Հայերը Բաքվում. զրո վերջնարդյունքով ադրբեջանական քարոզչություն

1555

Ադրբեջանի իշխանությունները նոր երանգներ են ավելացնում իրենց հակահայ քարոզչությանը: Դա արվում է այդ երկրի գորշ կարդինալի՝ Ռամիզ Մեհտիևի, և հատուկ ծառայությունների մակարդակով, թեև դրան տրվում է հասարակական, ժողովրդական դիվանագիտության աստառ:

Երեք հայեր, հայաստանցիներ, որոնցից մեկը վաղուց Հայաստանում չի բնակվում և Շվեդիայի քաղաքացի է՝ Վահե Ավետյանը, և Ադրբեջանում ապաստան գտած Սյուզան Ջաղինյանն ու Վահան Մարտիրոսյանը (վերջինս որոշ ժամանակ Ադրբեջանում բնակվելուց հետո տեղափոխվեց Ուկրաինա՝ Օդեսսա), ներգրավվել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հանուն խաղաղության պլատֆորմի» մեջ:

Վահե Ավետյանը Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության հիմնադիրներից է և տարիներ առաջ, իշխանությունների որոշ օղակաների հետ ունեցած բարդությունների, գուցե տհաճ միջադեպերի պատճառով, հեռացել է հայրենիքից: Վահան Մարտիրոսյանը ևս եղել է Հանրապետական կուսակցության անդամ, անգամ կառավարական պարգևներ ունի (վերջերս նա Հայաստանի պաշտպանության նախարարությունից 2013-ին ստացած իր գովասանական վկայագիրը դրել էր Ֆեյսբուքում), մի ժամանակ կարծես «ռազմահայրենասիրական խմբի» անդամներից էր: Սյուզան Ջաղինյանը շատ ավելի անհայտ էր: Եթե հավատանք նրա իսկ պնդումներին, ապա նա դուստրն է Հայաստանի կրթության նախկին նախարարներից մեկի:

Այն քայլերը, որ կատարում են Ավետյանը, Մարտիրոսյանն ու Ջաղինյանը, որևէ կապ չունի խաղաղարարության հետ և ուղղված է ընդդեմ Հայաստանի պետության, ավելի կոնկրետ՝ իշխանությունների: Նրանք գրեթե ամեն օր հայտնվում են ադրբեջանական լրատվամիջոցներում, հարցազրույցներ տալիս, հոդվածներ գրում: Ադրբեջանական Հաքքին կայքը, որ հակահայ քարոզչության դրոշակակիրն է, գրում է, որ Մարտիրոսյանն ու Ջաղինյանը իր թղթակիցներն են: Մարտիրոսյանը, թվում է, զբաղված է նախ և առաջ «խաղաղարար պլատֆորմի» համար նոր հայեր հավաքագրելով:

Երեք հայերի գործունեությունը այնքան է ոգևորել Բաքվի իշխանություններին, որ Ռամիզ Մեհթիևը այդ թեմայով 27 էջանոց հոդված էր հրապարակել ադրբեջանական մամուլում:

Անկասկած, Ադրբեջանի համար ցանկալի է, երբ երեք հայեր Բաքվում այցելում են Խոջալուի դեպքերի համար կառուցված հուշահամալիր, գլուխ խոնարհում և ծաղիկներ զետեղում: Նրանք հրապարակավ ընդունում են, որ Խոջալույում հայերը իրականացրել են ցեղասպանություն:

Իրականության մեջ, սակայն, ադրբեջանական այս խաղը շուտով պառավելու է: Գուցե ներադրբեջանական կտրվածքով երեք հայերի ներգրավմամբ հակահայ այս քարոզչությունը որոշակի ազդեցություն թողնում է Ադրբեջանի հանրության վրա:

Շատ ադրբեջանցիներ հասկանում են, որ Բաքվի այս խաղը պրիմիտիվ է, միջազգային հանրությունը դա լուրջ չի ընդունում: Ադրբեջանցի լրագրողներից Շահին Ռզաևը, ով հայերի հետ տարբեր ծրագրերի մեջ է ավելի քան երկու տասնամյակ, գրեց, որ Բաքու ժամանած երեք հայերին պետք էր տանել նախ հոգեբուժարան:

Բոլոր ադրբեջանցիները, ովքեր իրավամբ հավատում են ժողովրդական դիվանագիտությանը, հեգնանքով ու ծաղրով են վերաբերում այս ամենին:

Ուշագրավ է, որ դեռ 2004-ին Իլհամ Ալիևը ադրբեջանական հասարակական կազմակերպություններին հորդորեց խզել բոլոր կապերը հայերի հետ, չայցելել Հայաստան և Ղարաբաղ:

Նրանք, ովքեր չենթարկվեցին, հայտնվեցին բանտերում՝ հայերի հետ համագործակցության և լրտեսության մեղադրանքներով:

Այսօր խաղաղարար գործունեության մեջ ներգրավված միջազգային հեղինակավոր կազմակերպությունները լրջագույն դժվարություններ ունեն կազմակերպելու հայ-ադրբեջանական հանդիպումներ երրորդ երկրներում, քանի որ Ալիևի վարչակարգը թույլ չի տալիս մարդկանց շփվել հայերի հետ:

Ցավալի է, որ Հայաստանի նախկին երեք քաղաքացիները, ինչ-ինչ պատճառներից ելնելով, իշխանությունների դեմ պայքար տանում են Բաքվից՝ օգտվելով ադրբեջանական հակահայ պրոպագանդայի համար հատկացված գումարներից:

Երբեք ուշ չէ հետ կանգնել մոլոր ճանապարհից:

Եվ վերջում՝ Հայաստանը կարող է՞ հավաքագրել կամ ներգրավել երեք ադրբեջանցիների, նրանց տեղ տալ հայկական մամուլում և հակաադրբեջանական քարոզչություն տանել, ինչպես անում են Բաքվի իշխանությունները Վահե Ավետյանի, Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի միջոցով: Եթե անգամ Հայաստանը ունի նման հնարավորություններ, արդարացված չի լինի դա, քանի որ դա անօգուտ, հեգնանքի արժանանալու պատասխան հակաքայլի կլինի:

Պետությունը ավելի լուրջ և օգտակար գործեր պետք է ձեռնարկի:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ