Արցախում սահմանադրական փոփոխությունների հիմնավորումը պարզ չէ. Էմիլ Սանամյան

889

Վաշինգտոնում բնակվող լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Էմիլ Սանամյանի կարծիքով Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հիմնավորումները պարզ չեն։ Այս ամիս ներկայացված նոր սահմանադրության նախագծի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը կիսանախագահական կառավարման ձևից անցում կկատարի նախագահական ավելի ուժեղ կառավարման։ Վարչապետի պաշտոնը կվերացվի, նախագահն ավելի շատ լիազորություններ կստանա։

Երբ Լեռնային Ղարաբաղի նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացվեց, հիմնական փաստարկն այն էր, որ հանրապետության անվտանգության մարտահրավերները պահանջում են իշխանության ավելի մեծ կենտրոնացում նախագահի ձեռքում։ Մինչդեռ Հայաստանը, նմանատիպ մարտահրավերներ ունենալով, սահմանադրությունը փոխեց, որպեսզի անցնի խորհրդարանական կառավարման։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների պատճառը։ Արդյոք անվտանգության փաստարկները հիմնավորվա՞ծ են։

– Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների ներկայիս հիմնավորումը պարզ չէ: Սակայն պարզ է, որ 2016-ի ապրիլյան պատերազմը ազդդեցություն է ունեցել առաջարկվող սահմանադրական փոփոխությունների բովանդակության վրա:

Մինչև ապրիլյան դեպքերը Ղարաբաղի ղեկավարները հակված էին անցում կատարել խորհրդարանական համակարգին՝ նմանակելով Հայաստանի Հանրապետությունում 2015-ի դեկտեմբերին իրականացված փոփոխությունները։ ԼՂՀ-ն ստեղծվել է որպես խորհրդարանական հանրապետություն 1991-ի դեկտեմբերին։ Սակայն թե՛ Երևանի ղեկավարության հետ լարվածության, թե՛ Ադրբեջանի հետ պատերազմով պայմանավորված՝ 1992-ի օգոստոսին ԼՂՀ-ում անցում կատարվեց ռազմական ղեկավարման արտակարգ ռեժիմի՝ Պաշտպանության պետական կոմիտեի միջոցով, իսկ ավելի ուշ՝ 1994-ի դեկտեմբերին, անցում կատարվեց նախագահական համակարգի, ինչն արել էր Հայաստանը դրանից երեք տարի առաջ:

Ընդհանուր առմամբ, կասկածելի լինելով հանդերձ՝ ԼՂՀ անցումը խորհրդարանական համակարգին կհետևեր այս տրամաբանական ուղղությանը։ Ավելին, վարչապետ Արա Հարությունյանի աճող ազդեցությունը, ինչն իր արտահայտությունը գտավ 2015-ի մայիսի խորհրդարանական ընտրություններում, երբ նրա Ազատ հայրենիք կուսակցության ամենաշատ մանդատները ստացավ խորհրդարանում, նման փոփոխության միջոցով պաշտոնապես կամրագրեր իր իշխանությունը։ Սակայն ապրիլյան պատերազմից հետո Ստեփանակերտում և հատկապես Երևանում կարծես մտափոխվեցին ։

Ինչպես նկատել է ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը, ԼՂՀ նոր Սահմանադրության նախագիծը մշակվել է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի և արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի կողմից, ինչն ընդգծում է այդ գործընթացում Երևանի ուժեղ դերը։  Ստեփանակերտում նախագահ Բակո Սահակյանը և իշխանության զինվորական/անվտանգության թևը որոշել է դեմ կանգնել Արա Հարությունյանին քաղաքական իշխանությունը փոխանցելուն։

Հաշվի առնելով ԼՂՀ-ում առկա քաղաքական իրողությունները և, որ ամենակարևորն է, Երևանի ազդեցությունը, չեմ կարծում, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների համար անվտանգության փաստարկը լեգիտիմ կամ նույնիսկ տրամաբանական է։ Քաղաքական առկա համակարգն արդեն իսկ գերկենտրոնացված է։ Եթե խոսքը ապագայում ընտրությունների հաճախականության նվազեցման մասին է, ինչը վերջերս տեղի ունեցավ Ադրբեջանում, ավելի պարզ լուծում կլիներ լուծարել ԼՂՀ խորհրդարանը և անցկացնել միաժամանակյա (նախագահաան և խորհրդարանական) ընտրություններ։ Որպես այդպիսինъ առաջարկվող սահմանադրության նախագիծը, դրա հետ կապված քննարկումները, հանրաքվեն և դրա իրականացումը մեծապես շեղված են անվտանգության ու տնտեսական առաջնահերթություններից:

– Սահմանադրության նախագծով նախատեսվում է երեք տարվա անցումային ժամանակաշրջան մինչև ներկայիս Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը։ Անցումային շրջանի համար նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողմից: Դրանից հետո ներկայում գործող նախագահի համար սահմանադրական արգելք չի լինի,  որպեսզի նա ևս երկու անգամ կարողանա ընտրվել և տեսականորեն իշխել մինչև 2030-ը։ Որքանո՞վ են այս փաստարկները քաղաքական առումով հիմնավորված։ Արդյոք կիսո՞ւմ եք այն քննադատությունը, որ Բակո Սահակյանը նոր սահմանադրությունը հարմարեցրել է սեփական իշխանությունը պահելու համար։  

– 2017-ին Բակո Սահակյանի պաշտոնավարման երկրորդ շրջանի ավարտին նրա մտադրությունների հստակության բացակայության, ինչպես նաև Հայաստանում 2018-ից հետո նախագահ Սերժ Սարգսյանի մտադրությունների անհստակության պայմաններում, բնականաբար կարծիքներ կան, որ երկուսն էլ մտադիր են պահպանել իրենց իշխանությունը նոր փոփոխված սահմանադրությունների շրջանակում: Անկասկած, նման զարգացումները կթուլացնեն Արկադի Ղուկասյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից իշխանությունը փոխանցելու ավանդույթները և կբարձրացնեն Բակո Սահակյանի ու Սերժ Սրագսյանի քաղաքական ապագայի հետ կապված հարցեր։

– Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքական կուսակցությունը՝ Ազատ հայրենիքը, որը ղեկավարում է ներկայիս վարչապետը, աջակցություն է հայտնել սահմանադրական փոփոխություններին, մինչդեռ այդ կուսակցության առաջնորդը Բակո Սահակյանին փոխարինելու հիմնական թեկնածուներից էր համարվում։ Այժմ ստացվում է, որ ամենամեծ քաղաքական կուսակցությունը չի ձգտում առաջադրել իր թեկնածուին: Ինչպե՞ս կբացատրեք սա:

– Քաղաքական առումով այս ոչ տրամաբանական թվացող վարքագծի միակ բացատրությունը տեսնում եմ նրանում, որ ԼՂՀ քաղաքական գործիչները նախընտրում են գործել՝ անսալով Երևանի ղեկավարությանը, ինչպես նաև ելնելով ԼՂՀ-ի անվտանգության գերակայություններից: Ռազմական հնարավոր էսկալացիայի ծիրում Ղարաբաղի բիզնես էլիտան՝ ի դեմս Արա Հարությունյանի և նրա կուսակցության, կարծես թե անորոշ ժամանակով մի կողմ է դրել քաղաքական ամբիցիաները։

– Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սահմանադրական փոփոխությունները ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պայմանավորված է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի ղեկավարների դիրքորոշումներով և առանձնապես կապ չունի հակամարտող կողմերի ներքին խնդիրների հետ։ Եթե վաղը Ադրբեջանը դառնա իսլամական հանրապետություն կամ Հայաստանում հաստատվի սահմանադրական միապետություն, ԼՂՀ-ն դառնա մելիքություն կամ խանություն, դա շատ քիչ ազդեցություն կունենա խոշոր տերությունների կողմից այս հակամարտության կարգավորման դիրքորոշման վրա: Այնուամենայնիվ, սահմանադրական հաճախակի փոփոխությունները խարխլում են կառավարության լեգիտիմությունը և արդյունավետությունը, և դրանից պետք է խուսափել:

Անգլերենից թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

ՍիվիլՆեթ