Հայաստանը շարունակում է սպառել թուրքականը, անգամ երբ արտադրվում է հայկականը

2056

Չնայած Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը և Անկարայի կողմից Հայաստանի՝ 1993-ից ի վեր անդադար շրջափակմանը, թուրքական ապրանքները շարունակում են մեծ քանակներով սպառվել Հայաստանում և Արցախում:

2016 թվականի 11 ամիսներին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Թուրքիայից ուղիղ կամ երրորդ երկրի ճանապարհով Հայաստան է ներկրվել 145 միլիոն դոլարի ապրանք: 2015-ի համեմատ աճը կազմել է մոտ 20 տոկոս:

Հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից դեպի Թուրքիա, արտահանումը չնչին է․ 11 ամիսների ընթացքում արտահանվել է ընդամենը 446 հազար դոլարի արտադրանք: Համեմատության համար նշենք, որ եթե 11 ամիսների ընթացքում Հայաստանից Թուրքիա է արտահանվել 446 հազար դոլարի ապրանք, ապա միջին հաշվով Հայաստանում ամեն օր սպառվում է 500 հազար դոլարի թուրքական ապրանք, այդ թվում անգամ օճառ և զուգարանի թուղթ:

Ոչ պաշտոնական տվյալներով, թուրքական ապրանքների սպառումը Հայաստանում ավելի մեծ է, քանի որ առևտրականները և շարքային քաղաքացիները Վրաստանից փոքր քանակներով օրական հազարավոր դոլարների թուրքական ապրանք են հասցնում Հայաստան ցամաքային ճանապարհով:

Վերջին 22 տարիներին՝ 1995 թվականից ի վեր (այդ տարվանից են պահպանվել պաշտոնական վիճակագրական տվյալներ), Հայաստանը Թուրքիայից ներկրել է ավելի քան 2.5 միլիարդ դոլարի ապրանք, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա է արտահանվել ընդամենը 40 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ 65 անգամ պակաս:

Ոչ մի երկրի հետ Հայաստանը չունի նման բացասական ապրանքաշրջանառության ցուցիչ:

Հայ-թուրքական առևտուրը իր ծաղկման շրջանին է հասել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այսպես, 2008-2016 թթ. ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել ավելի քան 1.8 միլիարդ դոլարի ապրանք, նույն ժամանակահատվածում արտահանվել է ընդամենը 10 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ 180 անգամ պակաս: Թուրքիայից Հայաստան ներկրումների գագաթնակետը Աբդուլլահ Գյուլի Երևան այցի տարում էր՝ 2008-ին․ այդ տարի ներկրվել է ավելի քան 268 միլիոն դոլարի ապրանք:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին Թուրքիայից Հայաստան է ներկրվել գրեթե 600 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել՝ շուրջ 18 միլիոնի:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել 46 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել՝ գրեթե 16 միլիոն դոլարի ապրանք:

Հայաստանից Թուրքիա ամենից շատ արտադրանք արտահանվել է 1997-ին՝ ավելի քան 7 միլիոն դոլարի, իսկ ամենաքիչը՝ 2016-ին:

Հայաստանի իշխանությունները խոսում են տեղական արտադրողին օժանդակելու մասին, սակայն, որոշ դեպքերում, իրականում անում են հակառակը:

Այսպես, արդեն մի քանի տարի Գյումրիում արտադրվում է «Նոյեմի» անունով օճառի տեսականի, որն իր որակական և գնային ցուցանիշներով չի զիջում թուրքական կամ ռուսական օճառներին, սակայն Հայաստանի սուպերմարկետների մեծ մասը, այդ թվում՝ «Երևան Սիթի» ցանցը, հրաժարվում է վաճառել տեղականը, քանի որ Գյումրիի գործարանի տերը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: Փոխարենը, այդ սուպերմարկետներում վաճառվում է թուրքական օճառ:

Եթե Հայաստանի զինված ուժերը օճառ գնեին տեղական արտադրողից, ապա Գյումրիում կստեղծվեր մինչև երկու հարյուր նոր աշխատատեղ: Գյումրիում, որտեղից աշխատանք չլինելու պատճառով արտագաղթը հասել է անասելի չափերի:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր նշանակումից մի քանի օր անց հայտարարեց, որ բանակը պետք է դառնա տնտեսության լոկոմոտիվը: Հրաշալի ձևակերպում է, եթե կյանքի կոչվի:

Թաթուլ Հակոբյան, ՍիվիլՆեթ

Կարդալ նաև՝ 

Թուրքակա՛նը վաճառեք, միայն թուրքակա՛նը