Կարաբեքիրի հետ հանդիպում. Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերից

2854

Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը առաջին անգամ բոլորովին վերջերս հրատարակել է Մոդուս Վիվենդի կենտրոնը՝ աշխատասիրությամբ Վլադիմիր Հարությունյանի («Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր», «Մոդուս Վիվենդի», 2016): Առաջիկայում ԱՆԻ կենտրոնը կներկայացնի որոշ հատվածներ՝ այն վերածելով աբեղյանական ուղղագրության, օգտագործված ռուսաբանությունների փոխարեն դնելով հայերեն համարժեքը: Ղորղանյանը Ալեքսանդր Խատիսյանի պատվիրակության կազմում մասնակցել է 1920 թվականի Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններին, որոնք ավարտվեցին կամ կիսավարտ մնացին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդրապոլի դաշնագրի ստորագրումով:

_____________________________

Նախորդ հատվածը կարդալ այստեղ

Թուրքերի շտաբը տեղավորվել էր ամրոցում: Այդ հռչակավոր ապարանքը երևի շատ բան էր հիշեցնում թուրք հրամանատարությանը: Նա կառուցվել է մեծանուն իշխան Բեհբության օրոք և կրում է այն ահարկու անունը, որ անցյալ դարի 54 թվին Ալեքսանդրապոլի դիմաց, Բաշկադիկլարի սարահարթում, ջարդեց թուրքերի մեծ զորաբանակը և ստիպեց համառ և գոռոզ Կարսը խոնարհվել հայ հրամանատարի առաջ:

Եվ երբ մեր կառքերը կանգ առան մեզ համար այդ ապարանքում պատրաստված բնակարանի առաջ, մենք ոչ միայն ճնշված էինք, այլ՝ հուզված: Մենք անցնում էինք այն կամարներով, ուր երբեմն իշխել և ահաբեկել է հայ հռչակավոր հրամանատարը…

Մեզ դիմավորեցին թուրք սպաները, և մենք անցանք մեզ հատկացված սենյակները:

Հայկական պատվիրակության նախագահը իր ադյուտանտ Ղորղանյանին հանձնարարեց անցնել թուրքերի շտաբը և իմանալ, թե երբ կարող է թուրքերի հրամանատարը ընդունել հայկական պատվիրակությանը: Մի քանի ժամ հետո թուրք սպաների առաջնորդությամբ՝ Խատիսյանը, Գյուլխանդանյանը և ես անցանք թուրքերի շտաբը, որտեղ բնակվում էր ինքը՝ հրամանատարը:

Մեծ դահլիճում մեզ դիմավորեցին բազմաթիվ սպաներ զանազան աստիճանների և նրանցից ավագը մեզ առաջնորդեց դեպի հրամանատարի առանձնասենյակը: Ավագ զորավար Քյազիմ Կարաբեքիր փաշան՝ արևելյան ճակատի գլխավոր հրամանատարը, 40-45 տարեկան հաղթանդամ զորավար է՝ Նապոլեոնի տարազով հագնված: Նա լուրջ, խելոք, իր գինը իմացող մարդու տպավորություն էր թողնում: Նրա ընդարձակ սենյակը և ննջարան էր, և առանձնասենյակ:

Մեծ գրասեղանի վրա փռված էր ռազմական մեծ քարտեզը, երկար մատիտ, հեռախոս, ուրիշ ոչինչ: Մեզ հետո պատմում էին, որ թուրքերի հրամանատարը երկու բան է շատ սիրում՝ քարտեզ և հեռադիտակ:

Քարտեզի առաջ նա նստում է ժամերով, ուսումնասիրում և իր ռազմական դասավորումները անում…

Քյազիմ Կարաբեքիրը ստացել է բարձր զինվորական ուսում, ունի գրվածքներ: Խոսում է ֆրանսերեն և գերմաներեն: Ալեքսանդր Խատիսյանը՝ հրամանատարի հետ փոխանակելով ողջույններ, մեզ ներկայացրեց նրան:Հրամանատարը սիրալիր վերեբերվեց դեպի իր հյուրերը, անմիջապես բերեցին թուրքական ավանդական սուրճը փոքրիկ ֆինջաններով, և մենք, հավաքվելով քարտեզով ծածկված սեղանի շուրջ, անցանք զրույցի:

Կարաբեքիր փաշան շատ զգույշ և կոռեկտ, կրկնեց այն բոլորը , ինչ որ ասել էր նախարար Արարատյանին և դառնալով դեպի Խատիսյանը ավելացրեց. երբ ես լսեցի, որ դուք ձեր կառավարության հատուկ հանձնարարությամբ գնում եք Եվրոպա, ես Էրզրումից եկա Տրապիզոն: Ես հույս ունեի տեսնել ձեզ և հավատում էի, որ մենք մեր դարավոր վեճի մասին կարող ենք գալ որոշ համաձայնության: Բայց դուք, ժպտալով ասաց թուրք զորավարը, խորշեցիք Անատոլիայի գեղածիծաղ ափերից, և ես ստիպված էի արշավելու դեպի ձեր սահմանները…

Թուրքիայի ազգային մեծ ժողովը ոչ մի նվաճողական միտում չուներ և սպառելով դիվանագիտական միջոցները, վճռեց զինվորական ցույց կատարել ձեր սահմաններում՝ հույս ունենալով գեթ դրանով ստիպելոը ձեզ՝ Սևրից անջատ մեզ հետ բանակցելու: բայց, շեշտեց և շարունակեց հրամանատարը՝ ուղղահայաց դիմելով մեր երեքիս, երբ իմ բանակի առաջավոր մասերը՝ մի քանի հարյուր հոգուց բաղկացած, երևացին ձեր սահմանների բարձրավանդակներում, դուք դատարկեցիք Օլթիից մինչև Կաղզման և Սարիղամիշ:

Մեզ ոչինչ չէր մնում անելու, կարծես ներողություն խնդրելով վրա բերեց հրամանատարը, մենք հանգիստ գալիս էինքձեր հետևից և ճակատագրին հաճո էր երևի, որ մենք կանգ առնեինք միայն այստեղ, Արփաչայի ափերում: Բայց և այնպես, վերջապես դառնալով դեպի Խատիսյանը, Կարաբեքիրը ասաց, ես շատ ուրախ եմ ձեզ հետ գեթ այստեղ ծանոթանալու, որովհետև շատ անգամ եմ լսել ձեր մասին:

Խատիսյանը, որպես ճկուն հռետոր, կարիք չուներ դարձվածքներ որոնելու: Նա նույնպես քաղցրալից պատասխանեց թուրք հրամանատարին:

Երբ երեկոյան ժամը 9-ին մենք թողեցինք մեր բնակարանը և անցանք դեպի պատրաստված ավտոմոբիլները, երևաց թուրքերի հրամանատարը՝ շրջապատված իր շքախմբով: Կարաբեքիր փաշան այս անգամ մեզ տրամադրել էր իր ավտոմոբիլը և եկել էր մեզ ճանապարհ դնելու: Շնորհակալություն ասելով զորավարին նրա հյուրասիրության համար, մենք թողեցինք իշխան Բեհբությանի հռչակավոր ամրությունները:

Ես կուզեի մի քանի խոսք էլ ասել թուրք հրամանատարի մասին: Քյազիմ Կարաբեքիրը ընդունակ և լուրջ զորավար է և կարող է պատիվ բերել իր զորաբանակին: Բայց նա անուն և հռչակ ստացավ Կարսի անկումից հետո, և կործանվող Հայաստանի ավերակների առանցքում հյուսվեցին նրա դափնիները:

Թուրք հրամանատարին վիճակվեց քշել հայկական բանակը առանց կռվի և նա Կարս մտավ ոչ որպես հաղթող:Կարսի ամրությունների հարյուրավոր ծանր թնդանոթները, որոնք պատմության ընթացքում խորտակել են թշնամու մեծ բանակներ և ամիսներով Կարսը անձեռնմխելի դարձրել, բախտի քմահաճ բերումով լռել էին Կարաբեքիր փաշայի առաջ: Եվ նա մտավ Կարս մի քանի հարյուր քուրդ հրոսակների առաջնորդությամբ, որոնց առաջ գլխիկոր կանգնած էին թե այդ ահռելի թնդանոթները և թե Կարսում մնացած մեր զորավարները, սպաները և զինվորները:

Կարսը ընկավ, բայց ոչ նվաճվեց, ինչպես չհաղթվեց և հայկական բանակը, որին մի գերբնական ուժ հեռացնում էր առաջացող թշնամուց: Հայկական բանակը … թողեց պատերազմի դաշտը և հեռացավ:

Աղբյուրը՝ ՀԱԱ, ֆ. 477, ց. 1, գ. 17, թթ. 1-24, բնագիր, ձեռագիր, «Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր», «Մոդուս Վիվենդի», 2016, էջ 420-422:

Լուսանկարում՝ Սև ամրոցը