800 հեկտար հողի կորուստը ռազմավարական և մարտավարական առումով. Սերժ Սարգսյան

3701

2016-ը դարձավ պատմություն: Առաջիկա օրերին ԱՆԻ-ն կներկայացնի անցնող տարվա, մեր կարծիքով, կարևորագույն իրադարձություններն ու հայտարարությունները:

__________________________

2016 թվականի մայիսի 17-ին Վիեննայից Երևան վերադարձի ճանապարհին, օդանավում, Սերժ Սարգսյանը անդրադարձավ Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի տարածքային կորուստներին Թալիշի և Լելե-թեփեի՝ Վարազաթմբի բարձունքներում:

Սերժ Սարգսյան. «Գոյություն ունի քարտեզ: Գոյություն ունեն պարզ հաշվարկներ: Բացի դրանից՝ գույություն ունի նաև գնահատական: Եթե դու ինչ-որ մի բան կորցրել ես, այդ մի բանը ինչ նշանակություն ունի՝ ռազմավարական նշանակություն ունի, մարտավարական նշանակություն ունի, թե կարող է ընդամենը ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն: Նախ, եթե զուտ մետրով չափենք, ապա պիտի ասեմ հետևյալը. հայկական ուժերը, որոնք, որպես անվտանգության գոտի, ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ: Դա մեկ հազարերորդն էլ չի կազմում: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն: Զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ որ մի արդյունքի հասել են: Բայց ուզում եմ մի համեմատություն անել: 800 հեկտար և յուրաքանչյուր հեկտարի համար մեկ զոհ և երկու վիրավոր ենթադրենք: Ճիշտ թվերը միայն իրենք գիտեն: Բայց նույնիսկ եթե կես զոհ և մեկ վիրավոր, էլի շատ է: Համեմատե՛ք, տեսե՛ք՝ այդ 800 հազար հեկտարը գրավելու համար ինչքան զոհ պիտի տային: Երբ ես ասում եմ՝ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարեցին, հավատացե՛ք, մեր զինված ուժերը ի վիճակի էին այդ ստատուս քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր: Արդյոք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35-40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու: Երևանում, սրճարանում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ՝ իրենք գնան վերցնեն և ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը և գնահատեն արժեքը մետրի և մարդու»: