Հնչակեաններ եւ «Երիտասարդ Թուրքեր». երդուեալ թշնամիներ

1662

ԳԼՈՒԽ Ե.

ԵՐԿՈՒ ԱՆՀԱՇՏ «ԹՇՆԱՄԻՆԵՐ»

 ՆԱԽԱՇԱՒԻՂ. – Ո՛չ միայն պարագլուխ, այլ միջին տեղերի տէր ամէն «Իտտիհատ»ական, առաջին խօսքից, բացորոշ կերպով կ’ասի, որ Ս. Դ. Հնչակեանները իրենց «ոխակալ», «անհաշտ», «երդուեալ թշնամիներն» են: Դա Կուսակցական ընդհանուր համոզմունք է «Իտտիհատ»ական բոլոր շարքերի մէջ, եւ այդ ո՛չ թէ այսօր կամ «Սահմանադրական» շրջանից, այլ դրանից շատ առաջ էլ:

Որ Ս. Դ. Հնչակեանները եւ «Երիտասարդ Թուրքեր»ը իրարու «անհաշտ» են եղել, վաղուց ի վեր,- դա պատմութիւնն է վկայում, նա բազմակույտ տուիքներ ունի. այդ մասին կասկած անգամ չի կարող լինել: Երկու Կուսակցութիւնների անցեալը, նրանց փոխ-յարաբերութիւնների արձանագրութիւնները դրա կարկառուն վկաներն են:

Իսկ թէ նրանք «թշնամիներ» են, եւ այն էլ «ոխակալ», «անհաշտ», «երդուեալ», – դրանք մեր գործածած եզրերը չեն. որովհետեւ մենք ո՛չ թէ «թշնամի», այլ հակառակորդ ենք համարում, բառիս քաղաքական իմաստով, այն բոլոր կուսակցութիւններին, որոնք մեր հիմնական սկզբունքները եւ գաղափարները չունին՝ ընկերային, տնտեսական, քաղաքական եւ այլ էական խնդիրների մասին:

Թշնամին թշնամուն հարուածում է կուրօրէն, յաճախ հին, անվերաքննելի հաշիւներից մղուած, բնազդաբար, անգիտակցաբար. մինչդեռ մեր մէջ, Ս. Դ. Հնչակեանների կողմից, գէթ, երբեք այդպիսի բան չի եղել: Մենք «Իտտիհատ»ին հետապնդել ենք, որպէս մեր գաղափարների հակառակորդ կուսակցութեան. իսկ եթէ դրանից, ժամանակի ընթացքում, «թշնամական» զգացմունքներ են ծնուել, կիրքեր բորբոքուել, ծաւալ առել, անհաշտութեան հասել, – դրա մէջ մենք մի առանձին պատասանատութիւն չունինք:

Մենք, որպէս գիտութեան հիմունքներով առաջնորդուող մի Կուսակցութիւն, այլապէս չէինք կարող անել, եթէ ոչ միշտ անդրդուելի, անխախտ մնալ մեր Հիմնական Սկզբունքների մէջ եւ մեր կուսակցական դիրքը, գործելակերպը, գործունեութեան տաքտիկական եղանակները՝ ամէն առթիւ՝ բղխեցին, յարմարեցնել, համապատասխան դարձնել մեր մօտաւոր եւ հեռաւոր նպատակներին: Իրական կեանքի տուիքներից բխող, նրա ծոցի մէջ գործող, նրան ամէն ինչ տալ, վերադարձնել ուզող մի Կուսակցութիւն ա՛յլ ընթացք բռնել չէր կարող՝ առանց ինքն իրեն հակասած եւ պատեհապաշտպանական ուղիների մէջ մտած լինելու. – ինչ որ միշտ էլ խորշելի է եղել մեր Կուսակցութեան համար եւ որից մենք շարունակ խոյս ենք տուել, հեռացել ու հակառակ վարուողներին էլ մեր հարուածների առարկան ենք դարձրել՝ յաճախ ակամայ, հարկադրուած:

Սակայն մեր քաղաքական հակառակորդը այդպէս չհասկացաւ կուսակցական փոխադարձ Պայքարի բնոյթը, թափը. նրա կուսակցական ոգին շուտով մթագնեց, այլասերուեց, խնդիրը նա դրեց ատելութեան, ոսոխութեան տարրերի, «թշնամական» յարաբերութիւնների եւ թունոտ զգացմունքների վրայ. ասիական չար ոխակալութիւնը, «մեղրից աւելի քաղցր բարկութիւնը», զգլխիչ սրտմտութիւնը շատ շուտով նրա ուղեղի մէջ բոյն դրեցին:

Թէեւ, ասենք, դա բացառիկ, արտաքոյ կարգի մի երեւոյթ չէինք համարում, ի նկատի ունենալով թէ մեր առաջ ովքե՛ր էին կանգնած եւ սերունդներ, յետնորդներ էին որո՛նց: Նրանց հոգւոյ խաղացքը, մտապատկերները, ժառանգականօրէն ստացած հակումները, բարք ու վարքը, միջավայրի կաղապարող ազդակները, հարկաւ պիտի արտադրէին ա՛յն, ինչ որ կար, ինչ որ անխուսափելի էր. իրը, բանը շօշափելի էր. բնազանցական, նորանշան՝ ոչի՛նչ. եւրոպական կեղեւը, արտաքին շպարը այդ տեղ մեծ դեր խաղալ չէին կարող:

Մենք այդ տեսած, զգացածէինք, ու հէնց դրա համար էլ «Իտտիհատ»ի շռայլած շողոքորթութիւններից, բազմապիսի քծինքներից, պապենական նենգամտութիւնից երբեք չխաբուեցանք, շարունակ կպած մնացինք, կառչեցանք իրականութիւնից, եղելութիւններից, գործքերից, քան բառերից եւ միշտ էլ կանգնեցանք մեր Սեպհական Ժայռի վրան՝ անսասան, ենթակայ ամէն տեսակ ցրտաշունչ հողմերի:

Սա էլ մի ուրիշ ապացոյց է, թէ տարիներ շարունակ եւրոպական քաղաքակրթական զանազան եզրերից խօսողը ժառանգական որքա՜ն ամրակուռ զրահով էր զգեստաւորուած, որ վերջ ի վերջոյ, առաջին պատեհ առթիւ՝ նրան տարան, մղեցին դէպի իր պատմական ուղին, բնական միջավայրը, պատշաճ տեղը,- ասիականութիւնը, որ միեւնոյն է՝ թրքականութիւնը:

Այո՛, մի տեսակէտով՝ մեր հակառակորդն էլ անդրդուելի եղաւ. տեղահանութեան, արմատական փոփոխութեան չենթարկուեց, եւրոպականութեան ալիքներից չտարուեց, չլուացուեց, չմաքրուեց. նրա հոգին էլ մնաց ա՛յն, ինչ որ էր,- առաջին թուրքը:

Բայց ինչ էլ որ լինի, որտեղից էլ որ ծագում առած լինի, իրողութիւնն այն է, որ երկու Կուսակցութիւնները իրարու անվերածելի հակառակորդներ են, անողոք «Թշնամիներ», անհատ դիրքերի վրայ կեցածներ: Այդ երկու ուժերից մէկը տեղի պիտի տայ, ընկնի, – դա պատմութեան բերած արդիւնքն է: Նրանք, այլեւս, միատեղ լինել չեն կարող. մէկի թուլութիւնը, տկարացումը, անկումը, մահը՝ միւսի ուժեղացումով, բարձրացումով, յաղթութեամբ եւ վերապրումովն է պայմանաւուրուած. կա՛մ մէկը, կա՛մ միւսը. խնդիրը այդտեղ է հասած: Այլեւս գրաւած դիրքերից ետ կանգնել, վայր իջնել չի կարելի, առանց վերջնական պարտութիւն, գահավիժում խոստովանելու՝ գիտակցաբար, հասունաբար: Պայքարը, մարտը, իր ամէն ձեւերով, հիմա անողոք ընթացք է առել. տեղի տալ չկայ, չշարունակելը՝ դասալքութեան, կուսակցադաւութեան: Վերջակէտը դրուած է:

Բայց ինչի՞ց, ինչպէ՞ս եղաւ այդ. – դա ունի իր պատմականը, որ համառօտ կերպով ներկայացնելը այլեւս անհրաժեշտութիւն է: