Սերժ Սարգսյանի առաջ Սպիտակ տան դռները փակ են

1968

Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Մ. Նահանգներ: Բաղրամյան 26-ը տեղեկացնում է, որ Սարգսյանը Նյու Յորքում կմասնկացի հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին: Այցի շրջանակներում նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումներ:

*****

Նախագահի պաշտոնը ստանալուց՝ 2008-ի ապրիլից ի վեր, Սերժ Սարգսյանը յոթ անգամ այցելել է Միացյալ Նահանգներ, սակայն նրան չի հաջողվել ընդունելության արժանանալ Սպիտակ տանը: Սարգսյանին հաջողվել երկու կարճ հանդիպում ունենալ Բարաք Օբամայի հետ: Միայն այդքանը, թեև Հայաստանի արտգործնախարարությունը և Վաշինգտոնում Հայաստանի դեսպանները ջանք ու եռանդ չեն խնայել՝ կազմակերպելու Սարգսյանի պաշտոնական այցը:

Ձեզ ենք ներկայացնում Սերժ Սարգսյանի՝ Միացյալ Նահանգներ այցելությունների ժամանակագրությունը:

2009 թվականի հոկտեմբերին Սարգսյանը համահայկական շրջագայություն կատարեց հայ-թուրքական արձանագրությունները Սփյուռքում “վաճառելու” նպատակով: Այն ընգդրկեց նաև Նյու Յորքն ու Լոս Անջելեսը: Ամերիկյան վարչակարգը ողջունեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Սարգսյանի “խիզախ” քայլը: Այցի ընթացքում Օբաման զանգահարեց Սերժ Սարգսյանին և իր աջակցությունը հայտնեց:

2010-ի ապրիլին Սարգսյանը առաջին հանդիպումը ունեցավ Օբամայի հետ: Այդ հանդիպումը կայացավ Վաշինգտոնի միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում:

2011-ին Սարգսյանը երկու անգամ այցելեց Միացյալ Նահանգներ՝ մայիսին և սեպտեմբերին: Սեպտեմբերյան այցի ընթացքում՝ Նյու Յորքում և Լոս Անջելեսում, նա հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ մայիսին Վաշինգտոնում նրան ընդունեց պետքարտուղարը:

2015-ին Սերժ Սարգսյանը երկու անգամ աշխատանքային այցով մեկնեց Միացյալ Նահանգներ, սակայն երկու դեպքում էլ դա առնչություն չուներ հայ-ամերիկյան հարաբերությունների հետ, թեև եղան նաև երկկողմ հանդիպումներ և առնվազն մեկ պատմական լուսանկար՝ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ հետ:

Մայիսին Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում մասնակցեց Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին: Արարողությանը մասնակցեցին նաև փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը: Այցի ընթացքում Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի և դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգթոնի հետ:

Սարգսյանը Միացյալ Նահանգներ մեկնեց նաև սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալու նպատակով: Նյու Յորքում նա մասնակցեց նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: Ընդունելության ընթացքում, ինչպես հաղորդեց Բաղրամյան 26-ը, նախագահներ Բարաք Օբաման և Սերժ Սարգսյանը “կարճ զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համահայկական նշանակության հարցեր”:

2016-ի մարտի վերջին Սերժ Սարգսյանը հերթական աշխատանքային այցը կատարեց ԱՄՆ: Մասաչուսեթս նահանգում Սարգսյանը այցելեց հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում, ապա Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» և Հայ Յեղափոխական Դաշնակցության «Հայրենիք» կենտրոններում: Սարգսյանը Միացյալ Նահանգներ այցի առաջին օրը եղել էր նաև Բոստոնի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում:

Սերժ Սարգսյանը դեռ չէր վերադարձել Մ. Նահանգներից, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա՝ ապրիլյան 4-օրյա պատերազմը:

Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնում առաջին այցը տվել է հենց Մ. Նահանգներ: Դա տեղի ունեցավ նրա երդմնակալությունից երեք օր անց՝ 1991-ի նոյեմբերի 14-ին: Տեր-Պետրոսյանին Սպիտակ տանը ընդունեց Ջորջ Բուշ Ավագը:

Տեր-Պետրոսյանի՝ Մ. Նահանգներ երկրորդ պաշտոնական այցը տեղի ունեցավ 1994-ի օգոստոսին: Սպիտակ տան օվալաձև դահլիճում նրան ընդունեց Բիլ Քլինթոնը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես երկու անգամ է ընդունելության արժանացել Սպիտակ տանը. առաջինը 1999-ի ապրիլին, երկրորդը՝ 2001-ի ապրիլին՝ Քի Վեսթից Հայաստան վերադարձի ճանապարհին:

Թաթուլ Հակոբյան