Հայաստանն ու Իրանը պատկանում են միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը. Հասան Ռոհանի

1336

Բաղրամյան 26-ում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Իրանի նախագահը առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

«Հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, և հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձևավորեցինք միջպետական հարաբերություններ»,- ասել է Սարգսյանը:

«Այսօր՝ 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ կարող ենք փաստել՝ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնի մեր հարաբերությունները: Մենք շնորհակալ ենք Իրանի ղեկավարությանը մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար: Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ և ազնիվ մեր հարաբերություններում և պատրաստ ենք այդպես էլ շարունակել»,- շարունակել է Սարգսյանը:

«Շատ ուրախ եմ, որ այսօր այցելել եմ Հայաստան՝ գեղեցիկ երկիր Հայաստան և Երևան մայրաքաղաք: Մենք Հայաստանը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Հասան Ռոհանին: