«Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին թույլ է տվել վերադառնալ քաղաքականություն»

1197

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ազատության» եթերում ասել է, որ Հայաստանի իշխանությունները «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին թույլ են տվել վերադառնալ քաղաքականություն՝ ընդդիմադիր դաշտը վերահսկողությունից բաց չթողնելու համար։

«Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք, որ Ծառուկյանը վերադառնա։ Նպատակները բազմաթիվ են՝ քաղաքական դաշտը լղոզելու, սեփական թիմից դուրս մնացած որոշակի մարդկանց, որոնց չի կարողանում Հանրապետականի ցուցակում գրել, բայց որոնք իր ջան ախպերներն են, հիմա Ծառուկյանի ցուցակում սիրուն կգրի, կտա ձեռքը կասի՝ «տար»։ Բազմաթիվ խնդիրներ է լուծում, բայց նաև հիմնական խնդիրը, որ կա, դա գործընթացները վերահսկողությունից բաց չթողնելու խնդիրն է, և այդ առումով վստահաբար մենք մտահոգություն ունենք»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Ծառուկյանին թույլ են տվել վերադառնալ քաղաքականություն. «Ծառուկյանը սեփական կամքով դուրս չի եկել քաղաքականությունից ու սեփական կամքով չի, որ վերադարձել է քաղաքականություն։ Իրեն թույլ են տվել, որ վերադառնա քաղաքականություն»։

Ըստ «Հանրապետություն» կուսակցության նախագահի, իշխանությունը տեսավ, որ կան ուժեր, որոնք «իր սեփական վերահսկողությունից դուրս են, իր հաճախորդները չեն», ու հիմա փորձում է այդ խնդիրը լուծել. «Ակնհայտ է, որ իշխանությունը խնդիրը բաժանել է իր մեջ՝ ստեղծելով իշխանություն և հաճախորդ ոչ-իշխանական ուժեր։ Էդ ոչ-իշխանական ուժերը, ինչքան էլ իրենց անպատվել են, «դատարկ դհոլ» [նկատի ունի Սերժ Սարգսյանի նախկին քննադատ, այսօր նրա երկրպագու Արտաշես Գեղամյանին- ԱՆԻ] են ասել, էսօր գիրք են գրում, նվիրում էդ իշխանությանը և մաս են կազմում այդ իշխանության մեջ, հետո իրենց անպատվելուց, «սակավամիտ» ասելուց հետո, «շեֆ ջան» ասելով, փողկապը կապած՝ հետևից տարբեր տեսակի մարզադահլիճներ են բացում ու ժապավեններ են կտրում։ Էս ամեն ինչը հանրությունը տեսնում է, ու դրանից հետո չգիտեմ՝ տուկի թելին են կարոտե՞լ, թե՞ սելիտրային, տրակտորների՞ն, հա, որովհետև էդ կարգի կարոտած կուսակցություններ կան, հասկանում եմ, բայց այդ կուսակցություններն իրավունք չունեն բարոյական, բարոյախոսական կամ խրատական դասեր տան, թե՝ «դուք էլ մեր նման եք», ոչ, մենք ձեր նման չենք։ Իշխանությունը տեսավ, որ կան ուժեր, որոնք իր վերահսկողությունից դուրս են, իշխանությունը հստակ դա տեսավ, որ կան ուժեր, որոնք իր սեփական վերահսկողությունից դուրս են, որոնք իր հաճախորդները չեն, ու խնդիր ունեցավ ու հիմա փորձում է ինքն այդ խնդիրը լուծել»։