Երեք բարձունքների տարի՝ Լելե թեփե, Թալիշ, Սարի թաղ. 2016-ը պատմության մեջ

1668

2016-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից երեքը վստահաբար մնալու են նոր ժամանակների հայոց պատմության մեջ:

Պատկերավոր ասած՝ 2016-ը կարող ենք համարել երեք բարձունքների տարի՝ Լելե թեփե, Թալիշ, Սարի թաղ, որտեղ Հայաստանը և հայ ժողովուրդը ունեցան կորուստներ:

1994-ի մայիսյան զինադադարից հետո այս տարվա ապրիլյան պատերազմը ղարաբաղյան ամենալուրջ սրացումն էր: Չորսօրյա պատերազմի ընթացքում կողմերը տվեցին հարյուրավոր զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Ինչ հռետորաբանություն էլ օգտագործենք, որքան էլ արժանի կերպով գնահատենք ու գլուխ խոնարհենք մեր այն տղաների հիշատակին, ովքեր մինչև վերջին փամփուշտը կռվեցին հակառակորդի դեմ և ընկան հերոսի մահով, միևնույնն է, պետք է արձանագրենք նաև, որ հայկական կողմը տվեց տարածքային կորուստներ:

Այսինքն, Հայաստանն ու Արցախը Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի նախագահության տարում հող կորցրին: Այդպես է հիշվելու պատմությունը: Այսօր, իհարկե, «նրանք չեն պատասխանատուն», քանի որ զբաղեցնում են նախագահի աթոռը և վերահսկողության տակ ունեն լրատվամիջոցներ:

1994-ից ի վեր Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան հատվածներում՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, տեղի են ունեցել բազմաթիվ դիրքային փոփոխություններ: Չեզոք գոտու հաշվին կողմերը ավելի են մոտեցել իրար, որոշ հատվածներում հայերը վերցրել են նոր դիրքեր, որոշ հատվածներում ադրբեջանցիներն են առաջ եկել:

Ապրիլյան պատերազմում, մինչդեռ, Ադրբեջանը գրավեց շուրջ 800 հեկտար հող և շուրջ երկու տասնյակ հայկական դիրք Լելե թեփեի՝ Վարազաթմբի, և Թալիշի բարձունքներում: Պաշտոնական քարոզչությունը և իշխանական պատասխանատուները որքան էլ փորձեն կարևորություն չտալ այդ կորուստներին, ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի գրաված բարձունքները ռազմական և ռազմավարական նշանակություն ունեն:

Ներքաղաքական տարվա կարևորագույն իրադարձությունը, անկասկած, Սասնա ծռեր զինված խմբի ընդվզումն էր, որն ավարտվեց երեք ոստիկանների մահով:  Ծռերը երկշաբաթյա պաշարումից հետո վար դրեցին զենքը և հանձնվեցին: Կասկած չկա, որ նրանք առաջիկա տարիներն անցկացնելու են բանտերում:

Սասնա ծռերի գործողության հետ կապված կուլմինացիոն կետերից մեկը Սարի թաղի բարձունքում կատարված բռնությունն էր: Տասնյակ քաղաքացիներ ու լրագրողներ ենթարկվեցին ծեծուջարդի: Սերժ Սարգսյանը, իրավապահների ներկայությամբ, ներողություն խնդրեց լրագրողներից: Սա արդարադատության յուրօրինակ դրսևորում էր, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ անհասկանալի բարոյական ուղերձով:

Անշուշտ, տարվա կարևորագույն իրադարձություններից էր շարունակվող արտագաղթը: Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում, պաշտոնական տվյալներով, երկրից հեռացել է շուրջ 330 հազար մարդ:

2016-ին տեղի ունեցան կարևոր այլ իրադարձություններ ևս, ինչպես վարչապետի փոփոխությունն էր, սակայն դրանք, մեծ հաշվով, ժամանակակից հայոց պատմության մեջ դրվագներ են միայն:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ