Հայաստան՝ 2016-ի կարևոր օրերը. JAMnews

1583

Հունվարի 16

Կորցնելով Երևանի դեմքը

Արամի 30 հասցեի մեկհարկանի շենքը Երևանի նորակառույց Հյուսիսային պողոտայի ֆոնին հազիվ նկատելի էր: Սակայն մեկ գիշերվա ընթացքում այն վերացավ, քաղաքի մի փոքրիկ կենդանի մասնիկ ապօրինաբար հեռացվեց երևանցիների կյանքից: Այն նման էր մանկուց մնացած խաղալիքների. նրանց գոյության մասին մոռացել ես, բայց երբ նետում են աղբարկղը, մանկությունդ էլ է վերանում:

Ապրիլի 2-5

Քառօրյա պատերազմ

Քառօրյա պատերազմը ստիպեց, որ սեփական կաթսայի մեջ եփվող երևանաբնակ հայերը հասկանան. կյանքի հեզասահ ընթացքի համար պարտական են սահմանին կանգնած զինվորներին: Այն նաև կոնսոլիդացման մեծագույն գործոն դարձավ բոլորի համար: Առաջին անգամ բոլորը ոչ թե շտապում էին Երևան, այլ փորձում ամեն կերպ հասնել սահման, կամ որևէ կերպ աջակից լինել սեփական բանակին:

Հունիսի 24-25

Այց առաջինը քրիստոնեությունն ընդունած երկիր

Հռոմի Պապը Հայաստանում սպասված հյուր էր: Հրապարակային եկեղեցական արարողություններ Երևանում և Գյումրիում, հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին, հանդիպումներ Հայաստանում կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ… Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի «պաշտոնական» այցն ընկալվեց Հայաստանում որպես ընկերական և մտերմիկ:

Հուլիսի 17-31

ՊՊԾ գնդի գրավում

Երբ քո խոսքը չես կարողանում լսելի դարձնել, դիմում ես զենքի ուժին: Այդ ճանապարհն ընտրեցին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները՝ ավելի քան երկու շաբաթ լարվածության մեջ պահելով ամբողջ հանրապետությունը: Հասարակության մեջ կուտակված դժգոհությունն այնքան մեծ էր, որ մարդիկ դուրս եկան փողոց պաշտպանելու խմբի անդամներին և բարձրաձայնելու իրենց պահանջները: Ժողովուրդը նույնիսկ լսել չէր ցանկանում «ահաբեկիչ» որակավորումը ՊՊԾ գնդի տարածքը գրաված խմբի հասցեին:

Օգոստոսի 17

Օլիմպիական ոսկի 20 տարի անց

1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերից հետո առաջին անգամ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հայաստան բերեց Օլիմպիական ոսկի:

Սեպտեմբերի 21

Զորահանդես

Այն ինչ-որ տեղ պատասխան էր Ադրբեջանին: Նոր զինատեսակներ, նոր հռետորաբանություն: Պատերազմը բացահայտել էր նաև բանակի թերացումները, պետք էր վերականգնել մարդկանց մեջ հավատը՝ այլևս իշխանությունները թույլ չեմ տա նման իրավիճակ:

Նոյեմբերի 12

3:2՝ գերկամային հաղթանակ

Ֆուտբոլ Հայաստանում սիրում են, սակայն հայերը սիրում են հաղթողներին: Դրա համար այս խաղի ժամանակ էլ «Հանրապետական» մարզադաշտը համարյա կիսադատարկ էր: Եվ միայն նրանք, ովքեր մեր հավաքականն ավելի են սիրում, քան միայն հաղթանակները, ականատեսը եղան Հայաստանի ընտրանու վերջին շրջանի ամենափայլուն ելույթին: Պարտվելով Մոնտենեգրոյի հավաքայանին 0:2 հաշվով՝ Արթուր Պետրոսյանի սաները երկրորդ խաղակեսում փրկեցին հանդիպումը՝ 3:2:

Գևորգ Ղազարյան, Երևան

2 ՀՈՒՆՎԱՐԻ 2017

http://www.jam-news.net/Publication/Get/Hy-am/3214