Արթուր Բաղդասարյանը չի փոշմանել 2008-ին Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու համար

1153

«Հայկական վերածնունդ», նախկինում՝ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը իր ծննդյան 48-ամյակի օրը մի քանի խոստովանություններ է արել, մասնավորապես, թե ինչո՞ւ է 2008-ին կոալիցիա կազմել Սերժ Սարգսյանի հետ:

«Կազմել եմ, որպեսզի չհոսի մեր հայրենակիցների արյունը, կազմել եմ, որ երկիրս չդառնա արտաքին ագրեսիայի թիրախ, կազմել եմ իմ հայրենիքը բազմաթիվ ներքին ու արտաքին ցնցումներից զերծ պահելու համար: Իրենց կողմից  համանման որոշում ժամանակին կայացրել են նաեւ հանրության կողմից հարգված ու հեղինակություն վայելող այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝  Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը: Ի վերջո, ցանկացել եմ իմ ծրագրերն ու իմ քաղաքական թիմի երազանքները կյանքի կոչել, քանի որ հենց իշխանությունն է հնարավորություն տալիս կյանքի կոչել ցանկացած կուսակցության ծրագրերը:

Փոշմանել եմ իմ որոշման համար՝ ոչ, հաջողվե՞լ է արդյոք կյանքի կոչել իմ որդեգրած ծրագրերի գոնե գերակշիռ մասը` ոչ, ինչն էլ հենց պատճառ դարձավ իմ եւ իմ քաղաքական թիմի հրաժարականին, որի արդյունքում մենք դուրս եկանք իշխանությունից, և  շարունակում ենք պայքարել մեր ծրագրեի իրականացման համար: Ընդդմադիր կուսակցությունները  միշտ պե՞տք է մնան ընդդիմադիր, միանշանակ՝ ոչ, ընդդիմադիր կուսակցությունները ընտրությունների արդյունքում  կարո՞ղ են դառնալ իշխանություն, իսկ իշխանական կուսակցությունները ընդդիմություն, միանշանակ՝ այո: Ընդդիմությունը կարող է լինել բազմաշերտ՝ արմատական, չափավոր, կառուցողական ծայրահեղական միանշանակ՝ այո:

Ընդդիմադիր ո՞ւժ է այսօր  «Հայկական վերածնունդը» , միանշանակ` այո, ծայրահեղական ո՞ւժ է ընդդիմության մեջ «Հայկական վերածնունդը», միանշանակ` ոչ: Կարո՞ղ ենք պաշտպանել իշխանության դրական քայլերը, միանշանակ` այո, իշխանության հասնելու համար կդիմենք անձնական վիրավորանքների եւ վենդետաների, ապստամբության և արյունոտ հեղափոխության, միանշանակ` ոչ:

2017թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի կամ այլ կուսակցության հետ առանց իրական իշխանության և առանց որոշումների վրա իրական ազդեցության կոալիցիա կկազմենք` միանշանակ՝ ոչ, իսկ իրական իշխանության և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում կգնանք հետընտրական դաշինքների, միանշանակ` այո», ասել է Բաղդասարյանը:

Վանաձորի ավագանու նիստին անդրադառնալով՝ Բաղդասարյանը պնդել է, որ հուշագրի ոգուն համապատասխան, «Հայկական վերածնունդը» հստակ պահել է պայմանավորվածություները և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին. «Չնայած դրան, շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները»: