Ռուս-թուրքական հակամարտության մեջ Հայաստանը պետք է խուսափի կողմ դառնալ

1103

1920 թվականի աշնանը քեմալական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, մի քանի շաբաթների ընթացքում գրավեցին Հայաստանի Հանրապետության մաս կազմող Սուրմալուի գավառը, Կարսի մարզը, ապա Ալեքսանդրապոլը՝ ընդհանուր առմամբ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ու հայկական կողմին պարտադրեցին զինադադար և հաշտության բանակցություններ Ալեքսանդրապոլում: Այս խմբագրականը լույս է տեսել Երևանում հրապարակվող ՀՅԴ պաշտոնաթերթ ՅԱՌԱՋ-ի նոյեմբերի 24-ի համարում:

ՅԱՌԱՋ-ի նախորդ օրերի խմբագրականները կրում են Հաշտության խնդիրը և մեր կողմնորոշումը, Զինադադարը և Դեպի հաշտություն:

Հաշտության բանակցությունների առիթով

1

Երեկ գիշեր հաշտության մեր պատգամավորությունը նախկին վարչապետ Ալ. Խատիսյանի գլխավորությամբ մեկնեց Ալեքսանդրապոլ: Եվ այսօր երեկոյան սկսվելու են բանակցությունները թուրքերի հետ:

Ռազմական այն մեծ անհաջողությունից հետո, որ ունեցավ մեր բանակը, հաշտության այն անհաղթելի պահանջը, որ այնքան անօրինակ կերպով հրապարակ բերեց մեր ժողովուրդը իր հոգեկան վիճակի բոլոր արտահայտություններով, անկարելի էր անտես առնել: Եվ մեր կառավարությունը և տիրող կուսակցությունը, որ միշտ եղել է հարազատ թարգմանը մեր ժողովրդի պահանջների, բռնեց հաշտության ճանապարհը, լավ գիտակցելով հանդերձ, որ ներկա պայմաններում ծանր զոհողությունների գնով միայն պիտի հնարավոր լինի հաշտվել թշնամու հետ:

Մեր ժողովրդի մեջ սակայն կան տարրեր, որոնք դեռ չեն ըմբռնում կան չեն կամենում ըմբռնել, որ ստեղծված դրության մեջ հաշտությունը միակ միջոցն է փրկելու համար այն, ինչ որ դեռ կարելի է փրկել:

Այդ տարրերը, մեր պետության թշնամի ուժերի գործակալների ազդեցության տակ, ամեն կերպ աշխատում են վիժեցնել հաշտության գործը, դնել մեր պետությունն ու ժողովուրդը ավելի ևս վատթար պայմանների մեջ, որպեսզի թաղեն մեր անկախ պետական գոյությունը և մեր երկիրը կրկին դարձնեն ստրուկ օտարների ձեռքում և ծառա՝ օտար շահերին:

Մեր կառավարությունը ձգտում է սպառել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ մեր թշնամու հետ հաշտություն ձեռք բերելու համար: Եվ քանի դեռ մեր թշնամու իսկական մտադրությունները պարզ չեն, քանի դեռ վերջնականապես ապացուցված չէ քիչ թե շատ տանելի հաշտության բացարձակ անկարելիությունը թշնամու հետ, կառավարությունը երբեք չպետք է դիմի այնպիսի վտանգավոր արտաքին միջոցների, որոնք կարող են նորանոր աղետների դուռ բանալ մեզ համար:

Մեր երկիրը փոքր է և մեր ժողովուրդը՝ հոգնած, արյունաքամ: Ուստի, մեր կառավարությունը պետք է վարի մի այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանը դարձյալ գործիք չդառնա այս կամ այն արտաքին ուժի ձեռքում:

Այն դժբախտ և միանգամայն խրատական փորձերից հետո, որ մենք ունեցանք եվրոպական մեծ պետությունների “հովանավորության” հետ, այժմ էլ սովետական Ռուսաստանն է կարծես, որ կամենում է Հայաստանը ծառայեցնել իր նպատակներին ու շահերին և քաշել մեր ժողովրդին իր հետևից՝ նորանոր կռիվների համար:

Քաղաքական պայմանները ներկայումս Արևելքում այնպես են դասավորվում, որ այսօրվա դաշնակիցները՝ Մուստաֆա Քեմալն ու բոլշևիկները, կարող են ու թերևս պետք է բախվեն իրար հետ:

Երկու կողմերն էլ, տեսնելով նախանշանները այդ ոչ անհավանական բախման, ձգտում են ապահովել իրենց դիրքերը թե ռազմապես և թե քաղաքականապես: Մի կողմից Մուստաֆա Քեմալը կամենում է անվնաս դարձնել Հայաստանը իր համար, մյուս կողմից՝ սովետական Ռուսաստանը ձգտում է օգտագործել հայ ժողովրդի ռուսասիրական տրամադրությունները և դարձնել Հայաստանը մի գործիք՝ Թուրքիայի դեմ իր ապագա կռվի համար:

Մինչդեռ Հայաստանը ունի մի գերագույն պահանջ՝ կատարյալ հանգստություն և խաղաղություն:

Թող մարդիկ, որոնք գիտակցաբար, թե անգիտակցաբար կամենում են Հայաստանը և հայ ժողովրդին դարձյալ անվերապահորեն գցել ռուսական կողմնորոշման գիրկը, ըմբռնեն վերջապես, որ մի այդպիսի կողմնորոշման անխուսափելի արդյունքը պիտի լինի նախ Հայաստանի՝ որպես անկախ պետության վերացումը, և երկրորդ, հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը, եթե ոչ այսօր, գեթ վաղը՝ անխուսափելիորեն:

Որովհետև Ռուսաստանի ներկա քաղաքական դրությունը ոչ մի հաստատուն հիմք չի տալիս մեզ հաստատելու, որ նա պիտի կարողանա հարատևորեն պահպանել իր ազդեցությունը Անդրկովկասում: Լավագույն դեպքում, միայն նա պիտի կարողանա պահել Բաքուն: Հայաստանը, համենայն դեպս, ի վերջո իր ազդեցության շրջանակից դուրս է մնալու:

Ռուսաստանը վաղ թե ուշ պիտի հաշտվի Անտանտի հետ, և քաղաքական մանուկ պետք է լինել կարծելու, թե Հայաստանի շահերն են, որ նա երբեք չպիտի զոհի ուրիշներին՝ Անտանտի հետ հաշտվելու ժամանակ: Իսկ Անտանտը և մասնավորապես Անգլիան, ոչ մի դեպքում չպիտի թույլ տան, որ հաշտությունից հետո էլ Ռուսաստանը ի վիճակի լինի սպառնալ նրանց շահերին Արևելքում:

Այդպիսի պայմաններում Ռուսաստանի ազդեցությունը մեր սահմաններում կարող է լինել միայն մի ժամանակավոր, կարճատև երևույթ:

Իսկ ռուսների հեռանալուց հետո հայ ժողովուրդը դարձյալ, ինչպես և 1918թ., պիտի մնա մեն մենակ իր հարևան թուրքերի հետ: Թե ինչ կլինի դրա հետևանքը, դժվար չէ երևակայել:

Թուրքերը մեր մշտական հարևաններն են: Այդ պատճառով, մենք ամեն կերպ պետք է ձգտենք ամենից առաջ և ամենից ավելի ապահովել մեր հաշտությունը և բարեկամությունը մեր դարավոր թուրք հարևանների հետ, եթե չենք կամենում դարձյալ մեր ժողովրդին ենթարկել ժամանակի և հարափոփոխ պայմանների աղետավոր ազդեցություններին:

Մենք պետք է ընբռնենք մի պարզ ճշմարտություն. ռուս-թուրքական հակամարտության մեջ, որ այսօր ժամանակավոր բարեկամության և զինակցության քաղը դեռ չի պատռված, հայ ժողովուրդը ամեն կերպ պետք է խուսափի կողմ դառնալ:

Լավագույն քաղաքականությունը մեզ համար Հայաստանի կատարյալ չեզոքությունն է:

Այլապես մենք կկորցնենք ամեն ինչ, և մեր երկիրն ու ժողովուրդը ոտնակոխ կլինի երկու մեծ հակամարտ ուժերի բախման ժամանակ:

Լինենք գեթ այժմ խոհեմ ու զգաստ և չգործենք կրկին անցյալի դաժան սխալները:

Ով հայ ժողովրդի անկեղծ բարեկամն է, նա չպետք է Հայաստանը մղի դեպի մի ճանապարհ, որ կոտորածների պատճառ դարձավ և արգելք եղավ հայ և թուրք ժողովուրդների հաստատուն մերձեցման  ու հարատև բարեկամության համար:

Յառաջ, Խմբագրական, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, չորեքշաբթի, 24 նոյեմբեր, թիվ 258