Մինսկի խմբի կոչը անուղղակիորեն հետագա ադրբեջանական սադրանքների ճանապարհ է բացում

1131

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) հայտարարությունը՝ կապված դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ, լրագրող Թաթուլ Հակոբյանը ժամանակավրեպ է համարում:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք հայտարարությունը կրկին անհասցե՞ չէ և ավելին, քննադատության սլաքն ուղղված է Հայաստանին, քանի որ հայտարարության մեջ շեշտված է, թե «Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրենց մոտ պահել մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը», Հակոբյանը ի պատասխան նախ հորդորեց հասկանալ, թե ինչ է նշանակում ԵԱՀԿ Մինսկի խումբ և միջնորդներ. «Երբ հասկանում ենք, որ միջնորդներն ուղղակի միջնորդներ են և իրենց բոլոր հայտարարությունները պետք է փորձեն հավասարակշռված պահել, այդ ժամանակ հասկանում ենք, որ շատ ավելին իրենցից ակնկալել հնարավոր չէր»:

Ամենևին չպաշտպանելով համանախագահների հայտարարությունը՝ Թաթուլ Հակոբյանը նշեց. «Կարծում եմ, որ այն ոչ միայն անհասցե է, այլև կա Հայաստանին ուղղված ուղերձ, թե ինչու հետ չեք տալիս այդ ադրբեջանցի սպանվածի մարմինը: Մյուս կողմից փորձում եմ հասկանալ, որ Մինսկի խումբն ընդամենը միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն է, որի ցանկացած հայտարարություն, որը կողմերից մեկը կարող է ընկալել որպես ոչ հավասարակշիռ, արդեն պրոբլեմ կստեղծի ՄԽ գործունեության համար՝ մանավանդ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակաբար սպառնում ու շանտաժի է ենթարկում՝ հրապարակավ ասելով, որ ՄԽ ձևաչափը այն ձևաչափը չէ, որտեղ կարելի է լուծել ղարաբաղյան հակամարտությունը»:

Հակոբյանը հետևաբար փաստեց, որ Ադրբեջանի՝ շանտաժներն ու սպառնալիքները այն մասին, որ կարող է փորձել հակամարտության կարգավորումը տեղափոխել այլ ձևաչափեր, իրենց ազդեցությունը թողնում է, և ՄԽ եռանախագահները փորձում են ինչ-որ տեղ իրենց հայտարարությամբ ադրբեջանական կողմի շահերը բավարարել: Հակոբյանի համար ամենաանհասկանալին այն էր, որ ողբերգական դեպքից հետո ավելի քան տասն օրն անց են համանախագահներն անդրադառնում կատարվածին, ինչն անլուրջ է. «Սա այնպիսի մի միջադեպ էր, որին պետք էր արձագանքել հենց նույն օրը, ինչպես համանախագահների հայտարարությամբ, ինչու ոչ նաև ԵԱՀԿ ՄԽ գործող նախագահությամբ՝ ավելի բարձր մակարդակով: Իրավամբ այդ հայտարարության մեջ փոքր-ինչ բալանսը հակված է դեպի Ադրբեջան, և նրանք այնպիսի տեքստ են կազմել, որ տպավորություն է ստեղծում, որ սպանված ադրբեջանցին շատ էլ անմեղ մեկն է եղել, բայց իրականության մեջ մենք գիտենք, թե ինչի արդյունք է եղել այդ ամենը: Լավ կլիներ ՄԽ համանախագահներն ավելի շատ փորձեին կողմերին հորդորել, որ իրավամբ հետաքննություն անցկացնեին կամ իրենք փորձեին թեման տաք պահել, որ նման միջադեպեր այլևս չկրկնվեին: Ինչ-որ իմաստով այս հայտարարությունը նաև անուղղակիորեն հետագա ադրբեջանական սադրանքների համար ճանապարհ է բացում»:

Հակոբյանը փաստեց, որ կան մի շարք հարցեր՝ արդյոք հայկական կողմը չի ուզում հանձնել մարմինը, ինչ պայմաններ են դրված և այլն: Եվ այս համատեքստում նման հայտարարության տարածումը որևէ բան չի ավելացնում այն փխրուն խաղաղությանը, որն այս օրերին պահպանվում է ՀՀ-Ադրբեջան սահմանին և ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

http://www.aravot.am/2017/01/10/844050/

Կարդալ նաև՝

Մինսկի խումբը կոչ է անում արագացնել հետաքննական մեխանիզմի ներդրումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին անցյալ տարեվերջի բախման կապակցությամբ և կողմերին կոչ են արել խստորեն պահպանել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպով, Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Ռիչարդ Հոգլանդ, Միացյալ Նահանգներ), հանդես են եկել հայտարարությամբ։

«Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել հայ-ադրբեջանական սահմանին 2016 թ. դեկտեմբերի 29-ի դիվերսիայի փորձի համար, որի արդյունքում կան զոհեր։ Սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը դեռ գտնվում է հայկական զինված ուժերի մոտ։

Հրադադարի ռեժիմի խախտումները անթույլատրելի են, և հակասում են կողմերի ստանձնած պարտավորություններին, որոնք ուժ չկիրառելու լիակատար պատասխանատվություն են կրում։

Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում պարտավորությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում կյանքի կոչել [հրադադարի խախտումների] ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմը: Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել զոհվածների մարմինները, ըստ 2010 թ. Աստրախանի գագաթաժողովի համաձայնության՝ հաշվի առնելով այս հարցում բացառապես մարդասիրական բնույթը։ Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները։

Համանախագահները իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և բոլոր հայերին ու ադրբեջանցիներին, ում համար Ամանորը մթագնեց անիմաստ կորստի վշտով»։

CivilNet.am