Բաքու ժամանած երրորդ հայը Սյուզան Ջաղինյանն է

2071

Բաքու ժամանած երրորդ հայը, ով, համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների մասնակցում է «Հայ-ադրբեջանական հակամարտություն. կարգավորման հիմնական արգելքները և հեռանկարները. հայացք դեպի Հայաստան և Ադրբեջան» թեմայով կոնֆերանսին, Սյուզան Ջաղինյանն է:

Ադրբեջանական լրատվամիջոցները նրան ներկայացնում են որպես լրագրողի և հասարակական գործչի:

Բաքու ժամանած մյուս երկու հայերը Շվեդիայում և Ուկրաինայում բնակվող Վահե Ավետյանը և Վահան Մարտիրոսյանն են:

Ավետյանին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են որպես վտարանդի իրավապաշտպան, իսկ Մարտիրոսյանին՝ իրավապաշտպան, լրագրող  և Հաքքին.ազ կայքի սեփական թղթակից:

Սյուզան Ջաղինյանը վերջերս դիմել էր Ադրբեջանին` հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից: Ավելի վաղ նա Հայաստանի իշխանություններին մեղադրել էր իր հետ տեղի ունեցող անարդարությունների մեջ:

Ի պատասխան, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել լրագրող Սյուզան Ջաղինյանի այն հայտարարություններին, թե պարզվել է, որ ինքը մահացած է:

Բիչախչյանը լրագրողի հայտարարությունների հետ կապված, ըստ Առավոտ թերթի, մասնավորապես գրել էր. «Սյուզան Ջաղինյանը իշխանություններին մեղադրում է տարիներ շարունակ տևած անարդարություններով՝ իր հետ տեղի ունեցածն անվանելով մղձավանջ, քանի որ անձնագրային բաժանմունքից պարզել է, որ ինքը մահացած է՝ մահացած լինելն ու ապրելը համարելով օրինաչափ: Մինչ իշխանությանը մեղադրելը անհրաժեշտ էր ամեն ինչ սկսել ներսից, սեփական տնից: 2011թ. մարտի 22-ին անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել է Վոլոդյա Ջաղինյանի դիմումը՝ դատարանի վճռով մահացած ճանաչված դստերը հաշվառումից հանելու գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով: ՀՀ կառավարության 2005 թվականի հուլսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետի համաձայն անձի անհատական տվյալներն արխիվացվում են դատարանի որոշմամբ մահացած ճանաչելու դեպքում: Հիմք ընդունելով Վ. Ջաղինյանի կողմից ներկայացրած դատարանի վճիռը՝ Ս. Ջաղինյանին մահացած ճանաչելու վերաբերյալ, վերջինս հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից: Ընդ որում մինչ մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը, գործընթացն անցել է սահմանված ընթացակարգով՝ առկա է եղել նաև գործ անհայտ բացակայող ճանաչելու մասով և համապատասխան վճիռ: Մեկնաբանությունները թողնենք հանրությանը»: