահի պաշտոնում: Կուսակցություն չունեցող մարդու շուրջ, ով չորս անգամ (Քոչարյանը և՛ 1998-ին, և՛ 2003-ին Բաղրամյան 26 է հասել երկու փուլով) պետք է կեղծեր ընտրությունը, միավորվել էին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը և բազմաթիվ այլ հայրենասիրական, ազգային, պահպանողական, լիբերալ ուժեր:

Իսկ ի՞նչ կասեք ոչմիթիզհողական Ժիրայր Սեֆիլյանին, ով 2007-2008-ին կանգնեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին։

Հիմա եկեք հիշենք խորհրդարանական նախկին ընտրություններից առաջ ձևավորված դաշինքներից մի քանիսը՝ ամենից արտառոցները:

1995 թվական։ Իշխանական «Հանրապետություն» միավորման մեջ են մտնում ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, «Մտավորական Հայաստան» միությունը, Ռամկավար-ազատական (Լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը: Շա՜տ գաղափարական դաշինք է, հատկապես ՀՀՇ-ՀՀԿ-ին հնչակյաննների ու իշխանությունների ստեղծած ռամկավարների (կապ չունեին ոչ ՌԱԿ-ի և ոչ էլ ՀՌԱԿ-ի հետ) միանալը:

Իսկ հիշում ե՞ք 1999-ի խորհրդարանական ընտրությունները, երբ ՀՀԿ-ն, որի հիմնադիրներին կոմունիստները երկարամյա բանտարկություններին էի ուղարկել սիբիրյան բանտեր, դաշինք կազմեց նախկին կոմունիստ Կարեն Դեմիրճյանի նորաստեղծ ՀԺԿ-ի հետ: Այո՛, շա՜տ գաղափարական էր: Իհարկե, ավելի գաղափարական կլիներ, եթե նրան միանար նաև ԱԻՄ-ը, որի հիմնադիրներին ևս կոմունիստները բանտարկել էին անկախական ձգտումների ու պայքարի համար:

Այսպիսի օրինակներ շատ կան և անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել, բայց դա արդեն ոչ թե հոդվածի, այլ ծավալուն ուսումնասիրության թեմա է: Եթե կուզեք, կարող ենք 100 տարի առաջ էլ հետ գնալ և պատմել Հնչակյան-Իթթիհատ, Հնչակյան-Իթիլաֆ, ՀՅԴ-Իթթիհատ շփումների ու համագործակցության մասին մանրամասնորեն:

Վերջում, արժանի ենք համարում հիշեցնել, որ այսօրվա իշխող ՀՀԿ-ի առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, նախկինում եղել է կոմունիստ, ապա ՀՀՇ-ական: Ինչպես տեսնում եք, այստեղ էլ գաղափարական անցում կա՝ ապազգային կոմունիստ, ապա լիբերալ ՀՀՇ-ական, հետո աջ, պահպանողական ՀՀԿ-ական: Իհարկե, սա կարող է վերջը չլինել: Հայրենիքի հանդեպ նվիրումը կարող է մարդուն ստիպել դառնալ երեքից ավելի կուսակցության անդամ, ինչպես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում է, ով անցել է կոմունիստ-ՀՀՇ-ԱԺՄ-ՀՀԿ ճանապարհը:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ