Թուրքակա՛նը վաճառեք, միայն թուրքակա՛նը

2697

Արդեն մի քանի տարի Գյումրիում հիմնվել է գործարան, որտեղ արտադրվում է օճառի տեսականի Նոյեմի ապրանքանշանով, տե՛ս լուսանկարում: Հայկական արտադրության այս օճառը իր որակական և գնային չափանիշներով մրցունակ է ոչ միայն ռուսական, թուրքական ու բուլղարական օճառներին, որոնք մեծ քանակներով ներկրվում են Հայաստան և սպառվում, այլ եվրոպական ֆիրմաների արտադրանքին:

Նոյեմի օճառը, սակայն, շատ դժվար է գտնել Հայաստանի սուպերմարկետների ցանցերում, քանի որ Հանրապետական իշխանությունների ցուցումով, դրա վաճառքը, կարելի է ասել, արգելված է: Եվ միակ պատճառն այն է, որ այդ օճառի արտադրությունը կազմակերպում է Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրը: Ու քանի որ ԳԱԼԱ-ն ընդդիմադիր կեցված ունի, այդ պատճառով Սերժ Սարգսյանն ու նրա ռեժիմը ամեն ինչ անում են, որ հայկական արտադրության օճառը չդրվի վաճառքի:

Փոխարենը վաճառվում է թուրքական արտադրության օճառը: Մինչդեռ, եթե իշխանությունները և սուպերմարկետների տերերը արգելանք չդնեին Նոյեմիի վաճառքի վրա, ապա արդար և հավասար մրցակցության պայմաններում գործարանը կաշխատեր իր ողջ հզորությամբ և կապահովեր հարյուրավոր, կրկնում ենք, հարյուրավոր աշխատատեղեր մի քաղաքում, որտեղ աղքատությունը և գործազրկությունը, հետևաբար նաև՝ արտագաղթը, ամենաբարձրն է Հայաստանում:

Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է՞ այնպես անել, որ սուպերմարկետները չհրաժարվեն վաճառել Նոյեմի հայկական օճառը:

Ի դեպ, թուրքական օճառ և թուրքական ապրանքատեսակներ ներկրող ընկերությունները և նրանց տերերը սերտորեն կապված են Հանրապետական կուսակցության հետ:

Հանրապետական կուսակցության իշխանության, հատկապես՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, ծաղկում է ապրել հայ-թուրքական առևտուրը, ավելի ճիշտ՝ թուրքական ապրանքների հոսքը Հայաստան, քանի որ հակառակը գրեթե գոյույթուն չունի:

Որպեսզի մեր խոսքերը մերկապարանոց չհնչեն, բերենք պաշտոնական վիճակագրական տվյալները, որ վերցրել ենք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:

Չնայած այն իրողությանը, որ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը և մերժում է Երևանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, իսկ Արցախի հարցում բացահայտ աջակցում է Ադրբեջանին, Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշռում այդ երկրի տեսակարար կշիռը զգալի է եղել 1991-ից ի վեր:

Այս՝ 2016 թվականի ութ՝ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում, ինչպես արձանագրված է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության արտաքին առևտրի տվյալների բազայում, Հայաստանը Թուրքիայից ներմուծել է շուրջ 88 միլիոն դոլարի ապրանք և Թուրքիա է արտահանել ընդամենը 360 հազար դոլարի արտադրանք:

Հայ-թուրքական առևտուրը իր ծաղկման շրջանին է հասել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այսպես, 2008-2016 թթ. ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել շուրջ 1.8 միլիարդ դոլարի արտադրանք, նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա արտահանվել է 11 միլիոն դոլարի ապրանք ընդամենը, այսինքն՝ 155 անգամ պակաս: Թուրքիայից Հայաստան ներկրումների գագաթնակետը Աբդուլլահ Գյուլի Երևան այցի տարում էր՝ 2008-ին, երբ ներկրվեց ավելի քան 268 միլիոն դոլարի արտադրանք:

Ճիշտ է նաև, որ 2015-ին, նախորդ տարիների հետ համեմատ, հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը զգալի անկում ապրեց: Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմեց շուրջ 137 միլիոն դոլար, իսկ արտահանումը՝ գրեթե 1.5 միլիոն:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը (ԱՄՆ դոլարով), ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, եղել է  հետևյալը.

Տարեթիվ                                    Արտահանում                                Ներմուծում

2015                                                  1.497.800                                      136.958.200

2014                                                  1.494.300                                      232.268.800
2013                                                  1.595.600                                      210.702.200
2012                                                    927.800                                       213.468.300
2011                                                  1.049.400                                      240.248.200
2010                                                 1.291.300                                       210.381.200
2009                                                 1.197.500                                       177.648.800
2008                                                 1.850.900                                       268.187.300

Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին Թուրքիայից Հայաստան է ներկրվել գրեթե 600 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել՝ շուրջ 18 միլիոնի:

Տարեթիվ                                    Արտահանում                                Ներմուծում

2007                                                3.033.000                                         130.631.300
2006                                                2.370.500                                          95.422.900
2005                                                2.473.400                                          66.928.000
2004                                                2.021.200                                           44.804.700
2003                                                1.154.700                                           40.886.700
2002                                                1.435.800                                           38.232.000
2001                                                1.130.000                                           33.755.900
2000                                                1.527.900                                           40.462.400
1999                                                1.128.500                                           40.152.200
1998                                                2.987.500                                           56.779.800

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում, ավելի ճիշտ՝ 1995-ից (այդ տարվանից են պահպանվել պաշտոնական վիճակագրական տվյալներ) մինչև 1997-ը ներառյալ, Թուրքիայից Հայաստան է ներկրվել 46 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել՝ գրեթե 16 միլիոն դոլարի արտադրանք:

Տարեթիվ                                    Արտահանում                                 Ներմուծում

1997                                                7.152.700                                             38.395.900
1996                                                6.031,200                                             6.254.500
1995                                                2.598.300                                             2.589.500

Ի դեպ, Հայաստանից Թուրքիա ամենից շատ արտադրանք արտահանվել է 1997-ին՝ ավելի քան 7 միլիոն դոլար:

Այսպիսով, վերջին 22 տարիներին՝ 1995 թվականից ի վեր (այդ տարվանից են պահպանվել պաշտոնական վիճակագրական տվյալներ), Հայաստանը Թուրքիայից ներկրել է շուրջ 2.5 միլիարդ դոլարի ապրանք, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա է արտահանվել շուրջ 45 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ ավելի քան 50 անգամ պակաս:

Թուրքիայից Հայաստան ապրանքը հասնում է հիմնականում Վրաստանի տարածքով, քանի որ Անկարան շարունակում է շրջափակման տակ պահել Հայաստանի հետ ցամաքային սահմանը 1993-ի ապրիլի 2-ից:

Թաթուլ Հակոբյան