Սեպտեմբերի առաջին կեսին Միացյալ Նահանգներ այցելության ընթացքում երկու օր մնացի Դետրոյտում, Միչիգանի նահանգ: Այցելության մեկ օրը նվիրեցի համայնքի համար դասախոսությանը և գրքերի շնորհանդեսին, որ տեղի ունեցավ Սուրբ Սարգիս եկեղեցում (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմ)՝ գործակցաբար եկեղեցու հոգաբարձուների խորհրդի, Հայկական կենտրոնի ու մի քանի անհատների, այդ թվում Րաֆֆի Ուրլյանի, Սեպուհ Սարգսյանի, Շանթ Ժամկոչյանի ու եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրանտ Գևորգյանի:
Մյուս օրը անցկացրի Հայ Առաքելական ընկերակցության հաստատությունում, որտեղ գրեթե ամեն բան կապվում է Հայաստանի Ազգային հերոս, նշանավոր հայ բարերար Ալեք Մանուկյանի անվան, գործունեության ու ժառանգության հետ:
Մանուկյանը ծնվել է 1901-ին Զմյուռնիայում, այսօր՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Հայոց ցեղասպանության տարիներին ծննդավայրից փախուստ տալուց հետո նա կարճ ժամանակով բնակություն է հաստատել ամերիկյան մի քանի քաղաքներում, իսկ 1924-ին վերջնականապես հաստատվել Դետրոյտում:
ՌԱԿ նշանավոր և երկարամյա գործիչներից Երվանդ Ազատյանի ուղեկցությամբ և բացատրություններով մոտիկից ծանոթացա Հայ Առաքելական ընկերակցության հաստատություններին.
«Ալեք և Մարի Մանուկյան» թանգարան,
Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճար,
ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» վարժարան,
«Էդուարդ և Հելեն Մարտիկյան» մատենադարան,
վետերանների հիշատակի սրահ և մարզարան:
Թանգարանը կառուցվել է 1992-ին՝ Ալեք Մանուկյանի կենդանության օրոք: Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը, ով այդ շրջանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարի հոգևոր հովիվն էր, թանգարանը վերածեց արվեստի գանձերի բացառիկ հավաքածուի:
Այս թանգարանը ընգրկում է հայկական արվեստի ամենամեծ հավաքածուն՝ Հայաստանից դուրս: Ավելի քան 1500 ցուցանմուշների 99 տոկոսը առնվազն մեկ դարյա հնություն ունի: Թանգարանի հավաքածուի մի մասը գնել է Ալեք Մանուկյանը: Իսկ ցուցանմուշները ձեռք են բերվել տարբեր վայրերում, տարբեր ճանապարհներով:
Այսպես, Ոսկան Երևանցու կողմից 1666-ին տպագրված Ավետարանի մեկ օրինակը ձեռք է բերվել Դաքքայում, Բանգլադեշ: Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը թանգարանին նվիրել է 16-րդ դարի խաչքար Նորատուսից:
Թանգարանի հարևանությամբ է գտնվում հայկական դպրոցը, որտեղ հաճախում են ավելի քան 400 աշակերտներ, որոնց կեսը՝ այլազգիներ: Լուսավոր դպրոց էր, իմ տեսած դպրոցներից լավագույնը Հայաստանում և Սփյուռքում:
Մի քանի օր առաջ հերթական անգամ Հայաստանում էր Երվանդ Ազատյանը: Նա իր հետ որպես նվեր բերել էր «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի մասին պատմող շքեղ գիրք-ալբոմը, որը կշռում է 4 կիլոգրամ:
“A Legacy of Armenian Treasures: Testimony to a People” գիրք-ալբոմը իրականություն է դարձել Երվանդ Ազատյանի ջանքերով` համագործակցաբար Սիլվի Մերյանի և Լյուսի Արտաշի («Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի տնօրեն): Ազատյանն է գրել այս ծանրակշիռ հատորի նախաբանը:
Երևանում, սուրճի շուրջ, մենք շարունակեցինք մեր զրույցները ինչպես Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների, հայոց պատմության ու քաղաքական անցյալի, այնպես էլ Սփյուռքի, «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանի ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ:
Նոր սերունդը պետք է Հայաստանի Ազգային հերոս, ազգային մեծանուն բարերար Ալեք Մանուկյանի և նրա ժառանգության մասին ավելի լավ պատկերացում ունենա: Մանուկյանը առատաձեռն է եղել նաև Հայաստանի Հանրապետության հանդեպ և դա գնահատվել է հավուր պատշաճի՝ Ազգային հերոսի կոչումով: Ազգային մեծ բարերարը, ինչպես ասում է նրա երկար տարիների օգնական Երվանդ Ազատյանը, կարող էր նաև “ժլատություն” անել՝ 1 դոլար խնայել, իսկ հաջորդ օրը 1 միլիոն դոլար նվիրել որևէ հայկական ձեռնարկի համար:
Թաթուլ Հակոբյան