Հնչակեան-«Իտտիհատ»՝ Ահմէտ Րիզա, «Դոքդոր» Նազըմին շփումներից

1163

Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ՄԵԾ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ.- Փոքր-Հայքի մեր շարժումները (1891-1893) շատ մեծ արձագանք չէին գտել ֆրանսիական մամուլի մէջ: Սասունի ժողովրդական ապստամբութիւնն էլ (1894) չէր կարողացել համատարած լռութիւնը արմատից խզել:

Անգղիական մամուլը կրակ էր ժայթքում, ահագին չափեր էր տուել Հայկական Խնդրին: Դոքտոր Դիլլոնը, «Դէյլի Տելեգրաֆ»ին ուղղուած իր հռչակաւոր թղթակցութիւններով՝ Սասնոյ անհաւասար կռիւը դիւցազներգակ ոճով նկարագրել, աշխարհի առաջն էր դրել: Կ. Պոլսոյ անգղիական դեսպան՝ Սըր Ֆիլիպ Քըրին, Դիլլոնի գրածների տրցակը թեւքի տակ, Սուլթան Համիդին էր ներկայացնել եւ նրա առաջը փռել այն՝ ինչ որ իր դիւանագիտական ներկայացուցիչները եւ սպասարկութեան մէջ գտնուող դեղին մամուլը ուրանում, ժխտում էին: Լոփնդոնի մէջ բազմազանգուած ժողովներ, հաւաքոյթներ, դասախօսութիւններ էին ունենում: Հրապարակ էին եկած համբաւաւոր գլուխներ, անվիճելի հեղինակութիւն ունեցող անձնաւորութիւններ:

Իսկ ֆրանսիական մեծ մամուլը դեռ իր զրահապատ լռութիւնը շարունակում էր: Թուով շատ սահմանափակ, գրեթէ աննշան, բարեկամ թերթերի կողքին՝ աւելի յաճախ երեւում են ներշնչուած թերթերի խեղճ ու կրակ բացատրութիւնները թէ՝ այդ շարժումները յառաջ բերողը «Կոմիտէ դը Լոդրը» Հայ ընկերութիւնն էր ( Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը), որ իր կեդրոնավայրը Լոնդոնի մէջ ունենալով՝ ղեկաւարւում էր անգղիական շահերով եւ դրդումով: Եւ խիղճ ամենայն հանդարտութեամբ ակնարկում էին, որ Հայկական Խնդիրը, իսկապէս, անգղիական սադրանքների արդիւնքն էր, որին իրենք պարտաւոր էին հակառակել, որպէս ներհակ կողմից եկած մի թակարդի:

Մտքերի այդ տրամադրութեան մէջ էր, որ Լոնդոնի «Թայզմ»ի աշխարհահռչակ թղթակից Բլովիցը յաջողել էր ձեռք ձգել եւ հրատարակել 1895, Մայիս 11ի ծրագիրը՝ ամբողջապէս:

Փոթորիկը փրթաւ: Մամուլը յանկարծակիի եկած՝ գլուխը կորցրեց: Յօդուածների, բացատրութիւնների տեղատարափ էր, որ թափւում էր:

«Ֆիգարօ»ի քաղաքական խմբագիրը դրեց՝ «Տաճկաստանի մի խոշոր կառքը՝ Հայաստանն էլ գնաց»:

Թուրք դեսպանները կարգախօս էին արել՝ պայքարել:

Ահմէտ Րիզան խնդրեց տեսակցութիւն: «Կաֆէ Վոլթէռ»ի առանձնասենյակներից մէկի մէջն ենք ընկերներով: Մեզ ներկայացրեց՝ իր նորեկ ընկեր, Կուսակցութեան գանձապահ, «Դոքդոր» Նազըմին: Որովհետեւ երկրից նոր էր եկել, ուզեր էր մեզ ճանաչել, տեսնել, եւ թարմ տեղեկութիւններ տալ: Նա պատմեց որ՝ Իզմիրի, Սալոնիկի, Մակեդոնիայի, ծովեզերայ բոլոր քաղաքների, ինչպէս եւ Կ. Պոլսոյ մէջ՝ շատ մեծ թուով դժգոհ իսլամ տարրեր կան, մանաւանդ զինուորականներ, որոնք մի նշանի են սպասում ոտքի ելնելու, ուստի լաւ կը լինէր, որ համաձայնէինք, եւ միատեղ պայքար մէղքի «Սահմանադրութեան» եւ «ընդհանուր բարեկարգութեան» հողի վրայ: Իրենք պատրաստ են, եթէ մենք էլ համաձայն ենք՝ հրապարակ գալ միատեղ եւ այդ համաձայնութիւնը աշխարհին իմաց տալ մի հրապարակային յայտարարութեամբ՝ թռուցիկի ձեւով:

Նենգամտութիւնը որոշ էր:

Մեր կողմից կատարեալ մերժում:

Հոգեկան տարօրինա՜կ վիճակ. «Դոքդոր» Նազըմը «Սահմանադրութեան» անունը տալիս, շարունակ, չորս կողմն էր նայում, վախենալով՝ որ մի՛ գուցէ մի ուրիշը լսէր. անդադար այս ու այն կողմն էլ դիտում եւ զգուշութեամբ, ցածր ձայնով խօսում: Դա էլ անցաւ:

Առանց ժամանակ կորցնելու՝ Թուրք դեսպանատունը եւ իր տրամադրութեան տակ եղող հրապարակախօսները յառաջ եկան եւ սկսեցին պաշտպանել ընդհանուր բարեկարգութեան սկզբունքը, Հայերի փոքրամասնութիւնը, անմշակութական ժողովուրդ լինելը, իսլամների ջաղջախիչ մեծամասնութիւնը եւ Մայիս 11ի ծրագրի անհամապատասխան ու վնմասակար լինելը՝ կայսրութեան շահի տեսակէտից:

«Մէշվէրէթ»ը չուշացաւ. նա էլ ասաց, փաստեց այն՝ ինչ որ Միւնիր Բէյը եւ իրեն արբանեակները: Այստեղ՝ «Հին» ու «Նոր», «Ծեր» ու «Երիտասարդ» միացան՝ մէկ գծի վրայ կանգնեցան:

Մայիս 11ի ծրագիրը մասնակի բարեկարգութիւններ աչքի առաջ ունէր, Օսմանեան երկրի միայն մի կտորի, ընդհանուր ժողովրդի միայն մի մասի համար. մինչդեռ պէտք էր ներմուծել ընդհանուր, լայն չափերով բարեկարգութիւններ, որպէսզի ամբողջ Օսմանեան պետութեան՝ բոլոր ժողովրդի վրայ տարածուէր անխտիր:

Սա էր մեր հակառակորդների թէզը:

Դա հին, թրքական այն նենգաժէտ դիւանագիտութիւնն էր, որ շատ անգամ յաջողել, էր ձգձգել, ի դերեւ հանել բողոքող ազգերի նկատմամբ եղած բարեկարգչական նախագծերը: Բայց այդ փորձը ջաղջախուել էր իրականութեան առաջ: Օսմանեան պետութեան զարգացման, քայքայման գործը յառաջ չէր եկել՝ միաժամանակ, ընդհանուր ձեւի տակ, բոլոր վայրերը միատեղ ընդգրկելով, այլ մասնակի ուղիներով. – դա նրա պետական պատմութեան միս ու արիւնն էր կազմել:

Օսմանեան պետութեան բոլոր մասերը, միաժամանակ, դողի համաճարագից չէին բռնւում, այլ մաս առ մաս, պարբերաբար: Դա պատմութեան անհերքելի տուիքն էր:

Եւ այս անգամ էլ, այդ թէզը մէջտեղ գլորուելուն մի ուրիշ պատճառ չկար, եթէ ոչ՝ Մայիս 11-ի ծրագիրը ջուրը ձգել:

«Մէնշվէրէթ»ը, իր հայ ընկերներով եւ խմբագիրներով, մանաւանդ մէկը՝ որ «օսման» կեղծ անուան տակ էր թագնուել, եռանդուն պրոպագանդա կազմակերպեցին. – գրում, խօսում, վազվզում էին աջ ու ձախ՝ բոլոր հեղինակաւոր քաղաքագէտների մօտ:

Նորից տեսակցութիւն խնդրեցին: Ժողովուեցանք:

Մեր վերջնական եւ կտրուկ պատասխանն եղաւ, որ սկզբունքով հակառակ չենք ամբողջ Թիւրքիայի բարեկարգութեան. ընդհակառակը՝ ցանկացող ենք. եւ Մայիս 11-ի ծրագիրը արդէն այդ ընդհանուր բարեկարգութեան մի մասն էր, յարմարեցուած՝ աւելի ու պակաս, Հայ ժողովրդի պահանջներին: Ուստի, եթէ անկեղծ էին, ոչ միայն չպիտի հակառակէին, այլ իրենք էլ պիտի աշխատէին, որ այդ ծրագիրը օր առաջ իրականութիւն ստանար: – Համաձայնութիւնը չեկաւ:

«Երիտասարդ»ները Մայիս 11-ի ծրագիրը համարեցին անջատականութեան սաղմ, սկզբնաւորութիւն. իսկ մենք՝ ընդհակառակը՝ Հայ պատմա-անհատական գոյութեան մի փոքրիկ նախապայման, տարրական երաշխիք:

Թթու խօսքերի փոխանակութիւն:

Նորից քիթ ու պռունգով իրարուց բաժանուեցանք:

Ահմէտ Րիզան չյուսահատուեց: Նա մեկնեց Լոնդոն: Ընկեր Նազարբէկն էլ նոյն պատասխանն էր տուել: Այդտեղից էլ ձեռնունայն վերադարձաւ:

Ու սկսեցաւ կատաղի պայքարը:

«Մէշվէրէթ»ը վեց նահանգների եւ հայ ազգի համար այն էր ասում, ինչ որ Սուլթան Համիդի տիտղոսաւոր ներկայացուցիչները:

Մի օր, Ահմեդ Րիզան ասաց, որ դիրք ունեցող շատ հայեր իրեն հետ են արդէն եւ իր նման են մտածում՝ հակառակ մեզ: Մենք չհաւատացինք:

Մի քանի օրից յետոյ՝ հրապարակ եկաւ, «Ռըվիւ տը Պարի»ի մէջ, Լոնտոնի Պարսից նախկին դեսպան, հայազգի Մելքոն Խանի յօդուածը:

Մելքոն Խանը՝ Արեւելյան գործերով պարապող՝ դիւանագիտական աշխարհի մէջ ծանօթ եւ հեղինակութիւն վայելող անձնաւորութիւն էր: Նա համարւում էր Պարսկաստանի «Միտհատ»ը:

«Երիտասարդ», «Սահմանադրական» Պարսկաստանի ծնող, երկնող պարագլուխներից մէկն էլ ինքն էր: Մին այն հայ իրական խելքերից, որ ի սպաս, վարձու է տրւում օտարներին, առանց իր Ազգի համար շօշափելի, յարատեւ, արդիւնաւէտ, մնայուն մի բան անելու: Նա դեսպան էր, եղած, Խանի տիտղոս ունէր, լաւ հարստութեան տէր էր, Պարիզի մէջ ընկերային դիրք ունէր:

Չնայելով իր յառաջացած հասակին՝ տքտքալով, հեւալով, վեցերորդ յարկերն էր բարձրանում, այցետոմսը ձեռքին, Պարսիկ եւ Թուքր ուսանողներին տեսնելու, նրանց այցելութիւններ տալու, մինչդեռ Հայ ուսանողներից խոյս էր տալիս: Յաճախ նրան հանդիպում էինք նստած սրճարանների մէջ՝ Պարսիկ եւ Թուքր ուսանողների հետ՝ կծկուած դրութեան մէջ: Եւ կեանքի հեգնութիւնը երբեմն այնտեղ էր հասնում, որ տաք վիճաբանութիւնների ժամանակ՝ այդ մարդը չէր համարձակւում բերան բանալ. թէեւ ականատես էր լինում, թէ ի՛նչպէս մերոնց առաջ կծկւում էր: Միշտ խուսափողական. – երկու կողմերի ներկայութեան՝ ազատ, ճակատաբաց խօսել չգիտէր: Չենք ասում, որ նա ի ներքուստ, մի առանձին հրճուանք չէր զգում, երբ տեսնում էր «Երիտասարդ»ների ափ ի բերան մնալը, շշմուիլը. բայց, ո՜վ կեանք. իր այդ ներքին գոհունակութիւնը թագցնում էր. աւելի ուղիղը՝ չէր համարձակւում երեւան դնել, մարմին տալ եւ արտայայտել: Ունէր հեղինակութիւն: «Երիտասարդ»ները նրանից օգտուեցան:

Մելքոն Խանը այդ մեծածաւալ յօդուածով ասում էր որ եւրոպացիները դեռ չեն ճանաչում Արեւելքը:

Նրանք չպիտի միջամտեն Պարսկաստանի եւ Թիւրքիայի ներքին գործերի մէջ:

Պիտի օգնեն Պարսիկ եւ Թուրք «Երիտասարդ»ներին, որ նրանք «Սահմանադրութիւն» հաստատեն եւ Եւրոպական քաղաքակրթութիւն ներմուծեն իրենց երկրների մէջ:

Քաղաքական փոփոխութիւնները տիրող Պարսիկներից եւ Թուրքերից պիտի գան եւ նրանց ձեռքով կատարուեն եւ ո՛չ թէ Եւրոպական պետութիւնների ու Եւրոպացիների միջոցով:

Բարեկարգութիւնները պիտի լինէին ընդհանուր եւ ո՛չ թէ մասնակի:

Մասնաւոր ազգերի շարժումները սխալ էին: Ամէն ինչ պիտի լինէր համապետական ուղղութեամբ:

Պէտք էր վարկ տալ, հաւատալ Պարսիկ եւ Թուրք «Երիտասադ»ներին, որոնք ազնիւ զգացումներով էին տոգորուած եւ կարող էին քաղաքակրթութեան շինիչ տարրեր հանդիսանալ:

Եւրոպական պետութիւնների շահը պահանջում էր, որ Պարսիկ եւ Թուրք պետութիւնները իրենց ամբողջութիւնը, անկախութիւնը պահէին, եւայլն, եւայլն:

Յօդուածը շատ ընդարձակ էր. որ ունեցաւ որոշ ազդեցութիւնը,- դա անկասկած է:

«Իտտիհատ»ականները մի առանձին հրճուանքի մէջ էին:

Ահմէտ Րիզան մեզ տեսնելիս՝ մի տեսակ սիգաճեմ քայլուածք էր առնում եւ ամբարտաւանութեան հասնող ժպիտով հարցնում. «Տեսա՞ք»:

«Երիտասադ»ների դիրքը բարձրացաւ:

Մելքոն Խանի ետեւը կեցած շատ հայեր, որ մինչ այդ գաղջ էին, մեզ անհամակարծիք, ջերմ «Իտտիհատ»ապաշտներ դարձան:

Այդ ժամանակից էր, եւ դրդապատճառներից մէկն էլ, գուցէ, դա էր, որ Զմիւռնիացի յայտնի վաճառական Ս. Սպարթալեանը, մաս առ մաս, 2000 ոսկի նուիրեց «Իտտիհատ»ականներին: Ահմէդ Րիզան այդ ժամանակից ասում էր, բայց մենք հրաժարւում էինք հաւատալուց: Իրողութիւնը յետոյ ճշտուեց: «Մէշվէրէթ»ը ծաւալը խոշորացրեց, իր թուրքերէն եւ ֆրանսերէն հրատարակութիւնները կանոնաւորեց, ճոխացրեց. յաճախ յաւելուածական մասեր էլ դուրս բերեց:

Նուպար Փաշան այդ ժամանակ Պարիզ էր եւ Ս. Դ. Հնչակեաններին օգնում էր տարեկան 300 ոսկի նուէր ուղարկելով: Դիմեցինք նրան. հարցը պարզեցինք. խնդրեցինք որ իր ստորագրութեամբ հրապարակ դուրս գար եւ Մելքոն Խանին պատասխանէր, քանի որ Բերլինի դաշնագրութեան ատեն՝ ինքն իր գրչով պաշտպանած էր մասնակի բարեկարգութիւնների սկզբունքը: Փաշան մեզ ուշադրութեամբ լսեց. դժկամկեցաւ, որ Մելքոն Խանը այդպիսի մի յօդուած էր հրապարակել. իրարու հետ բարեկամական յարաբերութիւն ունէին, խոստացաւ հեղինակին դիտողութիւն անել, բայց հրապարակ գալուց հրաժարուեց եւ չգրեց:

Ահմէդ Րիզան, իւրայինների հետ միասին, մի քանի անգամ գնաց Նուպար Փաշայի մօտ, խնդրելով որ նա էլ, Մելքոն Խանի նման, հանդէս գար եւ իր կարծիքը յայտնէր: Մելքոն Խանը, իրաւ, խորագէտ «Պարսկահայ» էր, բայց նա շատ հեռու էր այնպիսի մի նրբամիտ, շրջահայեաց  դիւանագէտի հասնելուց, որպիսին էր Նուպար Փաշան: Ահմէդ Րիզայի հետ շատ քաղցրութեամբ վարուելով՝ յորդորել էր, որ հէնց Թիւրքիայի շահի տեսակէտից, Ս. Դ. Հնչակեանների դէմ մղած պայքարից դադար առնէր, իսկ Մայիս 11ի ծրագիրը, իր ոգով եւ միտումներով, բնաւ չէր գալիս հակառակելու Թիւրքիայի ընդհանուր բարեկարգութեան խնդրին: Օրինակ՝ Լիբանանի մասնաւոր վարչութիւնը աւելի նպաստել էր Օսամանեան պետութեան խաղաղութեան եւ զարգացմանը, քան վնասակար էր եղել», – ասած էր:

Թէեւ Նուպար Փաշայի խօսքերը չափուած, կշռուած էին. հասկացողը գիտէր՝ թէ ի՛նչ էր ասել, ինչքան նրբամտութեամբ էր իր հիւրին ընդունել եւ ճանապարհ դրել. Բայց դրանք Ահմէտ Րիզայի համար չէին. Բայց դրանք Ահմէտ Րիզայի համար չէին. Երեւոյթներից նա այն եզրակացութեանն էր հասել, որ Նուպար Փաշան էլ իր հետ էր եւ Թիւրքիայի ընդհանուր բարեկարգութեան կողմնակից եւ ո՛չ թէ մասնակի. ուրեմն նա էլ դէմ էր Մայիս 11-ի ծրագրին:

Շատ խմբագիրներ մեզնից տեսակցութիւններ էին խնդրում: Յայտնի հրապարակախօս Ժիւլ Հիւրէն եկաւ՝ մեզ գտաւ: Խնդրի էութեան հետ լաւ ծանօթանալուց յետոյ՝ հրապարակ եկաւ «Ֆիգարօ»ի մէջ, հրատարակեց իր սքանչելի յօդուածը՝ գրուած միայն իրեն յատուկ աւիւնոտ ոճով:

Նա ասում էր:

Հայ Ազգը կազմակերպուած ազգ էր:

Նա կորցնում է իր ազատութիւնը:

Նուաճողականութիւնը ուզում է նրան սպանել:

Նա կենսունակութիւն ունի, տէր է Եւրոպական մշակոյթի, օժտուած է մի Ազգի վերաբերեալ բոլոր ստորոգելիներով, չի կարողանում տանել իր վրայ ծանրացած օտար լուծը, կեանքի նոր պայմաններ է ուզում, ներքին ուժ է գոյացնում եւ ահա հրապարակ է գալիս կռուով, զէնքով: Հայկական պատմութեան եւ Թուրք եւ Հայ փոխ-յարաբերութիւնների:

Հիւրէն պատկերագրում էր, որ Ազգային աւանդավէպը հայ ազատութեան սուրը թագցրել էր Նազիկ լճի մէջ՝ «Հերոսները» փակել՝ քարայրներում եւ Խռերը՝ սկսած Սասունից՝ ձայն էին տալսի համայն հայ աշխարհին ոտքի ելնել, սուր առնել եւ կորցրած ազատութեանը հետապնդել: Հայ գործը, ուրեմն, ո՛չ արհեստական էր, ո՛չ էլ հետեւանք զանազան խարդաւանքների:

Նա վերջացնում էր.- «Արեւելքում վերածնւում է մի նոր Ազգ, ողջո՜յն այդ Ազգին»: Խրախուսում էր Հայ Յեղափոխականներին, ոգեկոչում էր Մհերին, Սասմայ Ճռերին հարուածը իջեցնել եւ վերջ տալ Հայ Տառապանքին:

Մայիս 11-ի ծրագիրը նա գտնում էր շատ չափաւոր եւ պահանջում նրա գործադրութիւնը:

«Մէշվէրէթ»ը շանթահարուեց: Տաճիկ դեսպանը իր ըմբիշները յառաջ քշեց, դիւանագիտական բառախաղերի տոպրակի բերանը բաց արաւ. բայց ուշ էր արդէն, Ժիւլ Հիւրէի գրիչը իր գործը տեսել էր: Մելքոն Խանի յօդուածը, շատ չանցած, անյուշ դիւանատան փոշոտ դարակների մէջը մտաւ, այնտեղից այլեւս դուրս չգալու պայմանով:

Մեր բարեկամ թերթերը շատացան:

Պայքարը շարունակուեց:

Պատմութիւնը առաջ էր գլորւում:

Պապ-Ալիի հսկայ ցոյցը տեղի էր ունեցել: Յեղափոխական ուժը, իր բոլոր հետեւանքներով զգալի էր եղել, ծանրացել էր օրական կեանքի վրան:

Մեր կուսակցութեան մէջ, պահ մի, միտք յղացուեցաւ ցոյցը վերակրկնել, եւ այս անգամ  աւելի ուժեղ թափով, տարածուն ու յարատեւող բնաւորութեամբ: Ցանկութիւն յայտնուեցաւ թուրքերին էլ առաջ քաշելու եւ միատեղ քայլել՝ այդ օրերին:

Յայտնի վաճառական Գաբրիէլեանի (Կարնեցի) մասնաւոր ջանքերով եւ միջնորդութեամբ տեսակցութիւններ հաստատուեցան՝ մի ելքի յանգելու համար: Տաք վիճաբանութիւններ օրերով:

«Իտտիհատ»ականները չուզեցին որեւէ պարտականութիւն ստանձնել: Նրանք յայտարարեցին.

Մեր մասնակցութիւնը ձեզ աւելի կ’ուժեղացնէր:

Օգտուողը միայն դուք կը լինէիք, քանի որ մինչեւ ցարդ ամէն ինչ մինակ ձեր անունովն էր գործուել:

Պետութեանց միջամտութիւն կը լինէր:

Թիւրքիայի բաժանումն առաջ կը գար:

Մենք հակառակն էինք պնդում, ասում էինք որ դա սկիզբն կը լինէր համագրոծակցութեան. Հայաստանը իրեն լորին «Հակառակորդների» դէմ ճակատեցնող, առաջնորդող պատշաճ բարեկարգութիւնը կ’ունենար եւ մենք էլ՝ մեր ուժերի սահմանների մէջ՝ կ’օգնէինք, որ ընդհանուր բարեկարգութիւն եւ սահմանադրութիւն յառաջանար:

Համաձայնութիւն չեղաւ:

Կ. Պոլսից խոյս տուել, Եւրոպա էր անցել «Միզան»ի խմբագիր Մուրատ Բէյը: Նա մի կոչ ուղղեց Ս. Դ. Հնչակեաններին, – դարձնել անօգուտ: Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը պահում էր իր դիրքը եւ շարունակում էր ընթանալ իր սեփական ուղիով: