«Իտտիհատ»ը բարգաւաճման համար պարտական է հայ վաճառականների առատաձեռնութեանը

1167

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ. – Մամուլով, հրապարակային ժողովներով, դասախօսութիւններով բացատրեցինք՝ թէ «Իտտիհատ»ի ամրապինդ գաղափարն էր՝ բոլոր Հայերին, ուրեմն եւ Հայ Վաճառականներին, Առեւտրականներին քանդելու, կործանելու ե՛ւ տնտեսապէս. նիւթապէս. զգուշացրինք նրա թակարդից. թելադրեցինք ընդդիմադիր դիրք բռնել՝ նրա հանդէպ:

Բայց նա, այդ առնողը եւ տուողը, նա մեզ չլսեց, մեզ չհետեւեց, «Իտտիհատ»ի շարքերի մէջ մտաւ՝ հոծ բազմութեամբ: Նա առաւ ժամանակաւորը, տուեց՝ մշտականը:

«Իտտիհատ»ը իրեն քայքայեց՝ քայքայում է. սպանեց՝ սպանում է. այսօր այլեւս ծածուկ ոչի՛նչ կայ: Զգո՞ւմ է իր պատասխանատուութիւնը այն օրուանից, երբ բուռերով ոսկիներ էր թափում նրա փէշերը եւ Հայ Յեղափոխականին, միշտ իր բարձրութեան վրայ կանգնող Հայ Յեղափոխականին, ժամանակակից հայ կեանքի անիւը դարձնող այդ հսկայ ուժին, ինքը ձեռնունայն յետ էր դարձնում եւ իր դռները նրա առաջը պինդ փակում:

Երկրի ամենահեռաւոր անկիւններում անգամ՝ «Իտտիհատ»ը իր «կլիւբ»ները տարածում, այդ թոյնի որջերը պահում էր՝ գլխաւորապէս տեղական հայ վաճառականների ոսկիներովը: Եւ այդ այն ժամանակ, երբ հայ Կուսակցական Ակումբները, Լսարանները, Ընթերցասրահները, Թատերասրահները, իրենց գոյութիւնը քաշկռտում էին՝ բացառապէս գիւղացիների, աշխատաւորների, արհեստաւորների, պրոլետարների, լումաներովն ու այդպիսով յառաջդիմութեան, պրոպագանդայի, յեղափոխական գործունէութեան վառ ջահեր, ուժեր հնոցներ լինում, «Իտտիհատ»ին հակաթոյն հանդիսանում եւ նրա թեւերը կտրատում:

Բալքանեան պատերազմի ատեն՝ մի քանի ժամուայ մէջ, Հայ Վաճառականները 30 հազար ոսկիով պատասխանեցին «Իտտիհատ»ի բացած «Ազգային Հանգանակութեանը»: Յայտնի վաճառական Ի.-ը 10 հազար ոսկի թափեց սեղանի վրայ, Հայ եւ Թուրք ժողովականների առաջ, օսմանեան համալսարանի մէջ:

«Իտտիհատ»ը ո՛չ միայն իր կուսակցական կազմակերպութեան, այլ իր բացած մասնաւոր դպրոցների բարգաւաճման մի մեծ մասը պարտական է՝ հայ վաճառականների առատաձեռնութեանը:

Հայ Յեղափոխականներին չմերժող, 5-10 ոսկիով օգնող վաճառականը՝ «Իտտիհատ»ին 100-ներով, 1000-ներով է տուել: Կ. Պոլսոյ, Իզմիրի, Տրապիզոնի, ծովեզերեայ մի քանի քաղաքների հայ վաճառականները համոզեցուցիչ շատ վաւերաթուղթեր ունեն. նրանք կարող են փաստել, առանց սակայն իրենց դէմ հակաճառող ունենալու:

ՄՏԱՒՈՐԱԿԱՆ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐ.- Բացի դրանցից, մենք դառն դժբախտութիւն ունեցանք, ո՛չ միայն Կ. Պոլսոյ, այլ նոյն իսկ գաւառների շատ մասերում տեսնել, ճանաչելու՝ բաւականին ստուար թուով՝ հայ ուսուցիչներ, կարծեցեալ մտաւորականներ եւ հայ քահանաներ, այո՛, հայ քահանաներ էլ, «Իտտիհատ»ական շարքերի մէջ՝ կուռ կանգնած:

Թուրք դպրոցների մէջ պաշտօն վարող բոլոր հայ ուսուցիչները, անխտիր, մոլի «Իտտիհատ»ապաշտներ էին:

Միսիոներական կրօնա-կրթական հասատութիւնների մէջ գտնուող հայ դաստիարակներից շատերը նախընտրում էին «Իտտիհատ»ութեան մէջ մտնել, քան Հայ Կուսակցութիւններին անդամակցել:

Շատ տեղերում՝ թաղականները, հոգաբարձուները պարտադրել էին երաժշտութեան ուսուցիչներին «Իտտիհատ»ագով երգեր սովորեցնելու: Ու հայ մանուկները անմե՜ղ անմե՜ղ երգում էին…

«Իտտիհատ»ական հայ խմբագիրների, հրապարակախօսների ո՛չ թիւն ու անունն է անծանօթ, ո՛չ էլ նրանց կատարած տխուր դերը: