Ադրբեջանին «յոթ շրջաններ թողնելու» Սերժ Սարգսյանի միտքը. պարզաբանում Բաղրամյան-26-ից

1897
Armenia's President Serzh Sargsyan (L) shakes hands with Azerbaijan's President Ilham Aliyev as Russia's President Dmitry Medvedev (C) looks on in Astrakhan, October 27, 2010. Medvedev hosts a meeting of the leaders of Azerbaijan and Armenia in a bid to secure a breakthrough in resolving their differences over the disputed region of Nagorno-Karabakh. REUTERS/Ria Novosti/Kremlin/Vladimir Rodionov (RUSSIA - Tags: POLITICS) THIS IMAGE HAS BEEN SUPPLIED BY A THIRD PARTY. IT IS DISTRIBUTED, EXACTLY AS RECEIVED BY REUTERS, AS A SERVICE TO CLIENTS

Նախագահականը պարզաբանել է Ադրբեջանին «յոթ շրջաններ թողնելու» մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Ազատություն» ռադիոկայան

Հայաստանի նախագահի խոսնակն իր պատասխանում, մասնավորապես, նշել է՝ «Ղարաբաղի անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Որևէ տարածք վերադարձնելու մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում, «Ազատության» հարցմանն ի պատասխան, նշել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ ընդգծելով․ «[Ղարաբաղյան հակամարտության] հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը, որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից»:

Ըստ Հակոբյանի, «հատկապես ապրիլյան պատերազմից հետո անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»:

Ռուսաստանյան Россия сегодня լրատվական գործակալությանը մոտ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ հինգ տարի առաջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են եղել Ադրբեջանին զիջել յոթ շրջաններ՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց, անգամ նման բովանդակության փաստաթուղթ է եղել, սակայն, Իլհամ Ալիևը հրաժարվել է այն ստորագրել:

Նույն հարցազրույցում, խոսելով Արբեջանին յոթ շրջան վերադարձնելու հնարավորության շուրջ, Սերժ Սարգսյանը ոչինիչ չէր ասել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող ցամաքային միջանցքի մասին:

«Մենք հանդիպեցինք Մայնդորֆում, ստորագրեցինք փաստաթուղթ, ըստ որի, Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով: Դրանից հետո բանակցային գործընթացը շարունակվում էր, և մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթղթի ստորագրմանը, որում այդ երեք սկզբունքները հստակորեն արտացոլված էին: Այսինքն, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը թողնում են այն տարածքները, որոնք, որպես անվտանգության գոտի, ներկայում զբաղեցված են: Այսինքն՝ այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիները ասում են, որ դրանք օկուպացված են․ ադրբեջանական յոթ շրջաններ: Մենք թողնում ենք այդ շրջանները, հեռանում ենք: Այսինքն՝ սա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Սակայն, առաջին կետում հստակորեն նշված է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Հանրաքվեի միջոցով»,- ասել էր Սարգսյանը:

Նրա խոսքով, 2011թ․ հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հենց նման բովանդակությամբ փաստաթուղթ է նախապատրաստվել ստորագրման համար, սակայն, Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվել է ստորագրել՝ առաջ քաշելով լրացուցիչ պայմաններ:

Հատկանշական է, որ իր նախորդ հայտարարություններում նախագահ Սարգսյանը խոսում էր միայն հինգ շրջաններ վերադարձնելու հնարավորոթւյան մասին: Քառօրյա պատերազմից հետո, ապրիլի վերջին, Bloomberg գործակալության հետ զրույցում անդրադառնալով կազանյան փաստաթղթին, Սարգսյանը, մասնավորապես, ասել էր՝ «Այս փաստաթուղթը նաև նախատեսում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից և պետք է գային խաղաղապահ ուժեր․․․»:

Նախագահ Սարգսյանի՝ Россия сегодня-ին տված հարցազրույցի հրապարակումից հետո «Ազատությունը» հետևյալ հարցումն էր ուղարկել նախագահական՝ ե՞րբ է որոշում կայացվել Ադրբեջանին նախկինում ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջանները վերադարձնելու մասին, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը կհայտնվի անկլավային վիճակում՝ զրկվելով Հայաստանի հետ ցամաքային կապից և արդյո՞ք նման հեռանկարը Հայաստանի Նախագահի կողմից սպառնալիք չի դիտվում:

Իր պատասխանում նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը չի անդրադարձել՝ արդյո՞ք «յոթ շրջաններ թողնելու» մասին նախագահի խոսքը պարզապես վրիպակ էր: Հակոբյանը, սակայն, նշել է՝ «Հանրապետության նախագահն իր հարցազրույցում չի անդրադարձել համանախագահների կողմից հիմնահարցի փաթեթային հանգուցալուծման համար առաջարկված բոլոր դրույթներին, որոնք, ինչպես շեշտել են համանախագահները, անբաժանելի մեկ ամբողջություն են կազմում: Նախագահն ընդգծել է, որ այդ առաջարկի առաջին կետով ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Մյուս բոլոր տարրերը, ինչպես հայտարարել է Նախագահը ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում` «ածանցյալ են»»:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/11/24/serzh-sargsyan-kiselev-interview-7-occupied-territories/

Դիտել նաև՝

Սերժ Սարգսյանը պատրաստ էր և պատրաստ է վերադարձնել յոթ շրջան. ՍիվիլՆեթ