Երևանից դեպի Ալեքսանդրապոլ. Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերից

2906

Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը առաջին անգամ բոլորովին վերջերս հրատարակել է Մոդուս Վիվենդի կենտրոնը՝ աշխատասիրությամբ Վլադիմիր Հարությունյանի («Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր», «Մոդուս Վիվենդի», 2016): Առաջիկայում ԱՆԻ կենտրոնը կներկայացնի որոշ հատվածներ՝ այն վերածելով աբեղյանական ուղղագրության, օգտագործված ռուսաբանությունների փոխարեն դնելով հայերեն համարժեքը: Ղորղանյանը Ալեքսանդր Խատիսյանի պատվիրակության կազմում մասնակցել է 1920 թվականի Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններին, որոնք ավարտվեցին կամ կիսավարտ մնացին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդրապոլի դաշնագրի ստորագրումով:

_____________________________

Մենք գործ ունեինք թուրքական բանակի հետ, որ նվաճելով մեր երկրի գրեթե կեսը, բախում էր մեր մայրաքաղաքի դռները:

Իսկ երկրի ներսում, որպես մի գերբնական անտեսանելի հրեշ, կանգնում էր այլասերված հայը, որ հենվելով իր թիկունքում դարան մտած ռուս սվինների և թուրք խուժանի վրա, սպառնում էր ոչ միայն մեր քաղաքական սահմաններին, այլ մեր լինել կամ չլինելուն:

Այդ օրերին Երևանի ռուսական “դեսպանությունը” մի առանձին աշխույժ կյանք էր ստացել: Այդ դարանը մտած հայ մատնիչները վխտում էին այդ դեսպանության շուրջը մի առանձին բերկրանքով, իսկ դեսպանության ռուս և հայ անդամները … իրենց միջնորդությունն էին առաջարկում թուրքերի արշավանքի առաջն առնելու գործում:

Եվ հենց այդ օրերին հայկական կառավարության ձեռքն ընկավ Մոսկվայի հետևյալ գաղտնի գրության պատճեն Երևանում ռուս “դեսպան” Լեգրանի անունով: Ուղարկելով Ձեզ 35 հազար ռուբլի ոսկով Հայաստանում պրոպագանդա անելու համար, հայտնում ենք ի գիտություն, որ Հայաստանի դեմ բռնի միջոցների դիմելու անհրաժեշտություն չկա, մենք այնտեղ ունենք 138 գաղտնի գործակալներ, երկիրը ինքը կընկնի մեր գիրկը:

Ինքը՝ Լեգրանը, բացակա էր, նա Բաքու էր գնացել, նրան սպասում էին օրը օրին՝ թե իր “դեսպանատանը”, թե հայկական կառավարությունը:

Իր Երևան գալու մյուս օրը Լեգրանը՝ ուղեկցությամբ վրացի հայտնի բոլշևիկ Բուդու Մդիվանու, այցելեց Հայաստանի վարչապետին, և կառավարական կուլիսներում արդեն խոսում էին, որ Հայաստանի միակ փրկությունը “թեթև սովետիզացիան” է:

[Հայկական պատվիրակությանը Ալեքսանդրապոլ տանող գնացքը] փայլում էր էլեկտրական լույսով: Ալեքսանդր Խատիսյանը [Ալեքսանդրապոլ] էր գնում այն նույն սալոն վագոնով, որը ուղիղ մեկ տարի առաջ նրան բերեց դեպի Կարս: Ուղիղ մեկ տարի առաջ՝ շրջապատված զորավարներով, հասարակական գործիչներով ու փայլուն շքախմբով, վարչապետ Խատիսյանին Արփաչայի վրա ընդունում էր Կարսի նահանգապետի պատվավոր զեկուցումը նահանգի դրության մասին և շատ բարձր տրամադրությամբ լսում ազգային օրհներգը:

Այսօր Կարսի նախկին նահանգապետը Խատիսյանին կրկին ուղեկցում էր դեպի Արփաչայ, որի պղտորված ջրերի հորձանքում վերջինս ստիպված էր լինելու ստորագրելու այն Կարսի անջատումը, որ դեռ մեկ տարի առաջ արքայական ընդունելություն ցույց տվեց Հայաստանի վարչապետին:

Երբ պատվիրակության նախագահը մտավ սալոն վագոն, մենք բոլորս հուզված և ճնշված էինք:

Կան պահեր, երբ մարդկանց տրամադրությունը անդրադառնում է դեպի շրջապատը՝ անկախ խոսքերից ու հառաչանքներից: Այդ զգայուն և վիրավոր տրամադրությունը խմորվել էր պատվիրակության անդամների և նրանց ուղեկցող շարքերում՝ անկախ խոսքերից ու մեկնաբանություններից:

Բայց ելքը ուղեկցում է ամեն մի դրության, և մենք լուծեցինք մեզ ճնշող մթնոլորտը՝ շտապելով առանձնանալ մեր կուպեներում:

Եվ մեր այդ առանձնակի հոգեբանական վերապրումներով, խորին լռության և գիշերվա թանձր խավարի մեջ, մեր գնացքը շարժվեց դեպի Ալեքսանդրապոլ:

Մեկ ամսից ավելի Հայաստանը Բաքվից մազութ չէր ստանում, հայկական երկաթուղու գնացքները աշխատում էին փայտով: Պետական ապարատը արդեն միանգամայն խանգարվել էր, պաշտոնյաները իրենց վերջին ժամերն էին հաշվում: Այդ մթնոլորտում խոսք չէր կարող լինելպարտավորությունների, պարտաճանաչության և մանավանդ՝ պատասխանատվության մասին և ամեն ինչ կախված էր պաշտոնյայի քմահաճ տրամադրությունից:

[Մեր գնացքը] կայարաններում սպասում էր փայտի, և մենք Ալեքսանդրապոլ հասանք ոչ թե 5 ժամից, ինչպես առաջ, այլ միայն 40 ժամից հետո:

Հայաստանի երկաթուղիները զինվորական դրության մեջ էին և ենթարկվում էին զինվորական հաղորդակցությունների պետին, ով մի ռուս հարբեցող գնդապետ էր Միխայլովսկի ազգանունով:

Մեր հետևից, նույնպես շատ դանդաղ, գալիս էր ավելի մռայլ գնացք… Այդ վշտահար գնացքը՝ թուրքական հրամանատարի ուլտիմատիվ պահանջով, Ալեքսանդրապոլ էր տանում մեր թնդանոթները, գնդացիրները, ջորիները և այլ պատերազմական ավարը:

Երբ այդ ռազմամթերքը Երևանի կայարանում բարձում էին վագոնները, այդ զինվորական գնացքի պետ, սպա Վարդանյանը այնչափ հուզված էր և ջղայնացած, որ չկարողացավ իրեն զսպել և շատ բարձր հեկեկաց՝ հուզելով զինվորներին և կայարանի բազմությանը: Տիրեց մի աննկարագրելի թախիծ, և մարդիկ՝ մռայլ ու պապանձված, կարծես շարժվում էին որպես ուրվականներ այդ դաժան մթնոլորտում:

Նոյեմբեր 24-ի լուսաբացին մենք հասանք Ալեքսանդրապոլ: Դեռ Բայանդուրում՝ վերջին կայարանում [մինչև Ալեքսանդրապոլ], որը թուրքերի ձեռքում էր, մեր գնացք մտավ մի թուրք սպա, որին պատվիրված էր մեզ ուղեկցել Ալեքսանդրապոլ:

Կես ժամից մենք արդեն Ալեքսանդրապոլ էինք: Կայարանի թուրք փոխգնդապետ պարետը ներկայացավ մեր պատվիրակության նախագահին և ողջունեց մեր գալուստը: Նա խոսում էր ֆրանսերեն և, ինչպես պարզվեց, շատ մոտ ծանոթ էր Կարսի նահանգի մեր բոլոր անցուդարձերին: Նա մի քանի խոսքով կանգ առավ իմ վարած քաղաքականությանը, ընդգծեց զորավար Փիրումովի և Հովսեփյանի վերաբերմունքը դեպի երկրի իսլամ բնակչությունը…

Ալեքսանդրապոլի կայարանը ես չէի կարողանում ճանաչել, այնքան էր փոխվել այդ քսան օրերի ընթացքում: Արդեն չկային դռներ, լուսամուտի ապակիները, սեղաններն ու աթոռները: Ամեն բան թալանված էր ու կողոպտված: Իզուր էի ես կայարանում որոնում ծանոթ դեմքեր, այնտեղ վխտում էին թուրք զինվորները և մի երկու հայ մուրացկան:

Մեկ ժամ անց մեզ համար թուրքական շտաբից ժամանեցին երկու ավտոմոբիլ և երկու կառք: Ավտոմոբիլներից մեկն այն ավտոմոբիլն էր, որով Կարսի նահանգապետը շրջագայում էր նահանգում: Իսկ կառքերից մեկը՝ երկու սև նժույգներով, ժամերով կանգ է առել Կարսի նահանգապետի տան առաջ, Կարսի բերդի նախկին պարետ, զորավար Փիրումովի կառքն էր:

Այդպես փոփոխական են աշխարհի բախտը, փայլը և քաղաքական խաբուսիկ խմորումները: Եվ կյանքի այդ մոզաիկ հատվածները՝ կյանքի հետ միասին, անցնում, գնում են, սերունդներին թողնելով պատմության բեկորները, որտեղ հասարակական կյանքի ուսումնասիրողը գտնում է այնքան դրական ու բացասական տվյալներ:

Մենք անցնում էինք Ալեքսանդրապոլի գրեթե դատարկ փողոցներով: Թեև առավոտյան ժամը 9-ն էր, բայց փողոցներում մարդ չկար: Խանութները փակ էին, լուսամուտները՝ վարագուրված, և այս ու այն դռան կիսաբաց անցքից երևում էին մարդկանց սիլուետները… Այդպես էր դեռ երեկ եռուն ու բազմամարդ հայկական քաղաքի տեսքը:

Աղբյուրը՝ ՀԱԱ, ֆ. 477, ց. 1, գ. 17, թթ. 1-24, բնագիր, ձեռագիր, «Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր», «Մոդուս Վիվենդի», 2016, էջ 415-420:

Լուսանկարում՝ Երևանի կայարանի հին շենքը

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/11/03/khatisian-visit-karssarighamish-3-11-1919/