«Տխուր և մերկացնող հանդիպում» Սերժ Սարգսյանի և մշակույթի գործիչների միջև. Հրանուշ Խառատյան

2464

Հայաստանի նախագահին մշակույթի գործիչների կողմից տրված հարցերը լավագույն դեպքում ոլորտային նախարարի հետ աշխատանքային կարգով քննարկելիք հարցեր էին:

Դատելով նախագահին մշակույթի գործիչների հարցերից՝ կարելի է ենթադրել, որ կամ մեր մշակույթի գործիչների հայտնի չեն, կամ նրանց չեն հետաքրքրում մեր երկրի ծավալային խնդիրները՝ ժողովրդագրական աղետալի վիճակը, մեր դատարկվող գյուղերի խնդիրը, փոքր Հայաստանում մեր տարածքային սոցիալ-տնտեսական շատ մեծ անհամամասնությունը, քաղաքային մշակույթի գերկենտրոնացումը Երևան քաղաքում, Երևան քաղաքի պատմական անցյալի վկայությունների ոչնչացումը, Գյումրիի, Վանաձորի, Չարենցավանի, Կապանի… դատարկ, քանդվող շենքերը, մեր սակավահող երկրի երկրագործական նշանակության ոչ մեծ հողային ֆոնդի անապատացումը, ծերացող գյուղական բնակչության անհեռանակարային ապագան, աշակերտ չունեցող դպրոցները, երկրի բնակչության իրավազրկվածությունը, դատարանների կողմից օրենքի ընտրական կիրառումը, պաշտոնյա-ունեցվածք սերտաճածությունը, Հայաստանի հասարակության բարոյալքվածությունը, օտարվածությունը երկրից և երկրում տեղի ունեցող գործընթացներից:

Նրանց հարցերում ՛՛մշակույթ՛՛ հասկացությունը նույնականացված է արվեստի հետ, հասարակական մշակույթ երևույթն իսպառ մոռացված է: Մի՞թե մեր մտավորականները չեն տեսնում, թե ինչպե՞ս է մեր հասարակությունն ընկղմվել հարստության և աղքատության սոցիալական փոխօտարման մշակույթների, բռնության մշակույթի մեջ:

Մի՞թե մեր մտավորականներին լիովին հայտնի են ԵՏՄ-ի հետ սահման չունեցող Հայաստանի ԵՏՄ-ական ապագան և դրա հետ կապված ՀՀ իշխանությունների ծրագրերը, Հայաստանի քաղաքակրթական ընտրության հեռանկարները: Հանդիպել երկրի նախագահի հետ և չփորձել հասկանալ այդ հարցերի նկատմամբ երկրի ղեկավարի վերաբերմունքն ու ծրագրերը…

Գուցե սեփական դիրքորոշման բացակայությու՞ն կա:

Սերիալիների չարչրկված հարցերով կոնսենսուսային համաձայնություն ձեռք բերվեց հայտնի ֆրազով՝ կա պահանջարկ, կլինի առաջարկ…

Ամբողջը բնութագրվեց եկամտային բիզնեսով, որով կրկին հաստատվեց, որ առանձին արտոնյալների կողմից եկամտային բիզնեսով զբաղվողների առաջ բաց են բոլոր ճանապարհները, այդ թվում՝ հասարակության դեգրադացիան մեծացնելու գնով:

Բիզնես նկատառումներով է չորացվում Արարտյան դաշտավայրը, սուպերմարկետների աճը՝ ի հաշիվ մանր տնտեսվարողների:

Նշանակու՞մ է, սա, արդյոք, որ երկրում չկա օրենքի կիրառման պահանջարկ, հակառուպցիոն պահանջարկ, աղքատության վերացման պահանջարկ, չսպանելու պահանջարկ:

Կա՞, արդյոք, մեր երկրում եկեղեցիներում աղոթելու պահանջարկ, թե՞ եկեղեցիները կառուցվում են այդ պահանջարկն ավելացնելու նպատակով:

Ո՞րն է ավելի մեծ՝ եկեղեցում աղոթելու՞, թե որակյալ կրթության պահանջարկը: Եթե պարզվի, որ վերջինս ավելի մեծ է, կարե՞լի է հուսալ, որ Երևանից հիսուն մետր շառավիղից անցնող բնակավայրերում կլինեն մասնագետ դասավանդողներ, և ո՞վ պիտի ապահովի դա:

Վերջ ի վերջո եթե գյուղական բնակավայրերում կա եկեղեցիներում աղոթելու պահանջարկ՝ թող այդ մասին մտահոգվեն տեղական ինքնակառավարման մարմինները:

Բայց երկրի նախագահը մեր երկրի ապագայի համար ո՞րն է առաջնահերթ համարում՝ եկեղեցիներում աղոթելու պահանջարկի բավարարու՞մը, թե երկրի բնակչության համամասն որակյալ կրթությունը: Ի վերջո սրանցից ո՞րն է աշխարհիկ համավող պետության իշխանության պարտավորությունը:

Իսկ պարտավորության իրացումը ոչ միայն բյուջեյի բաշխումը կազմակերպելն է, այլև բյուջեն ազնվորեն համալրելը և բարեգործական ծրագրերը բարոյապես ուղղորդելը:

Տխուր և մերկացնող հանդիպում էր: Հնչած հարցերը լավագույն դեպքում ոլորտային նախարարի հետ աշխատանքային հանդիպման հարցեր էին: Եթե Հայաստանի մշակույթի գործիչներին երկրի նախագահի հետ հանդիպմանը մտահոգող ծավալային հարցերը հանդիպման ժամանակ հնչած հարցերն էին, վախենամ, որ նրանց վրա դեգրադացնող է ազդել մեր երկրի ողջ սերիալային կառավարումը՝ սերիալային մեդալներով ու ֆուրշեթներով:

Նախագահը կշտամբեց մշակույթի գործիչներին՝ Սասնա ծռերի միջադեպը չդատապարտելու նախաձեռնողականության մեջ, և դա միանգամայն իրավացի կշտամբանք էր: Այն տխուր դատապարտումները, որոնք Սասնա ծռերի ակտիվության շրջանում հնչեցրել էին մշակույթի առաձին գործիչները, կազմակերպված էին իշխանությունների կողմից, և հետագայում մշակութային գործիչներից նախաձեռնողական շարունակողներ չեղան:

Նախաձեռնողներ չեղան նաև՝ փորձելու հասկանալ, թե ինչու՞ և ինչպե՞ս կարող էր մեր հյուծված, վախեցած երկրում, ապրիլյան փաստացի պատերազմից հետո, զինված ըմբոստություն լինել:

Մի՞թե մենք այնքան պարզունակ ենք, որ այդ փորձը չենք կարող կապել մեր երկրի ներքին և արտաքին ոչ միայն չլուծվող, այլև ավելացող պրոբլեմների հետ: Բայց այսպիսի մոտեցման դեպքում անդրադարձ կլիներ հենց պրոբլեմներին, նրան, ինչն իշխանությունների համար ամենաանցանկալին է:

Նախագահը փաստորեն ասաց՝ ակնհայտ է, որ ձեզ երկրի ընդհանուր հարցերը չեն հետաքրքրում, ձեզ հետաքրքրում են ձեր մասնավոր խնդիրները: Դա միանգամայն օրինաչափ և ողջունելի է, բայց որպեսզի ես լուծեմ ձեր մասնավոր հարցերը՝ սատարեք ինձ, դատապարտեք երկրի ընդհանուր պրոբլեմներին անդրադարձողներին՝ թե ձևին, թե բովանդակությանը:

Հրանուշ Խառատյան

ազգագրագետ

https://www.facebook.com/hranush.kharatyan?fref=ts