Երկու Ալիևներ, մեկ ոտնահետք. Իլհամը` հոր ստվերում. Meydan TV

1714

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv-ն, որը գործում է Գերմանիայում, հոդված է հրապարակել հայր և որդի Ալիևների մասին։ «Երկու Ալիևներ, մեկ ոտնահետք։ Իլհամի նախագահությունը հոր ժառանգության ստվերում» վերնագրված հոդվածը ներկայացնում է Ադրբեջանի վատթարացող տնտեսական պայմաններում Իլհամ Ալիևի առջև ծառացող մարտահրավերները։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահն է 2003 թվականից։ Ավտորիտար ռեժիմ կառուցելու և իշխանությունն իր ընտանիքի ձեռքում կենտրոնացնելու համար նրան պարբերաբար քննադատում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ընդդիմադիր կուսակցություններն ու միջազգային կազմակերպությունները։

Ալիևի ձեռքում են կենտրոնացած երկրի գործադիր, օրենսդիր և դատական հաստատությունները։

Չնայած Իլհամի բացարձակ իշխանությանը՝ նրա հայրը՝ երկրի նախկին նախագահ (1993 – 2003) Հեյդար Ալիևն է, որը պաշտոնական դիսկուրսում և հանրության շրջանում պատկերվում որպես ազգային փրկիչ, ազգի իսկական առաջնորդ՝ ինչպես Աթաթուրքը Թուրքիայում։

Մեծ հնարավորություններ ունենալով հոր կերպարը փոխարինել սեփականով՝ Իլհամ Ալիևը երբեք դա չի արել, փոխարենը նախընտրել է պահպանել և ամրապնդել իր հոր հիշողությունը՝ շարունակելով ապրել նրա ստվերում։

Այստեղից երկու հարց է ծագում։

Նախ, ինչո՞ւ է Կրտսեր Ալիևը որոշել պահպանել հոր անձի պաշտամունքը, և ինչն է խանգարում նրան ստեղծել սեփականը։ Ինչո՞ւ է Հեդարի անձի պաշտամունքը շարունակում զարգանալ ադրբեջանական քաղաքական էլիտայի պաշտոնական հռետորաբանության միջոցով։ Հաշվի առնելով երկրում անապահովությունն ու վտանգավոր տնտեսական ճգնաժամը, հոր տեղը զավթելը կարող է իմաստուն քայլ լինել՝ գոյատևելու Ադրբեջանի ներկայիս քաղաքական մթնոլորտում։

Երկրորդ, ինչո՞ւ է Հեյդար Ալիևը հավերժացել հանրության լայն շերտերի կողմից։  Ընդունելով Ադրբեջանի հասարակական կյանքում Հեյդարի կերպարի ամենագոյությունը, ժողովրդի մտքում կարծես գոյություն ունի Հեյդարի ժառանգության մասին մի բան, որը թե՛ կառավարությանը, թե՛ ժողովրդին հետ է պահում նրան անցյալում թողնելուց։

Լավ մարդ վատ ժամանակների համար

Ի տարբերություն որդու՝ Հեյդար Ալիևը քաղաքական մեծ փորձ ուներ, երբ իշխանության եկավ 1993-ին:

Իր կարիերան սկսելով Ադրբեջանական ԽՍՀ պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատում – ԿԳԲ-ի նախորդը)՝ 1944 թ. նա կարողացավ հասնել Խորհրդային Միության ամենաբարձր քաղաքական մարմինների ղեկավարության: 1969-1982 թվականներին նա ղեկավարում էր Ադրբեջանի կոմկուսի կենտրոնական կոմիտեն՝ նախքան Յուրի Անդրոպովի կողմից ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ նշանակվելը։

Որպես Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավար Հեյդար Ալիևի պաշտոնավարման ընթացքում հանրապետությունը կարևոր ձեռքբերումներ և նախորդ տարիների համեմատ ավելի բարձր տնտեսական աճ գրանցեց, սակայն այդ ժամանակաշրջանը նաև ուղեկցվում էր սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր մակարդակներում արմատացած կոռուպցիայով։

ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ Ալիևը հրաժարվեց ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության անդամակցությունից և վերադարձավ Ադրբեջան: Նա անմիջապես չհայտնվեց երկրի ղեկավարի պաշտոնում, այլ ժամանակի մեծ մասն անցկացրեց իր հայրենի քաղաք Նախիջևանում՝ ղեկավարելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը։

1991-1993 թվականներին Ադրբեջանը դժվարին իրավիճակում հայտնվեց։ Երկիրը կանգնեց տնտեսական ճգնաժամի ու քաղաքական քաոսի, նաև ցավոտ պատերազմի առաջ, որը ուղեկցվում էր ճակատամարտում հետևողական պարտություններով, տարածքների ու հազարավոր կյանքերի կորստով: Երկրի քաղաքական առաջնորդները  լուրջ անկարողություն դրսևորեցին այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում, և վերջապես իշխանությունը զիջեցին Հեյդար Ալիևին:

Հեյդարի ամենակարևոր հաջողությունը կայունության հաստատումն էր

Իշխանության վերադառնալով՝ Հեյդար Ալիևը շտապեց ցանկացած գնով դադարեցնել Հայաստանի հետ պատերազմը: Կարճ ժամանակ աց զինադադարի պայմանագիր կնքվեց, և Հայաստանի գրաված տարածքները մնացին  հայկական զորքերի վերահսկողության տակ։

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն նույնիսկ պնդում է, որ Ալիև Ավագը որոշեց ամեն գնով վերջ տալ պատերազմին՝ երկիրն իր ընտանեկան բիզնեսի վերածելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

Նա նշանակալի հաջողութան հասավ երկրում կայունության հաստատման գործում։ Հեյդարի ղեկավարության օրոք 1990-ականների սկզբի քառանիշ գնաճը տասնամյակի վերջում նվազեց միանիշի։ Բաքուն օտար պետությունների և ընկերությունների հետ ստորագրեց ածխաջրածինների արդյունահանման և փոխադրման մի շարք պայմանագրեր։ Ադրբեջանը Կասպից ծովից նավթի արդյունահանման նավթային պայմանագիր ստորագրեց ութ երկրների և 13 նավթային ընկերությունների հետ։ Ադրբեջանի պատմության մեջ որպես «դարի պայմանագիր» հայտնի այս պայմանագիրը 1999 թվականից սկսած երկրին հսկայական շահույթներ է բերում։ 2002թ. պետբյուջեի եկամուտները 85 անգամ, իսկ ծախսերը 72 անգամ գերազանցեցին 1993թ. ցուցանիշները։

Վաղ 1990-ականների դժվարություններով անցած Ադրբեջանի ժողովուրդը գրկաբաց ընդունեց այդ ձեռքբերումները և դրան հասած մարդուն։ Ստեղծված կայունությունը վերջ դրեց քաոսին, և ազգին վերադարձրեց բնականոն կյանքի։ Նավթային եկամուտների ներհոսքի շնորհիվ շատերը կարողացան ընտանիքներին ապահովել։ Այս ձեռքբերումների շնորհիվ Հեյդար Ալիևը կառուցեց անձի պաշտամունք և բազմաթիվ ադրբեջանցիների մտքում դարձավ «ազգային փրկիչ»:

Ալիև Կրտսերի օրոք կայունությունը վերածվեց լճացման, քաղաքական ազատությունների սահամանափակման և ավազակապետության։

2003թ. երիտասարդ և համեմատաբար անփորձ քաղաքական գործիչ Իլհամ Ալիևը իշխանությունը ստանձնեց ոչ թե արժանիքների շնորհիվ, ինչպես իր հայրը, այլ՝ ընտանեվարության (նեպոտիզմի):

Նա իր քաղաքական կարիերան սկսել էր 1994թ.՝ նախագահ դառնալուց ընդամենը ինը տարի առաջ, նշանակվելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ, ինչը հնարավոր էր եղել միայն հոր նախագահության շնորհիվ։

Այս քաղաքական ֆոնին Ալիև Կրտսերը ոչինչ չէր կարող անել, քան հայտարարել, որ  ինքը հետամուտ կլինի Հեյդար Ալիևի տնտեսական և քաղաքական կուրսին։ Հեյդար Ալիևը դարձավ Իլհամի «քաղաքական ծրագիրն» ու «քաղաքական մարքեթինգի բրենդը»։ 2003թ. նախագահական ընտրություններից առաջ նա խոստացավ հավատարիմ մնալ հոր ղեկավարման սկզբունքներին։

Նա պահեց իր խոստումը, բայց միայն մեկ առումով` ջանք չխնայեց կայունության պահպանման համար, ինչն էլ դարձավ նրա՝ երկրի ղեկը պահելու երաշխիքը։ Փորձագետները պնդում են, որ Հեյդար Ալիևը կանխատեսել էր որդու նախագահության կայունության անհրաժեշտությունը, և սա մեկն էր առաջնային պատճառներից, թե ինչու էր նա փորձում իրենից հետո թողնել առանց տարածքային հակամարտության երկիր՝ Ադրբեջանի տարածքները զիջելու հաշվին։

Չնայած Իլհամ Ալիևի ղեկավարության վաղ տարիներին երկրի նավթային ահագնացող եկամուտների շնորհիվ շարունակվող տնտեսական աճին՝ կայունությունը շուտով փոխակերպվեց լճացման, քաղաքական ազատությունների սահմանափակման և ավազակապետության։ Հեյդար Ալիևի նախագահության օրոք քաղաքական գործիչների մեծ մասը պահպանեցին իրենց դիրքերն ու հարստացան՝ Ալիևի կողմից քաղաքական վերնախավի շրջանում կոռուպցիայի վերացման ձախողման շնորհիվ։

Պաշտոնյաները վախենում էին Հեյդարից, որդուց նրանք չեն վախենում

Այս տիպի կառավարումը տարերայնորեն վատթարացրեց հարյուր հազարավոր ադրբեջանցիների վիճակը։ Կոռուպցիան հասավ գագաթնակետին. պաշտոնյաները անտեսում են ժողովրդի կարիքները և մտածում սեփական հարստություն դիզելու մասին։ Այս ֆոնին աճեց գործազրկության մակարդակը, աղքատությունը անվերահսկելի դարձավ ամբողջ երկրում, և դա ժողովրդին հասցրեց ներկա իրավիճակին, ինչը, ոմանց ասելով, 1990-ականների սկզբի վիճակից ավելի լավը չէ։ Վերջին տարիներին նավթի գների անկումը ավելի է բարդացրել իրավիճակը և ցնցել իշխանության հիմքերը։

Ստեղծված իրավիճակում ադրբեջանցիներից շատերը, որոնք անօգնական են զգում խոստորեն պահպանվող իշխանության դեմ, կարոտով են հիշում հայր Ալիևի իշխանության տարիները։ Հասարակ քաղաքացիները բողոքում են, որ պաշտոնյաները լուրջ չեն վերաբերվում նախագահի նկատողություններին։ Նրանք ցավում են, որ «պաշտոնյաները վախենում էին Հեյդար Ալիևից, սակայն որդուց չեն վախենում»։

Հեյդար Ալիևի նկատմամբ կարոտը գնալով ուժեղանում է, քանի դեռ երկրի ղեկավարությունը չի կարողանում կառավարել տնտեսական ճգնաժամը, որը վտանգում է միլիոնավոր մարդկանց բարեկեցությունն ու ստիպում նրանց արտագաղթել։ Չնայած Իլհամի՝ հոր տնտեսական և քաղաքական գիծը շարունակելու ձախողումը թուլացնում է նրա հռետորաբանությունը, իշխանությունը դեռ բարձր է գնահատում Հեյդար Ալիևի ձեռքբերումները. միգուցե միայն այն պատճառով, որ, ինչպես կայունությունը, այնպես էլ հայրը որդու իշխանության ժառանգության հիմքն է։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

ՍիվիլՆեթ