Ծաղկուտ գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին. Ամասիայի շրջան

3729

Ծաղկուտ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 24 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից՝ 45 կմ հեռավորության վրա, Աշոցքի սարավանդում, Եղնախաղի լեռնաշղթայի ստորոտում` ծովի մակարդակից ավելի քան 2100 մետր բարձրության վրա:

Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ծաղկուտ և Լորասար գյուղերը: Ծաղկուտը նախկինում ունեցել է Գյուլլի անունը: Ծաղկուտ է վերանվանվել 1991 թվականին:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Գյուլլին ունեցել է 204 բնակիչ, որոնք բոլորը դրված են “այլ” դասակարգման տակ: Մյուս երկու դասակարգումներն են “հայ” և “թաթար”:

Ինչպես Գյուլլի, այնպես էլ շրջակա մի շարք գյուղերում բնակվում էին կարափափախներ:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Գյուլլին ուներ 284 իսլամ բնակիչ:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է համապատասխանաբար 313 և 403 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին Գյուլլին ունեցել է 248 բնակիչ, որից 242-ը՝ թրքո-թաթար, 6-ը՝ հայ: 1922-ի հաշվառման ժամանակ Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դրվել են “թրքո-թաթար” դասակարգման տակ:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Գյուլլին ուներ 316 բնակիչ, որից 306-ը՝ օսմանյան թուրք, 10-ը՝ հայ:

Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Գյուլլին ուներ 342 բնակիչ, որից 334-ը՝ թուրքական խումբ, 8-ը՝ հայ:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Գյուլլի գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, օսմանյան թուրք, թուրքական խումբ:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական: Դրանցից ամենահայտնին Մեղրու շրջանի Նյուվադին էր՝ Արաքսի ափին:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները, այդ թվում Գյուլլիի  բնակիչները, հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ, ըստ Շիրակի մարզպետարանի կայքի, Ծաղկուտ ունեցել է 244 բնակիչ:
Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝