15 տարի տարագրության մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի անունը պարտադիր պետք է հնչի

1532

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հաշվետվությունը 2-րդ (20-րդ) համագումարում

Հարգելի պատվիրակներ, հարգելի հյուրեր:

Ձեզ եմ ներկայացնում Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության վերջին երեք տարիների կատարած աշխատանքների ամփոփ տարբերակը: Այդ ընթացքում Կոնգրեսի վարչությունը ունեցել է 37 նիստ եւ հանրապետական խորհրդի 12 նիստ, բոլոր նիստերը մշտապես անցել են բաց, ակտիվ քննարկումների ռեժիմով, ժողովրդավարական քննարկումների կանոններին համապատասխան: Նիստերում մշտապես քննարկվել է հանրապետությունում առկա քաղաքական իրավիճակը, ընդունվել համապատասխան որոշումներ, վարչությունը միշտ հանդես եկել քաղաքական հայտարարություններով:

Վարչությունը մշտապես անդրադարձել է տարածքային կառույցների խնդիրներին, Կոնգրեսի հանձնաժողովների աշխատանքներին, լսելով նրանց ծրագրերն ու հաշվետվությունները, քննարկել է միջկուսակցական եւ միջազգային հարաբերությունների հարցեր, միջազգային կառույցներում մեր գործունեությունը: ՀԱԿ-ի տարածքային կառույցների թիվը այս ընթացքում եղել է 38, որոնք մասնակցել են համապետական կամ տեղական միջոցառումներին, ընտրություններին, հանրաքվեներին և այլ տեղական միջոցառումների: Վերջին 2 ամսվա ընթացքում մեր կառույցներից 33-ը ընտրել է նոր խորհուրդի կազմ եւ խորհրդի նախագահ, 5 կառույց խորհրդի նախագահի ընտրությունները կկատարեն համագումարից հետո: Նշածս բոլոր կառույցները միասին իրենց ժողովներում ընտրել են համագումարի 504 պատվիրակ:

Հայ Ազգային Կոնգրեսը, խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ, երբեք չի հրաժարվել հրապարակային պայքարից եւ հանրային միջոցառումներց:

Մասնավորապես՝

Մասնակցել ենք “Էլեկտրիկ Երևան” շարժմանը, որը ուղղված էր հոսանքի թանկացման,

“100 դրամի” շարժմանը, որը ուղղված էր տրանսպորտի փոխադրավարձի թանկացման դեմ

Կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ շարժմանը, որի համար բոլոր կառույցներում հավաքվել են հազարավոր ստորագրություններ,

Մասնակցել ենք համայնքների խոշորացման դեմ մեր կողմից կազմակերպված գործընթացին բոլոր այն համայնքներում, որտեղ կատարվել են խոշորացումները:

Քառյակով, հետագայում՝ Եռյակով, ամբողջ Հանրապետությունով անց կացրել երթեր, հանրահավաքներ, ժողովներ:

Այս ընթացքում թողարկվել եւ բոլոր մարզերում բաժանվել է  Կոնգրեսի 20 թերթոն՝ 100.000-ից ավել տպաքանակով:

Ամեն տարի՝ մարտի 1-ին և դեկտեմբերի 10-ին կազմակերպել ենք միջացառումներ, ինչպե նաև Սարյանի պուրակում քաղաքական զբոսանքներ:
Մեր շարժման ամենա ծավալուն և ընդգրկուն միջոցառումը այս ժամանակահատվածում եղել է Կոնգրեսի կողմից նախաձեռնած Ոչ-ի քարոզարշավը:

ՈՉ-ի հանրաքվեի քարոզարշավին մեր տարածքային կառույցների համախոհները, ակտիվիստները, կուսակցական անդամները, որպես դիտորդներ, վստահված անձիք, հանձնաժողովի անդամներ մասնակցել են շատ ակտիվ և այդ թիվը մոտավորապես կազմում է 5.000 հոգի:

Մեր կուսակցությունը մշտապես ուշադրություն է դարձրել անդամավճարների հավաքագրմանը և դրա միջոցով է, որ լուծել է մեր կուսակցական խնդիրների և տարածքային կառույցների կարիքների որոշակի մասը: Այդ առումով շատ ակտիվ են եղել Արաբկիրը, Կենտրոնը, Աջափնյակը և այլ կառույցներ: Անդամավճարների հավաքագրումը ոչ միայն եղել է ֆինանսական խնդիրների լուծման միջոց, այլ նաեւ կուսակցության անդամներին կուսակցության խնդիրներին անմիջական մասնակիցը դարձնելու հնարավորություն: Այս առումով, շնորհակալություն բոլորին, ովքեր ճիշտ են ընկալել մեր մոտեցումը:

Այս երեք տարիների ընթացքում Կոնգրեսի հանձնաժողովների աշխատանքները եղել են ամենաակտիվն ու արգասաբերը: Կոնգրեսի վարչության կողմից ստեղծված թվով 9 հանձնաժողովները, որում ընդգրկված են եղել շուրջ 130 կուսակցականներ և համակիրներ, եղել են աշխատանքային շատ արդյունավետ մարմիններ: Այս հանձնաժողովները մշտապես օրենսդրական և խորհրդատվական աջակցություն են ցույց տվել Կոնգրեսի Ազգային ժողովի խմբակցությանը, ինչպես նաև խմբակցության միջոցով հանդես եկել խորհրդարանական նախաձեռնություններով:

Մեր հանձնաժողովների միջոցով պատրաստվել են տեղեկանքներ եւ նախագծեր Կոնգրեսի վարչության և խորհրդի որոշումների համար, կազմակերպվել են և իրականացվել միջացառումներ, լսումներ, դասընթացներ: Հանձնաժողովների աշխատանքները անց են կացվել 1 շաբաթից մինչև 1 ամիս պարբերականությամբ: Մեր հանձնաժողովները եղել են դեպքերի եւ իրադարձություններին ամենա արագ և օպերատիվ արձագանքող մարմիները: Այդ առումով անգնահատելի է Վահագն Խաչատրյանի կողմից ղեկավարվող տնտեսական հարցերի հանձնաժողովի գործունեությունը, որի կատարած բազմապրոֆիլ, բարձր մասնագիտական որակ ունեցող աշխատանքներով այս հանձնաժողովը մասնագիտական լուրջ աջակցություն է ցուցաբերել մեր խմբակցության աշխատանքների համար: Այս խմբում աշխատել են նաև Զոյա Թադեվոսյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը, Բագրատ Անդրեասյանը, Լևիկ Խաչատրյանը, Վահագն Գրիգորյանը եւ այլ տնտեսագետներ: Ամեն շաբաթ հանձնաժողովը կայացրել է նիստեր և մշտապես հանդես եկել նոր նախաձեռնություններով: Ամենածավալուն և դժվար աշխատանքները իրականացրել է նաև Ավետիս Ավագյանի կողմից ղեկավարվող տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովը, որը ամենածավալուն և աշխարհագրական առումով ամենաընդգրկուն հանձնաժողովն է եւ ամենաօրյա աշխատանք է իրականացրել: Այս հանձնաժողովում սյուներից է հանդիսանում բոլորիս կողմից շատ հարգված Վահագն Հայոցյանը: Արդյունավետ են աշխատել մեր հանձնաժողովներից նաև կրթության և մշակույթի հանձնաժողովը՝ Արշակ Բանուչյանի ղեկավարությամբ, հանձնաժողովի անդամներ Սամվել Կարաբեկյանի, Տիգրան Բաղդասարյանի, Հովհաննես Մարգարյանի, Վիկտոր Միրումյանի եւ այլոց մասնակցությամբ: Հանձնաժողովը ներկայացրել է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ և նյութեր, տեղեկանքներ Ազգային ժողովի մեր խմբակցության համար: Կարեւոր և ակտիվ աշխատանք են կատարել արտաքին հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Կարապետյանի գլխավորությամբ, Արման Մուսինյանի տեղեկատվական եւ վերլուծական հանձնաժողովը, Արեգ Գեւորգյանի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը, Վահան Վարդապետյանի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը: Սարգիս Թամազյանի քաղաքացիական խմբերի համակարգող հանձնաժողովը: Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ իրավական հարցերի հանձնաժողովը աշխատել է ամենօրյա ռեժիմով ընտրական գործընթացներում, դրանց բողոքարկման ժամանակ, ինչպես նաեւ Ազգային ժողովի օրենսդիր գործունեության ընթացքում:

Նշածս հանձնաժողովների նախագահները ամեն երկուշաբթի վարչությունում քննարկել են անցած շաբաթվա աշխատանքները եւ պլանավորել հաջորդ շաբաթը:

Միջազգային կապերի առումով մեր կուսակցությունը Հայաստանի Հանրապետության միակ քաղաքական ուժն է, որը հանդիսանում է Եվրոպական կուսակցությունների լիիրավ անդամ: 2010թ-ից մենք  Եվրոպայի ազատական կուսակցությունների 60 հոգանոց ընտանիքի լիիրավ անդամ ենք, մասնակցել ենք այդ կառույցի բոլոր աշխատանքներին: Մեր պատվիրակությունը միշտ մասնակցել է ԱԼԴԵ-ի համագումարներին և խորհրդի նիստերին: Անցկացրել հայտարարություններ և որոշումներ: ԱԼԴԵ-ի աջակցությամբ ունեցել ենք տասյակ սեմինարներ հարյուրավոր երիտասարդների համար, տպագրել ենք 1500 օրինակով Ազատականության ուղեցույց դասագիրքը, որը ազատականության մասին առաջին դասագիրքն է հայերեն լեզվով: Վիքիպեդիայում կրկին առաջին անգամ բացվել է ազատականության մասին ծավալուն հոդվածներ, էջեր հայերեն լեզվով: Այս կառույցի շնորհիվ մենք գործնական հարաբերություններ ենք ստեղծել Հոլանդական, Գերմանական, Շվեդական, Էստոնական և այլ երկրների ազատական կուսակցությունների հետ, անցկացրել համատեղ միջացառումներ, ունեցել այցելություններ, դրանցից վեջինը Նիդեռլանդական VVD կուսակցության աջակցությամբ Կոնգրեսի նախընտրական ռազմավարության վերաբերյալ եռօրյա քննարկումներն էին Դիլիջանում: Մյուսը մեր երկարամյա գործընկեր FNF ազատության համար գերմանական հիմնադրամն է: Այս հիմնադրամի շնորհիվ 3 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպվել է շուրջ 30 սեմինարներ, դասընթացներ, որոնց մասնակցել են 1000-ից ավել մասնակիցներ: Հիմնադրամի միջոցներով արտերկրում միջացառումների և դասընթացների են մասնակցել  մեր երիտասարդական կառույցներից շուրջ 30 հոգի: Այդ գործուղումները, դասընթացները, սեմինարները, համագումարները և հանդիպումները եղել են 17 երկրներում: Այդ ընթացքում նաև ունեցել ենք երկարաժամկետ դասընթացներ, մասնավորապես 10 հոգի մասնակցել են Գումերսբախի ազատական ակադեմիայի դասընթացներին, ինչպես նաև ունեցել ենք դասըթացներ, որոնք պրակտիկայի ձևով անց են կացվել Բունդեսթագում: Հիմնադրամի օգնությամբ տպագրվել են նաև ազատության և ազատականության վերաբերյալ տարբեր գրքեր: Հիմնադրամի հաջողված ակտերից է եղել «Պոտսդամի պրոցես« կոչվող գորընթացը, որին մասնակցել են Հարավային Կովկասի ազատական կուսակցությունների ներկայացուցիչները: Այդ ֆորմատով մենք փորձել ենք նպաստել տարածաշրջանի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը, ինչպես նաև քննարկել Հարավային Կովկասի երկրների ազատական կուսակցությունների հետ ընդանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Համագումարին զեկուցում եմ, որ մեր երիտասարդական կառույցը լիիրավ անդամ է նաև LYMEK (Եվրոպական լիբերալների կուսակցության) և IFLRY (Երիտասարդական լիբերալ ինտերնացիոնալի) միջազգային կառույցներին և այս դեպքում էլ մենք միակ մասնակիցն ենք Հայաստանից: Այս կառույցներին մեր անդամակցությունից մենք ոչ միայն շահել ենք, ծրագրեր ենք իրականացրել: Այդ կառույցներն էլ նաև խոստովանում են, որ մեզանից որոշակի բաներ են սովորել: Օրինակ Հոլանդիայի մեր գործընկերները պատմում էին, որ մեր երիտասարդական կառույցի ՈՉ-ի քարոզի տեսահոլովակները իրենք որպես ուսուցողական նյութ օգտագործում են տարբեր երկրներում, մասնավորապես Հոլլանդիայում, Մակեդոնիայում եւ այլուր, ի ցույց դնելու, թե ինչպես կարելի է կազմակերպել քարոզարշավը այդ երկրներում: Երկար տարիների փորձ ունի նաև մեր համատեղ աշխատանքը NDI (Միացյալ Նահանգների Ազգային ժողովրդական ինստիտուտ) հետ: Նրանց դասընթացներին մասնակցել են մեր կուսակցության կին եւ երիտասարդ առաջնորդները: Սեմինարները վերաբերվել են հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ նախընտրական գործընթացների, քարոզարշավի կազմակերպման եւ այլ թեմաների:

Կոնգրեսի կազմակերպած վերջին 2 միջոցառումները վերաբերում էին Հայաստանի տնտեսության զարգացման ազատական մոտեցումներին եւ Ղարաբաղի կարգավորման շուրջ քննարկումներին:

Տնտեսական ֆորումը կազմակերպվեց Քաղաքացիական պլատֆորմ հասարակական կազմակերպության հետ միասին՝ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ, որին մասնակցեցին ԵՄ դեսպանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, հայ տնտեսագետներ: Տնտեսական ֆորումի երկրորդ ավելի մեծ փուլը տեղի կունենա փետրվար ամսին:

Օրերս Կոնգրեսի կազմակերպած հաջորդ միջոցառումը նվիրված էր Ղարաբաղյան հակամարտությանը եւ “Անջատում հանուն փրկության” սկզբունքին, որը ներկայացրեց ֆրանսիացի միջազգային իրավունքի մասնագետ Րաֆֆի Գալֆայանը:

Ես ուզում եմ անպայման նշել նաև Իլուր կայքի աշխատակիցների դժվար, բայց արդյունավետ աշխատանքը և կարծում եմ այս համագումարից հետո Իլուրի աշխատանքային պայմանները կլինեն ավելի բարվոք:

Միաժամանակ, առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր օբյեկտիվ, անկաշառ կերպով աջակցել եւ լուսաբանել են մեր կուսակցությանը վերաբերող բոլոր աշխատանքները, միջոցառումները, նախաձեռնությունները:

Թարմացվել է նաեւ կուսակցության պաշտոնական anc.am կայքը, որտեղ ամենօրյա ռեժիմով դրվում են կուսակցական կյանքին առնչվող որոշումները, խմբակցության կատարած աշխատանքները եւ անհրաժեշտ այլ տեղեկատվություն, միաժամանակ կայքում արխիվացվել են ՀՀՇ-ի, Առաջին նախագահի եւ 2008-ի շարժման կայքէջերը:

Անպայման ուզում եմ, որ համագումարում հնչեն մեր կուսակցական այն լիդերների անունները, որոնք հաճախ դժվարին պայմաններում, բայց մշտապես իրենց կառույցները պահել են լավ մարզավիճակում: Նրանք են Հարություն Ոռուտյանը, Աշոտ Մանուկյանը, Արամ Բարեղամյանը, Լիդա Մելիքյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Շալիկո Զորյանը, Սեդրակ Հովհաննիսյանը, Գագիկ Վահրադյանը, Մուրադ Գրոիգորյանը, Գագիկ Վահրադյանը եւ բոլոր մեր կառույցների ղեկավարները:

Հատուկ վերաբերմունք եմ խնդրում ձեզանից մեր ամենաշխատող եւ ամենա անցուցադիր վարչության գործադիր քարտուղարի՝ Սամվել Աբրահամյանի համար, ինչպես նաեւ Ազգային Ժողովի Հայ Ազգային Կոնգրես խմբակցության աշխատակազմին:

Մեր համագումարում պարտադիր պետք է հնչի կուսակցության վարչության անդամ, 15 տարի տարագրության մեջ գտնվող, մեր սիրելի գործընկեր Վանո Սիրադեղյանի անունը:

Տեղյակ եմ պահում համագումարին, որ այստեղ են նաև Մարտի 1 զոհերի և բանակում զոհված զինծառայողների հարազատները: Ուզում եմ մեր շնորհակալությունը և զորակցությունը հայտնել նրանց:

Ուզում եմ նաև շնորհակալությունը հայտնել մեր քաղաքական գործընկերոջը՝ Հայաստանի Ժողովրդական Կուսակցությանը, նրա ղեկավար Ստեփան Դեմիրճյանին համագումարի աշխատանքներին մասնակցելու եւ մեր համտեղ, երկարատեւ, արդյունավետ գործունեության համար եւ վստահություն հայտնել, որ մեր համագործակցությունը կշարունակվի երկարատեւ տարիներ եւ կտա բարի բերք:

Ամփոփելով՝ մեր կուսակցությունը պատրաստ է եղել եւ հիմա էլ պատրաստ է իր ամբողջ ներուժով երկրում վերականգնել Սահմանադրական կարգը եւ իր վրա վերցնել Հայաստանի կառավարման եւ հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը: Շնորհակալութուն եմ հայտնում բոլորիդ՝ համատեղ արդյունավետ, հետեւողական աշխատանքի համար: Մաղթում եմ բոլորիս ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երազած հաղթանակների:

Շնորհակալություն ուշադրության համար: