Բաքվի հայկական ջարդերը

1757
Bakvi pakhstakanner. 1990

Հայերը Բաքվում ենթարկվել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի սեպտեմբերին և 1990 թվականի այս օրերին՝ հունվարի 13-ից 15-ը:

1905-1906 թվականներին հայ-թաթարական/ադրբեջանական փոխադարձ ջարդերը ընթացել են Բաքվում, Շուշիում, Գանձակ/Գյանջայում, Նախիջևանում, Երևանում: Հայության համար ամենից սարսափելին 1918-ի սեպտեմբերի 15-ի Բաքվի կոտորածն էր, որին զոհ գնաց, տարբեր հաշվումներով, 9-ից 15 հազար հայ:

1990-ի հունվարին, ի տարբերություն Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերի, հազարավոր հայեր դեռ մնացել էին Բաքվում: Նրանք կարող էին նախորդ երկու տարիների ընթացքում փոխանակել բնակարանները կամ պարզապես փրկել իրենց կյանքը, սակայն մինչև վերջ հավատացին Բաքվի ինտերնացիոնալիզմին:

Ինչպես և Սումգայիթում 1988-ի փետրվարի վերջին օրերին, Բաքվում ևս հայերի վրա ադրբեջանցի հարձակվողների գործողություններն աչքի էին ընկնում առանձնահատուկ դաժանությամբ: Մարդկանց նետում էին վերին հարկերի իրենց բնակարանների պատշգամբներից, ամբոխը հարձակվում և երկաթյա ձողերով, դանակներով սպանում էր հայերին, ուղղակի զավթում նրանց բնակարանները, ունեցվածքը: Թե որքան հայեր են սպանվել Բաքվի ջարդերի օրերին` հստակ անհնար է ասել. հայերը նշում են 150, ներառյալ նրանք, ովքեր ստացած վերքերից մահացան մի քանի օր անց:

1989թ. դեկտեմբերից Բաքվում մնացած հայերին ազատվում էին աշխատանքից: Առավել անհնազանդ կամ դանդաղաշարժ ղեկավարների ազգանունները, որոնք մտածված կամ առանց մտածելու չէին կատարում այդ պահանջը, փակցնում էին հատուկ ցուցատախտակներին` Ժողճակատի նստավայրի առաջ: Նույն վայրում ցուցատախտակների վրա փակցնում էին նաև այն հարյուրավոր հայերի ազգանունները, որոնք դեռ շարունակում էին աշխատել Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմում, ՊԱԿ-ի համակարգում և այլուր:

Ժողճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»:

Բաքվի հայկական ջարդերը տեղի էին ունենում այն օրերին, երբ Ադրբեջանում իշխանության էր ձգտում Ժողճակատը: Մի կողմից Ադրբեջանի կոմունիստական ղեկավարությունը իշխանությունը պահելու համար Մոսկվայից օգնություն էր ակնկալում ճակատայինների դեմ պայքարում, մյուս կողմից` համագործակցում նրանց հետ:

Միխայիլ Գորբաչովը հեռուստատեսությամբ հայտարարում է, որ Բաքվում իրադարձությունները ողբերգական բնույթ են ստացել` «ջարդեր, սպանություններ, անմեղ մարդկանց իրենց բնակարաններից հանում և արտաքսում էին»: Խորհրդային պետության առաջին եւ վերջին նախագահը, ինչպես Սումգայիթի դեպքում, խուսափում է իրերն իրենց անուններով կոչելուց: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ` Բաքվում, զորքերը մտցվում են միայն այն ժամանակ, երբ արդեն հայկական ջարդերն ավարտված էին: Թվում է` զորքեր կարող էին և չմտցվել, եթե Ադրբեջանում վտանգի տակ չլիներ խորհրդային իշխանությունը:

«Ադրբեջանում ծայրահեղական ուժերի գործողությունները ստանում էին ավելի ու ավելի բացահայտ հակապետական, հակասահմանադրական և հակաժողովրդական բնույթ: Մի շարք շրջաններում բռնի ուժով հեռացվեցին իշխանության օրինական մարմինները, քայքայվեցին կառավարական կառուցվածքները: Հարյուրավոր կիլոմետրերի վրա ոչնչացվեցին պետական սահմանի ինժեներատեխնիկական կառուցվածքները: Գործնականում չէր թաքցվում հանրապետությունում իշխանությունը բռնի զավթելու խնդիրը: Այդպես չէր կարող շարունակվել»,- ասել է Գորբաչովը:

Հունվարի 15-ին, երբ Բաքվում շարունակվում էին հայկական ջարդերը, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը  ընդունում է ԼՂԻՄ-ում և մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու որոշում: Մինչդեռ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվում է միայն հունվարի 19-ին, երբ հայկական ջարդերը, ըստ էության, ավարտվել էին, և մայրաքաղաքում հայեր չէին մնացել:

Մոսկվան, հայկական ջարդերն օգտագործելով որպես պատրվակ, զորքեր մտցրեց Բաքու` ջախջախելու իշխանության ձգտող Ժողճակատին: Խորհրդային զորքերն Ադրբեջանի մայրաքաղաք են հասան հունվարի 19-ին` ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Լեբեդի գլխավորությամբ: Գործողությունը համակարգում էր պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը: Մի քանի օր անց նա խոստովանել է, որ զորքերը Բաքու են մտցվել «Ժողճակատի կողմից իշխանությունը կոմունիստներից զավթելու փորձը կանխելու նպատակով»:

Սպանվում են հարյուրից ավելի ցուցարարներ եւ գրոհայիններ, որոնց մի մասը մասնակցել էր Բաքվի հայկական ջարդերին: Խորհրդային տանկերի թրթուրների տակ ճզմվում են նաև տասնյակ խաղաղ քաղաքացիներ, հարյուրավորները վիրավորվում են: Բախումների ընթացքում սպանվում են խորհրդային բանակի ավելի քան երկու տասնյակ զինվորներ, ինչը նշանակում է, որ քաղաքում ընթացել են մարտեր ադրբեջանցիների և խորհրդային զորքերի միջև:

Բաքվի ողբերգական իրադարձություններից տարիներ անց Գորբաչովը խոստովանել է, որ իր հրամանով են զորքեր մտցվել Ադրբեջանի մայրաքաղաք. «Իրադարձությունները Բաքվում դարձել էին անկառավարելի, Գերագույն խորհուրդը և կոմկուսը կաթվածահար էին, քանդվել էր երկու հարյուր կիլոմետրանոց պետական սահմանը, հարձակումներ էին կատարվում տեղական մարմինների վրա: Ես շտապ Բաքու գործուղեցի Եվգենի Պրիմակովին և Անդրեյ Գիրենկոյին, ովքեր առաջարկեցին արտակարգ իրավիճակ հայտարարել ու զորքեր մտցնել: Այժմ էլ համարում եմ, որ դրանով կանխվեց ավելի մեծ արյունահեղությունը»:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ