Մենք ու մեր հարեւանները. Վարդան Հարությունյան

1743

Մենք աշխարհին մեծ հաշվով թշնամաբար չենք նայում: Չնայած որ շատերին ենք մեր անհաջողությունների մեջ մեղադրում: Հավատացած ենք, որ Եվրոպան մշտապես հանդես է եկել որպես մեր շահերի դավաճան: Մենք նրան հավատացել ու վստահել ենք, իսկ նա` տարբեր լոզաններում ու բեռլիններում մեր շահերը թուրքին է վաճառել:

Բայց դա չի խանգարում, որ մենք մեզ եվրոպացի համարենք, հայտարարենք, որ եվրոպական արժեքներ ենք կրել ու կրում, կարդանք նրանց գրական գործերը եւ, որ պակաս նշանակալի չէ, մեր երեխաներին Համլետ, Լաերտ ու Օֆելյա կոչենք: Այդպես էլ հնում էր` Հռոմի եւ Բյուզանդիայի ժամանակներում: Մեզ դավաճանում էին, իսկ մենք սիրում էինք: Հնդիկների ու չինացիների մասին խոսք չկա: Նրանք հեռու, անծանոթ ու անհասկանալի են եւ մեզ կամ դեռ չեն դավաճանել կամ էլ դավաճանել են, բայց մենք այդ մասին դեռ չգիտենք ու որեւէ թշնամական զգացմունք առ այդ ժողովուրդներ չենք տածում:

Մի խոսքով մեզանից հեռու գտնվող ծանոթ ու անծանոթ աշխարհը մեզ համար ընդունելի, իսկ առանձին դեպքերում նույնիսկ սիրելի է, եւ մենք մեր սերն ու համակրանքը ցուցադրելու համար ջանք չենք խնայում:

Բայց մեր անմիջական հարեւան թուրքերի կամ, որ լրիվ անհասկանալի է, վրացիների դեպքում ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս: Մենք նրանց եւ չենք ճանաչում, եւ չենք ընդունում եւ չենք սիրում: Թուրքը մեզ համար թշնամու մարմնացում է: Հավերժական ոսոխի խտացված կերպար: Սա է նրանց մասին մեր ողջ իմացածը: Մոտ հազար տարի է, ինչ ապրում ենք թուրքերի հետ միասին: Ապրել ենք նույն երկրում, ունեցել ենք նույն հայրենիքը, նույն քաղաքների հարեւան փողոցներում կառուցել ենք մենք մեր եկեղեցիները, նրանք` իրենց մզկիթները, մեր գյուղերը, մեր գերեզմանները վերջապես եղել են իրար կողքի, բայց այդ ժողովրդի մասին ոչինչ չգիտենք: Ոչինչ, բացի նրանից, որ նրանք քոչվոր հորդաներ, բարբարոսներ ու եղերագործներ են: Չգիտենք ոչ նրանց արվեստը, ոչ գրականությունը, ոչ պատմագրությունը, որը նաեւ մեր պատմությունը կարող է լինել: Քանի՞ թուրք գրողի, ճարտարապետի կամ պատմիչի անուն կարող է տալ բարձրագույն կրթություն ստացած հայը: Հաստատ` ոչ մի: Նա կզարմանա ուղղակի նման հարցից, որովհետեւ հաստատ գիտի, որ նրանք գիր ու գրականությունից մշտապես հեռու են եղել եւ մշակույթ ու գրողներ ունենալ չեն կարող: Մեր հազարամյա հարեւանը մեր պատկերացումներում կերտվել է ոչ թե այնպիսին, ինչպիսին կա իրականում` իր դրական ու բացասական կողմերով հանդերձ, այլ այնպես, ինչպես որ մենք ենք կերտել` ելնելով 19-20-րդ դարերում ծնված մեր խիստ սուբյեկտիվ մոտեցումից ու պատկերացումներից: Արդյունքում` մեր ճանաչած թուրքը իրական թուրքի հետ կապ չունի եւ մեր նկարագրած կերպարում կամայական մեկը թուրքին հազիվ թե ճանաչի, եթե այդ մեկը հայ չԷ: Ճիշտ այդպես ենք մոտեցել ու մոտենում նաեւ ադրբեջանցիներին: Ի՞նչ գիտենք նրանց պատմությունից ու մշակույթից: Բացարձակապես ոչինչ, եթե հանենք Քյոռօղլուն, նույն երգերը երգող մեր ու նրանց աշուղներին ու խորհրդային «եղբայրության» շրջանը, երբ պարտադրված էր ծանոթ լինելը:

Անտեղյակ ենք նաեւ վրացիներից: Մի տարբերությամբ միայն` նրանց մեջ հավերժական թշնամի կամ եղերագործ չենք տեսնում, բայց խորը համակրանք էլ չունենք: Խորհրդային տարիներին, որպես քարոզվող հավերժական եղբայրության ու բարեկամության վկայություն տարբեր ժողովուրդների գրականություն թարգմանվում էր հայերեն ու այդ առիթով հայերս, փառք Աստծո, ի թիվս այլ գրականությունների, ինչ-որ չափով ծանոթացանք նաեւ վրացականին: Իսկ մինչ այդ այն մեզ համար գոյություն չունեցող մի բան էր: Վահան Տերյանն իր «Ակակի Ծերեթելին Մոսկվայում» հոդվածում դիպուկ է բնութագրում մեր այդ անտեղյակությունը: Ռուս հյուրը փորձում է Տերյանից պարզել վրացիների` Ծերեթելու հանդեպ ունեցած բուռն սիրո պատճառը. «Չգիտեմ` ասացի եւ առաջին անգամ կյանքումս ինձ շատ վատ զգացի վրացերեն չիմանալուս համար, որովհետեւ ես չգիտեի անգամ, թե ի՞նչ է գրել Ծերեթելին: Ի՞նչ կարող էի պատասխանել հարցասեր ռուսին, որը գիտեր, որ ես հայ եմ, բայց հավատացած էր, որ ես պիտի լավ ճանաչեմ վրացիներին: Եւ իրավացի էր իմ ծանոթ ռուսը` սպասելով, որ ես ավելի տեղյակ կլինեմ մեր դարավոր հարեւան մոտիկ մի ժողովրդի կյանքին ու գրականությանը: Սակայն քանի՞ հայ կարող է պարծենալ մի այդպիսի գիտությամբ»:

Սա այն դեպքում, երբ հայ գրականությունը եւ մշակույթը զարգանում էր հենց Թբիլիսիում: Մենք ապրում ու ստեղծագործում էինք Վրաստանում` մնալով անտեղյակ ու անհաղորդ վրաց գրին ու մշակույթին, որպես բացառություն ունենալով երեւի միայն Թումանյանին, որի լայնախոհությունը թույլ էր տալիս նրան նայել իր շուրջն ու իր ոտքերի տակ, նայել ու տեսնել այն, ինչ կա, այլ ոչ միայն այն, ինչ ուզում ես տեսնել: Ապրում ենք մի հնագույն ժողովրդի հետ, նրա հայրենիքում ապաստանում, հիմնում ենք մեր կրթօջախները, կազմակերպությունները, ծաղկում ու զարգանում ենք այդ երկրում, բայց հարկ չենք համարում ճանաչել նրան: Այսօր էլ անտեղյակությամբ ու չկամությամբ ենք լցված մեր հարեւան Վրաստանի նկատմամբ: Մասնակցում ենք այդ երկրի դեմ Ռուսաստանի ծավալած արշավին: Մեր` իր դարն ապրած ազգայնականությունը եւ չարոխային հայրենասիրությունն ենք փորձում տեղափոխել Ջավախք` հայի ու վրացու ցանկացած հարբած կռիվ ու պատահական վեճ հայկական մամուլում ազգամիջյան բախում ներկայացնելով եւ ջավախահայերին Վրաստանի դեմ որպես մահակ դիտարկելով: Մեզանից հեռու գտնվող ծանոթ ու անծանոթ աշխարհի հետ մեր իրական կապն անկասկած հնարավոր է միայն մեր այս երկու հարեւանների` Թուրքիայի եւ Վրաստանի միջոցով ու միջով: Այո, հենց միջով: Մեր բարեկեցիկ ապագայի, ավելի ճիշտ մեր երեխաների բարեկեցիկ ապագայի գրավականը մեր հարեւանների հետ ընդհանուր եզրեր ունենալու, իրար ճանաչելու, հարգելու ու խաղաղ գոյակցելու մեջ է: Բարեկամությունը այլընտրանք չունի: Սովորենք հազարամյա ու բազմաբնույթ հակասություններ պատմությանը թողած ու անկաշկանդ դեպի ապագա շարժվող Եվրոպայից: Այլ ճանապարհ չունենք: Բայց մեր ինքնաբավության ու անհեռատեսության պատճառով, տարված աշխարհին անպայման եղեռն ճանաչել տալու սեւեռուն գաղափարով ու պատմությունից մնացած ու վաղուց անցյալ դարձած մանր ու մեծ խնդիրներով` ինքներս փակում ենք դեպի աշխարհ տանող հնարավոր բոլոր դռները: Չենք կարողանում հասկանալ, որ պատմությունն ընդամենը վերլուծվելու ու ուսումնասիրվելու համար է, որ պատմությունից հարկավոր է միայն դասեր քաղել, նույն սխալները չկրկնելու համար, բայց պատմությամբ ապրել չի կարելի: Հակառակ դեպքում կմնաս անցյալում եւ պատմությունը կդառնա ոչ թե աստիճան, որին կարելի է հենվել առաջ գնալու համար, այլ կվերածվի ոտքերից կախված, ցանկացած առաջխաղացում կասեցնող ծանրության:

Առանց մեր հարեւաններին հարգելու, առանց նրանց ու մեր միջեւ եղած խնդիրներին նաեւ նրանց տեսանկյունից նայելու պատրաստակամության, առանց մեզ իրենց ճանաչեցնելու ու առանց նրանց ճանաչելու, առանց նրանց հետ փոխըմբռնման` աշխարհ դուրս գալ չենք կարող եւ կմնանք ահա այսպես կղզիացած, եւ ժամանակն ու իրականությունը կանցնեն մեր կողքով, ինչպես որ անցնում են այս էլ քանի տարի:

Հ. Գ. Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի այս հոդվածը ավելի վաղ՝ 2007 թվականի հունիսին, տպագրվել է ԺԱՄԱՆԱԿ թերթում, տես՝ http://zhamanak.1in.am/article/6612/