Ամասիա (Աղբաբա). Կարսի մարզից միակ կտորը, որ մնաց Հայաստանին

4431

Կարսի մարզը և նրա կազմում Աղբաբայի շրջանը, որը այսօր համապատասխանում է Շիրակի մարզի Ամասիայի և մասամբ Աշոցքի տարածաշրջաններին, 1919 թվականի ապրիլից մինչև 1920 թվականի հոկտեմբեր եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում:

1920 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին քեմալականները գրավեցին Կարսը և ողջ շրջանը, որը կազմում էր գրեթե 20 հազար քառակուսի կիլոմետր տարածք և բաժանված էր չորս օկրուգների՝ Կարս, Կաղըզման կամ Կաղզվան, Արդահան և Օլթի:

Կարսի մարզից միակ հատվածը՝ մոտ 1000 քառակուսի կիլոմետր տարածքով Աղբաբայի շրջանը, մնաց Հայաստանի կազմում ուշագրավ հանգամանքների բերումով: Ինչպես իրենց հուշերում գրել են 1920-ի նոյեմբերից Ալեքսանդրապոլում թուրքերի՝ Քյազիմ Կարաբեքիրի հետ բանակցություններ վարող հայ պատվիրակները, թուրքերը մտադիր էին նաև տիրանալ Աղբաբային:

Թուրքերը, սակայն, Աղբաբայի շրջանը զիջեցին հայերին: Այդ զիջումը բացատրվում էր ոչ միայն հանուն “հայ-թուրքական բարեկամության” ապագայով, այլ նրանով, որ ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները արդեն պայմանավորվել էին, որ Երևանի նահանգի մաս կազմող Սուրմալուն կանցնի թուրքերին, որի դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից՝ հօգուտ ապագա Խորհրդային Վրաստանի: Բայց քանի որ Սուրմալուն տարածքով ավելի մեծ էր Բաթումի շրջանից, ապա այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Աղբաբան:

Ինչպես Առաջին Հանրապետության, այնպես էլ Խորհրդային Հայաստանի ժամանակներում՝ Աղբաբան գերազանցապես բնակեցված էր մուսուլմաններով, որոնք խորհրդային շրջանում կրում էին ադրբեջանցի անունը: Իրականում, սակայն, Աղբաբայի թուրքերը սուննի էին, մինչդեռ կովկասյան թաթարները՝ հիմնականում շիա: Աղբաբայի շրջանում, հավանաբար բնակվել են նաև կարափափախներ, որոնք նույնպես սուննի էին: Մի քանի գյուղերի անուններում մնացել է կարափափախ անունը, ինչը հավանաբար նշանակում է, որ այդ գյուղերում բնակվել են հենց կարափափախներ:

1988 թվականի աշնանը, հայ-ադրբեջանական ազգամիջյան լարվածության պատճառով Ամասիայի մուսուլմանները տեղափոխվեցին Ադրբեջան: Մի քանի տասնայակ նրանք արդեն կրում էին ադրբեջանցի անունը, հաճախում էին ադրբեջանական դպրոցներ, ինչպես Հայաստանի քրդերի մի մասը:

1922 թվականին, ըստ Զավեն Կորկոտյանի կազմած ցուցակի, Աղբաբայի շրջանում, որի մաս էր կազմում նաև այսօրվա Աշոցքի շրջանը, բնակեցված էին հետևյալ գյուղերը (տեղանունները տալիս ենք այնպես, ինչպես տվել է Կորկոտյանը).

Ալիխան

Ամասիա

Բալըխլի

Բայթար

Բանդիվան ներքին

Բանդիվան վերին

Բաշ գյուղ

Բավրա

Բոզյոխուշ

Գյուլլի

Գյուլլի բուլաղ կարափափախ

Գյուլլի բուլաղ հայ

Գյուլլիջա

Դաշքյորփի

Դարաքոյ

Դուզխարաբա

Դուզքենդ

Էլլար օղլի

Թազաքենդ

Թափաքոյ մեծ

Թաքնալի

Թորոս գյուղ

Իբիշ

Իլանլի

Խանչալլի

Կուզիքենդ

Ղայղուլի Ղազանչի

Ղարանամազ

Ղարաչանթա

Ղարաքիլիսա Իլլի

Ղարաքիլիսա 3-րդ

Ղզլդաշ

Ղզլղոչ

Ղզլքիլիսա կարափափախ

Ղզլքիլիսա հայ

Ղուրդ բուլաղ

Ճզխլար

Մաղարաջուղ

Մուսլուղլի

Շիշթափա մեծ

Շիշթափա փոքր

Օղջօղլի

Օքսուզ

Չախմախ

Չիվինլի

Չիֆթալը

Չոռլի

Ջալաբ

Սալուտ

Սամուռլի

Սարիար փոքր

Սուլթանաբատ

Փալըթլի

Քեֆլի

Քոռաղբյուր

Ֆինտո

Մինչև 1937-ը Խորհրդային Հայաստանը բաժանվում էր 29 վարչական շրջանների, որոնցից երկուսը՝ քաղաքային՝ Երևան և Լենինական (այսօր՝ Գյումրի), 27-ը՝ գյուղական, որոնցից մեկը՝ Աղբաբան:

Աղբաբայի շրջանը կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, տարածքը՝ 608 քառակուսի կիլոմետր:

1937 թվականի դեկտեմբերի 31-ին ձևավորվեց Ղուկասյանի շրջանը 547 քառակուսի կիլոմետր տարածքով:

Խորհրդային Հայաստանի Ամասիայի շրջանը ուներ 12 գյուղական խորհուրդ, որոնցում ընդհանուր բնակավայրերի թիվը 26 էր:

Ահա բոլոր գյուղական խորհուրդները, կենտրոնները և բնակավայրերը. փակագծերում տրված են հին կամ այլ անունները: Այս տեղեկատվության աղբյուրը “Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը” աշխատությունն է, 4-րդ հրատարակություն, 1971թ., էջ 19-20.

  1. Ազիզբեկով-Ազիզբեկով (Ղարաչանթա)-Ազիզբեկով

2. Ամասիա-Ամասիա (Ղուկասյան)- Ամասիա, Բայթար (Ալաքիլիսա), Բանդիվան

3. Բալըխլի-Բալըխլի-Բալըխլի, Օքսյուզ

4. Գյուլլիբուլաղ-Գյուլլիբուլաղ-Գյուլլիբուլաղ

5. Գյուլլիջա-Գյուլլիջա-Գյուլլիջա, Էլլար (Էլլար Օյուղի)

6. Ենի Յոլ- Ենի Յոլ (Ղարանամազ)- Ենի Յոլ, Գյոլլի, Չայբասար (Իլանլի)

7. Թափաքյոյ- Թափաքյոյ- Թափաքյոյ, Դուզքենդ, Շուրաբադ (Սուլթանաբադ)

8. Կուզիքենդ-  Կուզիքենդ (Խոզիքենդ)- Կուզիքենդ, Չիվինլի, Ղարաբուլաղ

9. Ղոնջալի- Ղոնջալի- Ղոնջալի, Իբիշ

10. Մաղարաջուղ-Մաղարաջուղ-Մաղարաջուղ, Չախմախ

11. Ջրաձոր- Ջրաձոր (Ջալաբ)- Ջրաձոր, Իլլի (Իլլի Ղարաքիլիսա)

12. Օխչօղլի- Օխչօղլի- Օխչօղլի, Մեղրաշատ (Ղարամամեդ)

ԱՆԻ կենտրոնը սկսում է մեկ-մեկ ներկայացնել Ամասիայի շրջանի գյուղերի բնակչությունը ըստ տարբեր տարիների մարդահամարների և հաշվառումների տվյալների:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/12/11/kars-oblast-population-1897-russian-text/

https://www.aniarc.am/2016/12/11/kars-oblast-population-1892/