Միացյալ Նահանգները Հայաստանում նախքան Դոնալդ Թրամփը

992

1992-ի փետրվարի ցուրտ կեսօրին ամերիկացի դիվանագետ Սթիվ Մանը Երևանի «Հրազդան» հյուրանոցի վրա բարձրացնում էր ամերիկյան դրոշը: Այդ օրերին Հայաստանը ներքաշվել էր արյունալի պատերազմի, հարևանների կողմից շրջափակման հետևանքով՝ նաև մթի ու ցրտի մեջ: «Հրազդան»-ը մի քանի շենքերից էր, որտեղ 24 ժամ լույս կար: Երևանում ամերիկացի թիվ մեկ դիվանագետ Մանը և իր թիմը, որպես դեսպանություն, տեղաբաշխվեց այդ հյուրանոցում: Դա անկախ Հայաստանում դիվանագիտական առաջին առաքելությունն էր:

Իր հերթին Հայաստանը դիվանագիտական առաքելություններից առաջիններից մեկը հաստատեց Մ. Նահանգներում: Արդեն 1992-ի մարտին Վաշինգտոնում բացվեց Հայաստանի դեսպանությունը:

Մ. Նահանգները առաջիններից էր ճանաչել Հայաստանի անկախությունը, իսկ երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երդմնակալությունից երեք օր անց՝ 1991-ի նոյեմբերի 14-ին, հյուրընկալվել էր Սպիտակ տանը: Դա առաջին նախագահի առաջին արտասահմանյան այցն էր և հանդիպումը նախագահ Ջորջ Բուշ Ավագի հետ:

Հայ-ամերիկյան հարաբերություններում տրված հաջող մեկնարկը, սակայն, չվերածվեց հայ-ամերիկյան ռազմավարական խորը գործակցության մի շարք պատճառներով: Առաջինը, անկասկած, անկախ Հայաստանի՝ օր-օրին խորացող կախումն էր Ռուսաստանից: Երևանը, շրջապատված ոչ բարյացակամ տրամադրված հարևաններով, իր անվտանգությունը ավելի ու ավելի կապում էր Ռուսաստանից սպասվող օգնության հետ: Ապրիլյան քառօրյա պատերազմը սառը ցնցուղ էր և հօդս ցնդեցրեց ռուսական պատրանքային հույսերը:

Թուրքիա-Հայաստան փակ սահմանը, Արցախյան և տարածաշրջանային մյուս հակամարտությունները ևս հայ-ամերիկյան գործընկերության ընդլայնմանը խոչընդոտող գործոններից են: Անկախ դիվանագիտական բառապաշարի ընտրությանը, ակնհայտ է՝ որքան ընդլայնվում է ռուսական ներկայությունը Հայաստանում, այնքան նեղանում է ամերիկյանը:

Այդուհանդերձ, Մ. Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն քաղաքական և տնտեսական գործընկերներից: Մ. Նահանգները ներգրավված է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունում: Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Վաշինգտոնը, մյուս կողմից, բաց է թողնում Արցախի կարգավիճակի որոշման հարցում որևէ վերջնարդյունք:

1992-ի օգոստոսին ԱՄՆ Սենատը ընդունեց 907 ուղղումը, որն արգելում էր Ադրբեջանին տրամադրել ռազմական օժանդակություն, քանի դեռ այն օգտագործվում է Հայաստանի դեմ: 1998-ից 907 ուղղումը կորցրել է իր ուժը: Այսօր Մ. Նահանգները ռազմական օժանդակության տրամադրման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանում է հավասարակշռություն:

Հայաստանից հետո միակ պետությունը, որը բյուջեի առանձին տողով օգնություն է տրամադրում Արցախին, Մ. Նահանգներն է: Լոս Անջելեսում են կազմակերպվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնները, որոնց ընթացքում հանգանակված գումարներըը հիմնականում ուղղվում են Արցախում ենթակառուցվածքների բարելավմանը: Ռուսաստանից հետո ամենամեծ հայկական համայնքը Մ. Նահանգներում է:

Մ. Նահանգները Հայաստանին մարդասիրական և տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնոր պետությունն է, 1991-ից ի վեր այդ գումարը կազմել է շուրջ 2.5 միլիարդ դոլար:

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները և առևտրային ցուցանիշները տպավորիչ չեն: Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեջ Մ. Նահանգները դուրս է առաջին տասնյակից: 2015-ին հայ-ամերիկյան ապրանքաշրջանառությունը 150 միլիոն դոլարի սահմաններում էր:

1991-ից ի վեր Մ. Նահանգների որևէ նախագահ կամ փոխնախագահ չի այցելել Հայաստան, ի տարբերություն հարևան Վրաստանի և Թուրքիայի: Երևան այցելած բարձրաստիճան պաշտոնյան եղել է պետքարտուղարը: 1992-ին Ջեյմս Բեյքերը, իսկ երկու անգամ՝ Հիլարի Քլինթոնը, այցելել են Հայաստան:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ է հյուրընկալվել Սպիտակ տանը՝ 1991-ի նոյեմբերին և 1994-ի օգոստոսին՝ Ջորջ Բուշ Ավագի և Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին: Եվս երկու անգամ հյուրընկալվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 1999-ին և 2001-ին, երբ ԱՄՆ-ում նախագահում էին Քլինթոնն ու Ջորջ Բուշ կրտսերը: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, չնայած Հայաստանի արտգործնախարարության ջանքերին, Սպիտակ տանը չի արժանացել հեռացող նախագահ Բարաք Օբամայի ընդունելությանը:

Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի իշխանության հարցերում Մ. Նահանգները հետևողական է: Քանի դեռ Հայաստանը համարվում էր «ժողովրդավարության օազիս» կովկասյան տարածաշրջանում, դա Վաշինգտոնում գնահատվում էր հավուր պատշաճի: 1994-ին, երբ կասեցվեց ՀՅԴ-ն, Սպիտակ տունն ու Կոնգրեսը Հայաստանի հասցեին օգտագործեցին խիստ բառապաշար: Հետագայում, երբ սկսեցին կեղծվել նախագահական ընտրությունները, Մ. Նահանագները հստակ դիրքորոշում էր արտահայտում, երբեմն նաև չշնորհավորելով Հայաստանում նախագահ դարձածին:

2017-ի հունվարի 20-ին Մ. Նահանգները կունենա նոր նախագահ՝ Դոնալդ Թրամփը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ «Մ. Նահանգները կմնա Հայաստանի համար կայուն և հաստատուն գործընկեր»։

Թաթուլ Հակոբյան