«Պատերազմի սնուցող գործոններն աշխատում են ողջ թափով». Ռուբեն Մեհրաբյան և Թաթուլ Հակոբյան

1134

«Դիսկուրս» հաղորդման հյուրերն են քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:

«2017 թվականն իմ գնահատմամբ չափազանց ռիսկային տարի է լինելու բոլոր առումներով, քանի որ հնարավոր պատերազմի սնուցող գործոններն աշխատում են ողջ թափով:

Դա նախեւառաջ Ռուսաստանի կողմից սպառազինության մատակարարումն է Ադրբեջանին, սա առաջին:

Երկրորդ, Հայաստանի դիվանագիտությունը, այսինքն՝ մի տկար, մի խայտառակ դիվանագիտություն, որը փաստորեն չի սպասարկում Հայաստանի շահերը, այլ զբաղված է հերթապահ հայտարարություններ տիրաժավորելով, նաեւ ինչ-որ առումով պրոպոգանդայով, բայց ոչ ավելին:

Երրորդ, Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին Արեւմուտքի կողմից հետխորհրդային երկրներում ռազմավարության բացակայությունն է, որը շարունակվում է մինչ օրս:

Այս ամենը հնարավորություն է տալիս Ռուսաստանին կոնֆլիկտները պահել իր կառավարման տիրույթում եւ ինքնուրույն որոշել, թե թեժացման ինչ աստիճան է պետք այս պահին եւ այս հարցում նրան, իհարկե, դաշնակցում է Ադրբեջանը:

Ռուսաստանի շահերն ուղղված են ոչ թե Մինսկի խմբում որպես համանախագահ նրա գործունեությանն աջակցելուն, այլ ուղղված է այն ասպարեզից ընդհանրապես հանելուն եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ եռանախագահության ֆորմատից տեղափոխել ռուս-թուրքական գործարքի հարթություն:

Այսօր Հայաստանը հասկանալի եւ հետաքրքիր չէ միջազգային հանրության համար, այսօր Հայաստանը դիտարկվում է որպես Ռուսաստանի կույրաղիք», – «Դիսկուրս» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Կարող է զարմանալի թվալ, բայց Ղարաբաղի խնդիրը Հայաստանի ներքաղաքական ընտրապայքարում ազդելու լուրջ գործոն չէ: Ավելին, դա գրեթե չի քննարկվում: Անգամ ասվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացել է Ղարաբաղի խնդրի պատճառով, այդտեղ էլ ես լուրջ խնդիրներ եմ տեսնում: Միանշանակ այդպես չէ: Ուղղակի առիթ էր պետք Տեր-Պետրոսյանին հեռացնելու և հեռացրին: Շատ կարեւոր է այստեղ, թե Ռուսաստանը շարունակելու է պնդել, որպեսզի Հայաստանն ընդունի այն ծրագիրը, որը մենք լրագրողներս եւ փորձագետներս անվանում ենք Լավրովի պլան:

Միակ բանը, որ ես ռեժիմին պաշտպանել եմ, դա այն է, որ Հայաստանը ճիշտ է արել, որ ոչ է ասել ռուսական այս նախաձեռնությանը: Ոչ նրա համար որ այն ռուսական է, այլ նրա, որ դա լավ ծրագիր չէ: Եթե ռուսները շարունակեն ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա, եթե Հայաստանը շարունակվի անտեսված մնալ իր բարեկամների կողմից Արեւմուտքում, այդ դեպքում մտահոգություն ունեմ, որ Հայաստանի դիվանագիտական ռեսուրսները չեն բավարարելու, որպեսզի կարողանա ոչ ասել ռուսական այս նախաձեռնությանը:

Ի՞նչ են ասում ռուսները: Ձեզ միջանկյալ կարգավիճակ ենք տալիս, որը շատ մոտ է անկախությանը, բայց անկախություն չէ, որի դիմաց որոշ շրջաններ եք տալիս: Վտանգավորն այն է, որ այս թեման Հայաստանի տասնյակ հեռուստաընկերություններում քննարկման առարկա չի դառնում »,- ասել է  քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը: