Սերժ Սարգսյա՞նը պիտի ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

1522
Armenia's President Serzh Sargsyan (L) shakes hands with Azerbaijan's President Ilham Aliyev as Russia's President Dmitry Medvedev (C) looks on in Astrakhan, October 27, 2010. Medvedev hosts a meeting of the leaders of Azerbaijan and Armenia in a bid to secure a breakthrough in resolving their differences over the disputed region of Nagorno-Karabakh. REUTERS/Ria Novosti/Kremlin/Vladimir Rodionov (RUSSIA - Tags: POLITICS) THIS IMAGE HAS BEEN SUPPLIED BY A THIRD PARTY. IT IS DISTRIBUTED, EXACTLY AS RECEIVED BY REUTERS, AS A SERVICE TO CLIENTS

Սերժ Սարգսյանը ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում բառացիորեն ասել է. «Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից: Չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում»։

Քանի դեռ պաշտոնական Բաքուն և Իլհամ Ալիևը հրապարակավ չեն ընդունում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններից դուրս, պաշտոնական Երևանի և Սերժ Սարգսյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունելու հրապարակային հայտարարությունը որևէ արդարացում չեն կարող ունենալ:

Հայկական կողմը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հրապարակավ կարող է ընդունելի համարել միայն այն դեպքում, եթե դրան հաջորդում է մեկ այլ նախադասություն՝ «բայց չի ճանաչում խորհրդային ժամանակների սահմաններով Ադրբեջանը», որին մաս է կազմել ԼՂԻՄ-ը։

Սա շատ կարևոր վերապահում է, որի մասին չի խոսում Սարգսյանը և խոսում է վիճելի մեկ այլ բանի մասին, այն է՝ «ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին»:

Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ավելի քան երկու տասնամյակների ընթացքում միջազգային միջնորդները բազմիցս հայտարարել են, որ իրենց նպատակն է փորձել համատեղել երկու անհամատեղելի՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

Այնպես որ, Հայաստանի առաջնորդին վայել չէ նման պարզունակ և անհիմն կերպով մեկնաբանել Հելսնիկյան երկու հակասական սկզբունքները:

Սերժ Սարգսյանը հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան խնդիրը մի քանի անգամ մոտ է եղել լուծմանը և տարածքային ամբողջականության սկզբունքը ներառված է եղել փաստաթղթում, սակայն Ադրբեջանը հրաժարվել է այն ստորագրել:

Սա արդեն անտեղյակություն է, եթե չասենք՝ բանակցային գործընթացի պատմության խեղաթյուրված մեկնաբանություն: Սարգսյանը մեկ առ մեկ չի նշում, թե երբ են կողմերը մոտ եղել լուծմանը, հետևաբար՝ մենք ստիպված ենք մեկ առ մեկ նշել միջնորդների ներկայացրած առաջարկները և այն ժամանակները, երբ, իրավամբ, լուծումը անհավատալիորեն մոտ է թվացել:

1997-ի կեսերին Մինսկի խումբը ներկայացրեց կարգավորման փաթեթային տարբերակը, որը, այո՛, անվերապահորեն ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը ընդունեց այդ տարբերակը որպես բանակցությունների հիմք, Հայաստանը ընդունեց խիստ վերապահումներով, Արցախը մերժեց այն:

Տեսնում ե՞ք, որ Ադրբեջանը ընդունել է այդ տարբերակը, որով ճանաչվել է իր տարածքային ամբողջականությունը և, հակառակը, չի ընդունել Արցախը:

1997-ի դեկտեմբերին Մինսկի խումբը ներկայացրեց կարգավորման փուլային տարբերակը, որտեղ ուղղակի կերպով բառ չկար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ադրբեջանը ընդունեց այդ տարբերակը որպես բանակցությունների հիմք, Հայաստանը ընդունեց խիստ վերապահումներով, Արցախը կրկին մերժեց այն:

1998-ի նոյեմբերին Մինսկի խումբը ներկայացրեց կարգավորման Ընդհանուր պետություն կոչված տարբերակը, որի հենց սկզբում ասվում էր. «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Ադրբեջանը մերժեց այդ տարբերակը որպես բանակցությունների հիմք, Հայաստանը ընդունեց որոշ , իսկ Արցախը՝ խիստ վերապահումներով:

2001-ին Քի Վեսթում կողմերին ներկայացվեց աշխատանքային փաստաթուղթ, որը ոտնահարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա միջազգայնորեն ճանաչված սահմանները: Այդ փաստաթղթով առաջարկվում էր նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում և Լաչինի նեղ միջանցքով Արցախի միացումը Հայաստանին: Այսինքն, Արցախը 1988-ի սահմաններով դառնում էր Հայաստանի մաս: Իհարկե, դրա դիմաց Հայաստանը համաձայնվում էր Մեղրիով սուվերեն միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ, բայց սա այլ թեմա է:

Է՞լ երբ են կողմերը մոտ եղել լուծմանը: Եթե Սերժ Սարգսյանը նկատի ունի Պրահյան գործընթացը և Մադրիդյան փաստաթուղթը, ապա հենց դա միմյանց հակասող՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները հաշտեցնելու, համատեղելու փորձ էր:

Այսօր կարող ենք ասել՝ ձախողված փորձ:

Թաթուլ Հակոբյան