Հայաստանում կա շուրջ 5 տասնյակ քաղաք, որոնցից բնակչությամբ ամենափոքրը Դաստակերտն է Սիսիանի տարածաշրջանում՝ Այրի լեռան ստորոտին, նույնանուն գետի ակունքի մոտ:
Համաձայն 2011 թվականի մարդահամարի տվյալների, Դաստակերտում առկա բնակչության թիվը 243 է, մշտական բնակչության թիվը՝ 323:
1951-ից Դաստակերտը համարվել է քաղաքատիպ ավան: Հաջորդ՝ 1952-ին, այնտեղ կառուցվում է պղնձամոլիբդենային կոմբինատ, և սկսվում է բնակավայրի արագ բնակեցումը Հայաստանի տարբեր վայրերից: Կառուցվում են մի քանի տասնյակ բազմաբնակարանային շենքեր:
1980-ական թվականներին քաղաքի բնակչության թիվը հասնում է շուրջ 8.000-ի, իսկ երբ փակվում է կոմբինատը, սկսվում է բնակչության զանգվածային հեռացումը Դաստակերտից:
1922-ին Դաստակերտն ունեցել է 358 բնակիչ, բոլորը՝ թրքո-թաթար, 1931-ին՝ 434, բոլորը՝ թուրք: 1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով, Դաստակերտ գյուղն ունեցել է 339 բնակիչ, որոնցից 338-ը՝ թուրք, այսօրվա տերմինաբանությամբ՝ ադրբեջանցի, 1-ը՝ ռուս: