Քրքորյանը 2 միլիարդ դոլարի կտակ է թողել. Օսկանյանի առաջարկը

2559

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առաջարկում է հայության բացարձակ վստահությունը վայելող անհատներից բաղկացած հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի կտակից հայկական նպատակների համար հատկացումների հարցով։

Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր կարդացի Քըրք Քրքորյանի կտակը։ Հասկացա հետևյալը՝ ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմակերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։ Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի է միայն մեկը։ Նրանք Քրքորյանի մահվանից հետո երեք տարվա ընթացքում (որի մեկ տարին անցել է) պետք է արդեն այդ գումարի բաժանումը կատարած լինեն։

Չնայած այս եռյակի որոշման վրա որևէ սահմանափակում չկա, բացառությամբ, որ որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով` ես այնուամենայնիվ կարծում եմ՝ այս անհատների վրա կա բարոյական պարտավորություն, որը բխում է Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից։

Քըրք Քրքորյանը բարեգործական նվիրաբերումներ արել է երեք հիմնական ուղղություններով․

Առաջին. ամերիկյան հաստատություններին, հատկապես՝ կրթական,

Երկրորդ. հայկական կազմակերպություններին՝ կրթական, մշակութային, հրատարակչական և այլ,

Երրորդ, որը եղել է նրա նվիրաբերումների ամենածավալուն մասը, Հայաստանին։

Ես համոզված եմ, որ այս հանգամանքը որոշակի պարտավորություններ է դնում կտակը տնօրինող անհատների վրա՝ իրենց ընտրությունը կատարելու գործում։

Ճիշտ կլինի՝ հնարավորինս արագ հայ ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող անհատներից բաղկացած հինգ-յոթ հոգանոց հանձնաժողով ստեղծել, որը, խորհրդակցություններ անցկացնելով ավելի լայն շրջանակների հետ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, առաջարկների փաթեթ ներկայացնի կտակը տնօրինող եռյակին։ Հանձնաժողովի խնդիրը պետք է լինի հիմնավորել կտակի գումարների ստվար մասի ուղղումը հայկական նպատակներին, ինչպես նաև՝ նախանշել այն կազմակերպություններն ու ծրագրերը, որոնց պետք է հատկացումներն անել։

Չի կարելի այս հարցը պատահականության թողնել։ Չի կարելի նաև, որ անհատ մարդիկ և կազմակերպություններ, առանձին-առանձին՝ իրենց միջոցներով, հակասական առաջարկություններով, նեղ շահերից ելնելով, վանեն կտակը տնօրինող եռյակին»,- գրել է Օսկանյանը։

Լուսանկարում՝ Վարդան Օսկանյանը, Հարութ Սասունյանը, Քըրք Քրքորյանը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության թանգարանում։