«Երիտասարդ Թուրքեր»ի ոչ Ծերին պիտի հաւատալ, ոչ Երիտասարդին

1390

Բ. «ԿՈՆԳՐԷՍ»ԻՑ ՅԵՏՈՅ.- Հազիւ «Հնչակ»ի պատասխանը, ֆրանսերէն լեզուով, լոյս էր տեսել, երբ Սապահէտտինը ցանկութիւն յայտնեց տեսակցել մեզ հետ եւ անձամբ ծանօթանալ:

Տեսակցեցանք:

Երեւեց, որ նա ներքուստ շատ գոհ էր մնացել մեր չմասնակցելու եւ մանաւանդ «Հնչակ»ի քննադատութիւնից, որի բերած բոլոր փաստերի եւ դատողութիւնների հետ համաձայնելով՝ հարցրեց թէ ինչպէս էր եղել, որ մենք այդքան խորը կերպով թափանցել էինք «Իտտիհատ»ականների հոգու մէջ: Մեր անցեալի համառօտ պատմութիւնն արեցինք:

-«Միայն թէ, դիտեց, իմ մասին եղած ակնարկը չափազանց խիստ էր. ես նրանցից ո՛չ վախեցողն են, ո՛չ էլ կախումն ունիմ»:

-Բայց դուք չէք կարող հերքել, որ Պէհաէտտին Շաքիրը՝ իր ընկերների որոշման համաձայն՝ չէ՛ եկել եւ ձեզ չէ՛ սպառնացել՝ ձեր ծրագիրը Ֆրանսերէն լեզուով հրատարակած լինելունդ համար: Նա ձեր երեսին չէ՞ պոռացել որ դա ազգային դավաճանութիւն է:

-Այո՛, բայց ես չվախեցայ:

-Խնդիրը վախենալուն, չվախենալուն վրայ չէ, այ գործողութեան: Դա փաստ է նրանց անհամբեր հոգու: Վաղը միեւնոյնը չպիտի՞ անեն ե՛ւ մեզ, բաղկացուցիչ ուրիշ ազգերի համար.- քննադատութիւնը հէնց դրա մէջն է:

«Սահմանադրութիւն եւ ապակենդրոնացում» Կուսակցութեան պարագլուխը մեզ խնդրեց աւելի մօտենալ իրեն, աւելի յաճախ շփման մէջ գտնուիլ. որովհետեւ շատ խնդիրների մէջ, մենք աւելի դիւրութեամբ կարող պիտի լինէինք համաձայնել:

Ասացինք, որ կեանքը այդ ցոյց պիտի տայ եւ մենք չենք թերանար մեր պարտականութեան մեջ:

Մեր վաղեմի բարեկամ Ֆրանսիս դը Պրէնսանսէն Pro Armenia-ի մէջ՝ դիւանագիտական ճարպիկ դարձուածքներով «Օսմանեան ընդդիմադիր տարրեր»ի Բ. Կոնգրէսի առթիւ բարի ցանկութիւններ էր յայտնել:

Աճապարեցի իրեն տեսնել: Յայտնեց որ «Հնչակ»ի քննադատութիւնը ուշի ուշով կարդացել է, խնդրեց Պարլամենտ գալ, որպէսզի աւելի երկար խօսելու ժամանակ ունենայ. եւ ինքն էլ արդէն այդ մասին մեզ ասելիք ունէր:

Պատգամաւորաց ժողովի ճեմելասրահին մէջն ենք: Անցաւ Կոմս դը Մէօնը. մեզ տեսնելով՝ մօտեցաւ. «Դուք մի ազնիւ եւ քաջարի ազգ էք. քաղաքական կացութիւնը ա՜յնպիսի դարձուածքներ առնելու վրայ է, որ ապահով եմ՝ թէ Հայերի վիճակին մի թեթեւութիւն պիտի լինի. յոյս ունիմ, որ Հայերը իրենց կորովը մինչեւ վերջ չեն կորցնիլ, կը դիմանան այս ձախող օրերին…»:

Շնորհակալութիւն յայտնեցի:

Ֆրանսիսը դը Պրեսանսէի խօսքերը.

«Ես ատելով ատում եմ «Երիտասարդ Թուրքեր»ին. նրանց ի՛նչ լինելը ես շատ լաւ գիտեմ. համոզուած եմ, որ նրանցից ամէն մէկը մի մի Սուլթան Համիտ է. Ահմէդ Րիզայի ի՛նչ տեսակ մոլեռանդ Թուրք լինելը ինձ շատ լաւ ծանօթ է: Նրանք բոլորը եւրոպատեաց, քաղաքակրթութեան թշնամի, արիւնխում մարդիկ են. ո՛չ նրանց Ծերին պիտի հաւատալ, ո՛չ էլ Երիտասարդին: Ես կը ցանկայի որ Օսմանեան պետութիւնը քերուէր, սրբուէր աշխարհիս երեսից, նրա հետքն անգամ չմնար: Բայց ձեր վիճակը ինձ ստիպեց քաղաքավարական մի քանի խօսքեր ասել, երբ այդ մասին ինձ դիմում արեցին…: Դուք ձեր դիրքի վրայ մնացէք. բայց Դաշնակցականների դէմ էլ խիստ պայքար մի՛ մղեցէք.  աշխատելու է, որ «Երիտասարդ Թուրքեր»ը բացայայտ եւ հանդիսական կռուի բռնուին Թուրք պետութեան հետ, որ արտաքին միջամտութեան մի նոր դուռ էլ բացուի. եւ դրանից, կարծում եմ, ձեզ վնաս չի գալ…»:

Մասնաւոր առկայութիւն չանելով իր քաղաքական հասկացողութիւնների դէմ, մենք մատնանշեցինք պատմութեան այն ընդհանուր երեւոյթը, որ մի երկրի տիրող ազգայնական կուսակցութիւնները բաղկացուցիչ ազգերին չարիքներ հասցնելու կողմից՝ ամենայնիւ մրցում են բռնակալութիւնների հետ. իսկ Թուրք ազգայնականութիւնը է՛լ աւելի սոսկալի պիտի լինէր, որովհետեւ 40ական թուականների իրենց պատմութիւնից որոշ է՝ թէ նա ի՛նչ աւերներ գործելու ընդունակ է. ուստի, փոխանակ նրան շարունակ հարուածելու, թուլացնելու, նրա տիրապետութիւնը, ուժեղացմանը նպաստելը՝ պատմական սխալ է լինում եւ մեր քննադատութիւնն էլ հէնց դրա մէջն է…:

Մասնաւոր ոչինչ չաւելացնելով, խօսակցութիւնը շարունակեց, ըստ կարելւոյն, խոյս տալ ազգամիջեան պայքարից: Մօտ մէկ ժամ տեսակցութիւնից յետոյ՝ վերադարձանք էլ աւելի կազդուրուած:

Այսպէս, «Իտտիհատ»ը կարողացաւ, իրեն յատուկ խորամանկութիւններով, Հայ Յեղափոխական Ամրոցի ատամներից մէկը փշրել եւ նրանից էլ՝ իր ապագայ տիրապետութեան համար տարրեր պատրաստել:

Դա մի մասնակի յաղթութիւն էր, որ նա տարաւ:

-«Ձայն տուէ՛ք «Իտտիհատ»ին:

-Դա ա՛յդ օրուանից սկսուեց:

-Պատասխանատութիւնը ա՛յն ժամանակից է գալիս: