Հայաստան-Իրան. ոչ բարեկամական միջադեպեր, դիվանագիտական սկանդալներ, ողբերգական դեպքեր

2520

Հայաստան-Իրան հարաբերությունները 1991-ից մինչ այսօր եղել են բարեկամական, սակայն գրանցվել են նաև ոչ բարեկամական միջադեպեր, դիվանագիտական սկանդալներ ու ողբերգական դեպքեր:

1992-ին Իրանը միջնորդություն ստանձնեց Ղարաբաղյան կարգավորման հարցում, որն անձամբ համակարգում էր արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին: Մայիսին Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան այցելեցին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները. ստորագրեց ղարաբաղյան կարգավորման 8 կետից կազմված եռակողմ հուշագիր:

Սակայն հուշագիրը ստորագրման պահից չգործեց, քանի որ հայկական ուժերը շարժվեցին դեպի Շուշի և մեկ օր անց ազատագրեցին քաղաքը: Հայ-իրանական հարաբերությունները որոշ չափով նահանջ ապրեցին: Երկու-երեք ամիս անց Տեր-Պետրոսյանի կողմից Ռաֆսանջանիի անունով մի տեքստ պատրաստվեց, նախագահի խորհրդական Վահան Փափազյանը հատուկ առաքելությամբ մեկնեց Թեհրան: Նրան ընդունեց փոխնախագահ Հասան Հաբիբիին, ում էլ փոխանցվեց Հայաստանի նախագահի ուղերձը, և սրանով դիվանագիտական սառեցումը հաղթահարվեց:

1993-ի գարնանը հայկական ուժերը դուրս եկան Քարվաճառ (Քարվաճառ): Իրանը դատապարտեց. արտգործնախարարություն հրավիրվեց Թեհրանում Հայաստանի դեսպան Վահան Բայբուրդյանը: Իրանը Հայաստանին ներկայացրեց բանավոր բողոք:

Մի քանի օր անց Թեհրանի տարբեր համալսարանների ուսանողներ բողոքի ցույց կազմակերպեցին Իրանում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց` «դատապարտելով հայկական ագրեսիան և պահանջելով անհապաղ հայկական ուժերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքից»: Ահռելի մի ամբոխ շարժվեց դեպի դեսպանություն: «Կորչի հայկական ֆաշիզմը», «Կորչեք օկուպանտներ» և նման կոչերով հանրահավաք կազմակերպվեց: Ամբոխը սկսեց դեսպանատան վրա քարեր, բենզինով լի շշեր նետել, փորձում էին դեսպանատան դռները ջարդել:

Արտգործնախարար Վահան Փափազյանն արտգործնախարարություն է հրավիրում Երևանում Իրանի գործերի հավատարմատար Ահմադ Սոբհանիին և միջադեպի կապակցությամբ պահանջում բացատրություն: Դեսպան Բայբուրդյանը խորհրդատվության նպատակով կանչվում է Երևան: Մեկ շաբաթով Թեհրանում Հայաստանի դեսպանության վրայից իջեցվում է եռագույնը:

Երբ արցախյան ուժերը դուրս եկան Աղդամ, դատապարտող հայտարարություն արեց Իրանի կրոնապետ այաթոլլա Ալի Խամենենին: 1993թ. հուլիսի վերջերին Թավրիզում նա  հայտարարեց, որ Իրանն անտարբեր չի մնա ադրբեջանական տարածքների հանդեպ հետագա ոտնձգությունների նկատմամբ: Խամենեին շեշտեց, որ «Հայաստանի կառավարությունը և Ղարաբաղի հայերը ճնշում են մահմեդականներին, և մենք դատապարտում ենք Ղարաբաղի հայերի վերջին գործողությունները, որոնք վայելում են Հայաստանի կառավարության օժանդակությունը»:

1994-ի մարտին ողբերգական դեպք գրանցվեց. Արցախի երկնքում խփվեց Մոսկվայից Թեհրան թռչող ինքնաթիռը, որը տեղափոխում էր Ռուսաստանում Իրանի դեսպանության դիվանագետների ընտանիքների անդամներին: Նրանք տուն էին գնում՝ նշելու Նովրուզը: Հայկական զինված ուժերի անբացատրելի անփութության պատճառով շուրջ չորս տասնյակ մարդ զրկվեց կյանքից: Դատապարտելի այս դեպքը լուրջ ճգնաժամ ստեղծեց հայ-իրանական հարաբերություններում: Հայաստանը ցավ հայտնեց տխուր միջադեպի առիթով:

2007-ի հոկտեմբերին Հայաստան այցելեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Այցը պաշտոնական էր, ինչը, ըստ արարողակարգի, ենթադրում էր այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակի զետեղում: Ծիծեռնակաբերդի բարձունքը նաև նշված էր Ահմադինեժադի այցի ծրագրում: Սակայն Իրանի նախագահը չայցելեց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, ենթադրաբար վնաս չհասցնելու Իրան-Թուրքիա հարաբերություններին:

Անցնող 25 տարիներին հայ-իրանական հարաբերություններում գրանցվել են այլ միջադեպեր: Մասնավորապես, Իրանին նյարդայնացրեց Նոբելյան դափնեկիր Շիրին Էբադիի 2010 թվականի Հայաստան այցը: Այդ առիթով նրանք բացատրություն պահանջեցին Էդվարդ Նալբանդյանից:

Իրանը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 25-ին: 1992թ. փետրվարի 9-ին Թեհրան այցելեց արտգործնախարար Ռաֆֆի Հովհաննիսյանը. այցի ընթացքում ստորագրվեց Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր: Նույն տարվա ապրիլին Երևանում բացվեց Իրանի դեսպանությունը: Մ. Նահանգներից հետո Իրանը երկրորդ պետությունն էր, որ Հայաստանում բացեց դեսպանություն: 1992-ի դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի դեսպանությունը:

Իրանի նախագահներից միակը, որ չի այցելել Հայաստան, Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է: Նրան հաջորդած բոլոր երեք նախագահները՝ Մոհամմադ Խաթամին, Մահմուդ Ահմադինեժադն ու Հասան Ռոհանին այցելել են Երևան:

Մոհամմադ Խաթամին Հայաստան է այցելել 2004-ի սեպտեմբերին: Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան այցելել է երեք անգամ՝ 2007-ի մարտին (մի քանի ժամով Ագարակ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի հետ բացումը կատարեց Իրան-Հայաստան գազատարի), նույն տարվա հոկտեմբերին և 2011-ի դեկտեմբերին:

Հայաստանի բոլոր երեք նախագահները այցելել են Թեհրան: Լևոն Տեր-Պետրոսյանը Իրան այցելել է 1992-ի և 1995-ի մարտին: Ռոբերտ Քոչարյանը Իրան այցելել է 2001-ի դեկտեմբերին և 2006-ի հուլիսին: Սերժ Սարգսյանը Իրան այցելել է երեք անգամ՝ 2009-ի ապրիլին, 2011-ի մարտին և 2013-ի օգոստոսին:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Դիտել նաև՝ 

Ռոհանիի այցին ընդառաջ․ Արա Պապյանի և Թաթուլ Հակոբյանի զրույցը ՍիվիլՆեթ-ում