Թուրք պետութեան մահը ամէն Հայի մշտական մտածմունքի առաջին առարկան պիտի լինէր

1134

ԳԻՒՂԱՑԻՈՒԹԵԱՆ ՉԶԻՆՈՒԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՆ.- Հայ գիւղացիութիւնը, Տաճկաստանի մէջ, որքան որ սակաւապէտ, խնայող, չարքաշ, այնու ամենայնիւ նա աղքատ է, թշուառ: Ծանրածանր հարկերի, ապահարկ աշխատութիւնների տակ կքած, հազիւ հազ նա կարողանում է իր օրապահիկը հայթայթել, կենսական սուր պէտքերին բաւականութիւն տալ:

Սակաւահողութիւնը, հաղորդակցութեան միջոցների բացակայութիւնը, մշտական անապահովութիւնը, այլազգիներով շրջապատուած լինելու հանգամանքը, շարունակական յարձակման ենթարկուելու կասկածը, երկիւղը նրան դրել են մի երերուն դրութեան, հոգեկան յուզումնալից վիճակի մէջ: Նա զինատեաց չէ՛. զէնքը նրա անբաժան ընկերը պիտի լինէր: Որքան որ օրէնքը արգիլում էր նրան զէնք կրելը բացայայտ կերպով, բայց գաղտնի, ծածուկ նա այդ կարող էր անել, բաւական էր որ միջոցը ունենար.

Բայց ո՞ւրտեղից այդ միջոցը: Մի անգամից 3-5 ոսկի ատրճանակի, 8-10 ոսկի նորաձեւ հրացանի տալը՝ իր կարողութիւնից շատ վեր էր. մնում էր, որ շրջանային հարուստները, ունեւորները, քաղաքաբնակները, համագործակցութեան, համերաշխութեան սկզբունքից առաջնորդուելով, տեղական ընկերակցութիւններ կազմէին եւ՝ իրենց իսկ անհատական ապահովութեան տեսակետից՝ չունեւոր, զէնքի կարօտ գիւղացիներին օգնութեան հասնէին, նրանց դիւրութեան միջոցներ տային, փոքրիկ ամսավճարներով հատուցանելու պայմաններով:

Նրանք ո՛չ միայն այդ չարեցին, այլ շրջանային գաղտնի զինավաճառները ուղղակի շահագործեցին՝ մէկին տասը առնելով եւ նրանց նորանոր պարտքերի ծանրութեան տակ խրելով: Իսկ կուսակցութիւնները, որ այդ մասին մասնաւոր պարտականութիւն ունէին, դժբախտաբար մեծ բան անել չկարողացան, հակառակ իրենց թափած ճիգերին, նիւթականի պակասութեան պատճառով: Ահա թէ ինչու գիւղացիութիւնը անհնար եղաւ պէտք եղածին պէս զինել, մարտական, ընդդիմադրական դիրքի մէջ պահել, մանաւանդ բուն երկրում, ուր վտանգը, սպառնալիքը շարունակական էր եւ թուրք, քուրդ ազգաբնակչութիւնը ոտից գլուխ զինուած էր, յաճախ «Իտտիհատ»ական կառավարութեան դրդումովն ու օգնութեամբը:

Եւ դա՛ էլ եղաւ մեր թուլութեան պատճառներից մէկը:

ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԻ ՄԵԾ ՍԽԱԼԸ.- Թրքական բանակի մէջ մեծ թուով Հայ զինուորներ կային. նրանք գիտէին այն վիճակը, որ ստեղծուած էր իրենց ծնողների եւ ընտանիքների համար, դեռ տանը եղած ժամանակին: «Իտտիհատ»ի թուրք կառավարութեան, թրքութեան միտումներին իրենք շատ լաւ ծանօթ էին. մանաւանդ, որ Բալքանեան պատերազմի ժամանակ փորձով տեսած էին թէ իրենց ինչ վիճակ էր սպասւում տիրապետող տարրի կողմից:

Արդ, սպասելի էր, որ ո՛չ միայն նրանք, պատերազմի առաջին նշանները երեւցած ժամանակ, զինուորական ծառայութիւնը մերժէին եւ լեռները քաշուէին՝ խմբային դիմադրութիւններ կազմակերպելու, այլ զօրանոցների մէջ եղածներն էլ կ՛ամ պիտի աշխատէին դասալիք լինել եւ կամ խլրտումներ, խռովութիւններ հանել: Գո՜ւցէ պրոպագանդայի պակասութիւն, գո՜ւցէ անհասկացողութիւն ունէին կատարելիք՝ թուրք բանակները թուլացնելու, ջլատելու, քայքայելու տեսակէտից, եւ դրա մէջ թերացան:

Հայ զինուորը թուրք պետութեան համար շինող տարր պիտի չլինէր, այլ տարալուծող,- նրա ազգային, մարդկային, զինուորական առաջին պարտականութիւնը դրա մէջը պիտի կայանար, եւ ո՛չ թէ իր կեանքը, արիւնը տալ՝ խաւարային մի ողջ, «աւազակային մի բանակ» պահպանելու համար: Թուրք պետութեան մահը ամէն Հայի մշտական մտածմունքի առաջին առարկան պիտի լինէր. Նպատակին հասնելու ձեւերը պայմաններից կախումն պիտի ունենային եւ ներկայացած ամէն հանգամանքից պիտի օգտուէին՝ հարուածը իջեցնելու:

Այդպէս չլինելը մեծ դժբախտութիւն եղաւ մեզ համար. մենք շատ բան կորցրինք: Հայի զինուորը չարաչար սխալուեց՝ այդպէս չանելով. նա մեծ դեր ուներ կատարելիք՝ թերացաւ:

ԶԷՆՔԻ ՉԱՐԱՇԱՀՈՒԹԻՒՆ.- Երբեք՝ առանց խորին վրդովմունքի չի կարելի այն դառն իրողութիւնը, որ զէնքի սոսկալի չարաշահութիւն տեղի ունեցաւ: Ճարպիկ եւ անբարեխիղճ վաճառականներից շատերը՝ ազգասիրութեան, ժողովրդասիրութեան դիմակ առնելով, շահագործումը ուղղակի ծայրահեղութեան հասցրին, եւ դրանով մեծ հարուած տուին ո՛չ միայն մեր զինման գործին, պատճառներից մէկը եղան մեր թուլութեան, այլեւ ահռելի անբարոյացում առաջ բերին եւ աւելի մեր թշնամիներին ծառայեցին, քան մեզ: Եղան վայրեր, ուր զէնքից, փամփուշտից շատ բան չհասկացող գիւղացին, աշխատաւորը ո՛չ միայն իսկական արժէքի հնգապատիկը, աւելի յաճախ տասնապատիկը վճարեց, այլեւ իր քրտնաթոր վաստակի արդիւնքը տալուց յետոյ՝ ստացաւ փտածը, անպէտքը, հինը, անգործածելին:

Դժբախտ օրինակներ շատ պատահեցան:

Իզմիրի մէջ ենք, 1909-ին. մօտենում է մի վաճառական՝ Գ.- անունով, տալիս է իրեն միսիա՝ մի հայաշատ  շրջանից մասնաւորապէս եկած, զէնք գնելու, տանելու, եւ արժանագին՝ ժողովրդին ցրուելու: Գովելի մտադրութիւն: Իր ինքնութիւնը հաստատելու համար՝ մեր մի քանի ականաւոր ընկերների անուններն է ասում եւ Հնչակեան համակիր ձեւանում: Ներկայացողներն էլ վկայում են իր անբասիրութեան մասին: Ուրեմն պէտք է պարտականութիւն կատարել եւ ձեռքից եկած օգնութիւն անել:

Այս  եւ այն կողմ ընկնելով, ծանօթ օտարականների միջնորդութեամբ՝ ձեռք է բերւում մի քանի հարիւր յունական գրայ, 50-ական փամփուշտով, գինը 5-6 մէճիտ, ո՛չ աւելի: Գնումը տեղի է ունենում: Տեղւոյն վրայ՝ Հնչակեանները ճանապարհները լրտեսելուց յետոյ՝ բեռցնում են ուղտերին, իրենք էլ վտանգաւոր տեղերը ուղեկցում, եւ բեռները տեղ հասցնում: Այդ բոլորը ժողովրդական շահի տեսակէտով:

Կեսարիա եմ, 1911-ին: Տեղացի մի վաճառական, Դ.-, եկել գանգատւում է, որ Հնչակեանները իր 120 ոսկին չեն տալիս: Սկսւում է հարցաքննութիւն: Բանից երեւում է որ մարդը՝ 1909-ին, Իզմիրից, Հնչակեանների օգնութեամբ, հատը 5-6 մէճիտով յունական գրաներ գնող վաճառականի ընկերն է:

Ատանայի կոտորածի հակահարուածը՝ մասնաւորապէս՝ տարածուել է Կեսարիա. ամէն րոպէ սպասուելիս է եղել խուժանական յարձակման: Քաղաքը վերահաս եւ անխուսափելի վտանգից ազատողը եղել է ընկեր Մելքոնը, մեր անձնուէր գործիչը, անմոռաց Փարամազի, Ինքնաւար Հայաստանի մեր առաջին նախավկայի Վասպուրականի զինուորներից մէկը, յայտնի էր բացառիկ անվեհերութեամբ եւ հանճարեղ հնարիմացութեամբը:

Տագնապալից այդ օրերը, շրջակայ հայ գիւղացիները լցւում են քաղաք, դրամը ձեռքերին բռնած եւ զէնք են ուզում. բայց զէնք չկայ. կայ միայն Դ. աղայի մօտ, որ հատը ծախելիս է եղել 12 ոսկու. պահանջի շատութիւնը տեսնելով, նա յայտարարում է որ այլեւս զէնք չունի, եւ ծածուկ հատը ծախել է սկսել 16 ոսկու, էն էլ միայն թուրքերին, իսկ Հայերին բնաւ երբեք: Գիւղացիները դիմում են ընկեր Մելքոնին. նա կանչում է Դ.-ին, առաջարկում, համոզում է, որ մի քանի հատ գէթ ծախի 12-ական ոսկով: Մարդը անդրդուելի է մնում, 16 ոսկու պահանջն էլ չի կարողանում գործիչի առաջ յայտարարել, ուստի ուրանում է զէնք ունենալու իրողութիւնը եւ շարունակում է, գաղտնի, հատը 16 ոսկով վաճառել:

Գիւղացիները, հաւատարիմ միջնորդների օգնութեամբ, խոստանում են, որ 16 ոսկու գնով զէնք կարող են ունենալ, պայմանով որ ծածուկ գան, դրամները պատրաստ ձեռքերին, միայն թէ այդ բոլորից Հնչակեան գործիչը ոչինչ չպիտի իմանայ: Կանխապէս տրուած դասին համեմատ՝ գիւղացիները գաղտագողի ճանապարհները մտնում են Դ.-աղայի տունը: Զէնքերը յատակի վրայ տարածուած, դրամները համարելու ատեն, Մելքոնը տունը շրջապատում է Հնչակեան զինուորներով, ներս մտնում, եւ բոլոր զէնքերը, 20 հատ՝ գրաւում, գիւղացիներին տալիս, հատի փոխարժեքը 10ոսկի տալով: Գոհ չմնալով, Դ.-աղան հատ-գլուխ մնացած 6 ոսկին էլ է պահանջում, եւ 120 ոսկու չարաշահութեան առասպելը այդպէս էր կազմուել. գանգատը դրա մասին էր:

Իրականութիւնը պարզուեց. վաճառականին ասուեցաւ, որ ինքը, առ առաւելն, 40 ոսկու իրաւունք ունէր, իսկ չարաշահօրէն ձեռք բերուած 160 ոսկին պարտաւոր էր անմիջապէս ետ տալ, եթէ չէր ուզում ծանր պատիժ ուտել:

Աքաղաղի պէս գլուխը վեր պահող Դ.-աղան, տեսնելով որ փախուստի ուրիշ ճանապարհ չկար, սմքեցաւ, սկսեց արգահատանք շարժելու ձեւեր թափել, խոստացաւ երթալ, գէթ մէկ մասը ետ բերել.- է՛ն բերելն է, որ բերում է, փախաւ, այլեւս չերեւաց, վերջին էլ կառավարութեան գանգատուեց, որ Հնչակեանները իրեն հալածում են՝ «Իտտիհատ»ական լինելուն համար:

Սրանք ներքին վէրքեր են, ցաւոտ, չարաւոտ պալարներ, որ մեր առողջ մարմինը վտանգի են ենթարկում, օգտուելով տիրող անբարոյացումից եւ անպատասխանատուութիւնից: